Հետաքննությունն ընդդեմ Ցուկիի


Չէ˜, խոսքի ազատություն, ժողովրդավարություն ասվածները սկսել են զայրացնել հենց դրանց մունետիկներին: Նրանց, ովքեր գրաքննության մաղով մաղող Սովետմիությունը տոտալիտար էին համարում և փութացին կազմաքանդել այն:

Մյունխենի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և Կոնցեռնի մյուս ղեկավարների նկատմամբ: Նրանց մեղադրում են ազգամիջյան թշնամանքի հրահրումը հովանավորելու մեջ:

Ընդգծվում է, որ այդ գործը քննվում է վյուրցբուրգցի փաստաբանի նախաձեռնությամբ: Վերջինս իր հայցում նշել է, որ սոցիալական կայքի ղեկավարությունը չի պայքարում սպանության կոչերի, բռնության սպառնալիքների և Հոլոքոստը հերքող հրապարակումները տարածելու դեմ: Փաստաբանն օրինակներ է բերել, երբ Ընկերությունը համացանցից չի հեռացրել օրենսդրությունը ոտնահարող գրառումները:

«Շպիգել Օնլայն պարբերականը նաև հիշեցրել է, որ Համբուրգի փաստաբանական գրասենյակը նույնպես նախկինում ներկայացրել էր նմանատիպ հայց:

Ի՞նչ է ստացվում. ազատ խոսքի ջատագով եվրոպացիները հիմա էլ գրաքննությո՞ւն են պահանջում: Բայց Ցուկերբերգը «Ֆեյսբուքի» խմբագիրը չէ, ոչ էլ մանավանդ` գրաքննիչը:

Իսկ հետո էլ գրառումների հեղինակները դատարաններ չե՞ն դիմի` իրենց խոսքի ազատությունը սահմանափակելու կամ արգելելու համար: