Ժողովրդավարական դաշինք`

հանուն խորհրդարանական Հայաստանի


ՀՀ քաղաքական դաշտում արդեն զգացվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների շունչը: Խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու համար ընդդիմադիր դաշտը հարկադրված է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և մնացած մի քանի ամիսներն օգտագործել, որպեսզի քաղաքացիների վստահությունը շահի: 15-16 տարի առաջ պետություններից մեկի ղեկավարն իր հեռուստաելույթում ընդդիմությունը համեմատեց օրգանիզմում առկա ցավի հետ, որը ճշգրիտ մատնացույց է անում հիվանդ օրգանը և հուշում, թե բուժումն ինչ ուղղությամբ պետք է տանել: Բայց հայտնի է, որ երբ «ցավն» իր դերը չի կատարում կամ սխալ տեղեկություն է հաղորդում այդ օրգանիզմին, ցավոք, քաղցկեղն է պատուհասում: Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանում արժանավոր ընդդիմություն ունենալը բոլորիս շահերից է բխում:

Վերջին օրերին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն տարածեց նաև Ազգային Ինքնորոշում Միավորումը: Հայաստանի ընդդիմադիր դաշտի և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվող հնարավոր դաշինքների մասին զրուցում ենք ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

- Որպես անկախ Հայաստանի քաղաքական դաշտի սկզբնավորման ակունքներում կանգնած գործիչ` ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի Հանրապետութ յունում այսօր գործող ընդդիմությունը:

- Հայաստանի առջև ծառացած հարցը, ճիշտ է, առաջին հերթին պետք է ընդդիմադիր ուժերին հուզի և մտահոգի, սակայն դրա բնույթն այնպիսին է, որ միայն առանձին ուժերի չի վերաբերում, այլ բոլորիս: Բայց այստեղ ժողովրդավարությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ երկիրը ժողովրդավարական դարձնելու մասին պետք է ավելի շատ իշխանավորները մտածեին, քան ուրիշ որևէ մեկը, որովհետև դա իրենց պարտականությունն է: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին` պատկերը նույնն է, քանի որ այդ երկուսը պետք է իրար անդրադարձը լինեն:

Տպավորությունն այնպիսին է, թե չմիավորվող ընդդիմությունը միայն սեփական հավակնություններն է ուզում բավարարել` ակամա ավելի տեսանելի դարձնելով իշխանության միասնականությունը:

- Պարտադիր չէ, որ ընդդիմադիր դաշտը միասնաբար հանդես գա, իսկ իշխանությունը միասնական է լինում, որովհետև մեկն է: Ընդդիմադիրները կարող են տարբեր լինել: Օրինակ, մենք ընդդիմադիր ենք, բայց դրանով հանդերձ` մյուս ընդդիմադիրների հետ հասկանում ենք, թե որ հարցերում կարող ենք ընդհանուր հայտարարի գալ: Եթե մենք բոլորս լինեինք մեկ ընդդիմադիր, մենք ժողովրդավարական ընդդիմություն չէինք լինի: Ընդդիմությունը պիտի լինի տարանջատված կամ նույնիսկ պառակտված, բայց մինչև այն պահը, երբ ասպարեզում շատ լուրջ հարցեր կան: Իսկ այդպիսի հարց Հայաստանում կա` դա ընտրակարգն է: Այն արդեն խեղվել է: Նախ` ժողովրդավա րությունն է կրճատվել առնվազն երկու անգամ: Առանձին խոսակցության նյութ է Սահմանադրությունը, այնտեղ մեծ խախտում է կատարվել: Նշվում է` Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, նաև` ձևավորվում է համամասնական ընտրությամբ: Ամբողջ աշխարհում դա նշանակում է, որ ընտրություններից հետո խորհրդարանը քաղաքացիների մեջ քաղաքական ուժերի նկատմամբ եղած վերաբերմունքը ներկայացնելու է համամասնականորեն: Բայց ի՞նչ է կատարվում. ընտրության երկրորդ փուլ է նախատեսված, որտեղ ժողովրդի մեջ 35 և 30 տոկոս ձայն ունեցողները դարձյալ քվեարկության են դրվելու, և նրանք հետագայում խորհրդարանում ունենալու են ձայների ոչ թե 30 և 35 տոկոսը, այլ 45 կամ 50 տոկոսը: Այսինքն խախտվում է հենց Սահմանադրության մեջ նշված` ներկայացուցչական համամասնական մարմին գաղափարը:

- Դուք արդեն հայտարարել եք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԻՄ-ը մասնակցելու է:

- Մենք ասում ենք, որ ընտրության մասնակցելը ցանկացած կուսակցության պարտականությունն է, բայց դա պետք է իսկական ընտրության լինի: Քանի որ Հայաստանում ընտրություն չի լինելու, ուրեմն մենք մասնակցելու ենք ընտրություն կոչված միջոցառմանը` Հայաստանում ինչ-որ բան փոխելու նպատակով: Այդպիսի միջոցառ մանը մասնակցելն իմաստ ունի միայն լայն, ընդգրկուն, համաժողովրդական դաշինքով, որի առաջարկով էլ մենք հանդես ենք եկել ու հիմա էլ հանդես ենք գալիս:

Ինչպիսի՞ դաշինք եք մտադիր ստեղծել և ի՞նչ ուժեր եք փորձում միավորել:

- Ինչպես ցույց տվեցին Վանաձորի և Գյումրու ընտրությունները` Հայաստանի քաղաքացիներին նոր փորձություններ են սպասում: ԱԻՄ-ի պատկերացմամբ` Հայաստանում հարցերի հարցը եղել և մնում է իշխանությունը նրա օրինական տիրոջը` ժողովրդին հանձնելը: Ստեղծված խոչընդոտների պայմաններում միակ ելքը ժողովրդա վարությունն անբեկանելի արժեք համարող ուժերը և քաղաքացիներին համախմբելն է: ԱԻՄ-ը, չբացառելով այլ առաջարկների քննարկումը, Ժողովրդավարական դաշինքի ստեղծումը համարում է իրավիճակը բարեփոխելու ամենակարճ, ամենաարդյունավետ, իսկապես մեզնից ու միայն մեզնից կախված ճանապարհը: Այս պահի կարևորագույն, անգամ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրը մեկն է` Հայաստանի բոլոր արդարամիտ, ազատ մտածող քաղաքացիներին միավորելով` ստանալ խորհրդարա նական մեծամասնություն: Այդ նպատակի իրականացման համար պետք է մինչև ընտրության օրը հանրությանն ընկալելի դարձնել ձևավորված առավելությունը և այն հենարան դարձնել համեմատաբար արդար ընտրությունների համար: Գլխավոր խնդիրը քաղաքացիների համար քաղաքական` պետութենական, գործունեությամբ զբաղվելու միջավայր ապահովելն է: Սա ընդհանրական է բոլորի` թե´ աջերի, թե´ ձախերի, թե´ ազատականների համար: Եղել են դեպքեր, երբ ԱԻՄ-ը տարբեր պատճառներով չի մասնակցել վիճահարույց ընտրություններին, բայց հիմնական պատճառը եղել է այն, որ ժողովրդավարական դաշինք ձևավորելու ԱԻՄ-ի ճիգերը հաջողությամբ չեն պսակվել: Փոքր դաշինքներով կամ միայնակ գնացածները լավագույն դեպքում ընդամենը մի քանի պատգամավոր են ձեռք բերել: Քանի որ ԱԻՄ-ի անցած ճանապարհը դարձել է հանրության սեփականությունը, դա մեզ պարտավորեցնում է բոլորին կոչ անել` ժամանակավորապես մոռանալ ամեն տեսակի տարաձայնություններ ու խնդիրներ, որովհետև ունենք այդ ամենը անէացնող մի կարևորագույն նպատակ` փրկել մեր տունը, մեր երկիրը: Ուրախալի է, որ այլ ուժեր նույնպես հրապարակավ խոսում են անցյալում եղած ամեն բացասական բան մոռանալու և միասնաբար հանդես գալու մասին: Այս ընտրությունները կարելի է ազգային ազատագրական պայքարին հավասարազոր բացառիկ միջոցառում դարձնել: Դրա համար առաջարկվում է ընդգրկուն նպատակ-գաղափար-կարգախոսը` Ժողովրդավարական դաշինքը:

Ոչ մեկից չի պահանջվում կյանքի ու մահվան կռվի մեջ մտնել: Պարզապես նպատակաուղղված աշխատանք է հարկավոր: Բոլորս էլ գիտենք, որ 2017 թ. ընտրութ յունները նախորդներից ոչ մի բանով չեն տարբերվելու, բայց նաև գիտենք, որ բոլոր քաղաքացիները մեկ բռունցք են դառնում հատկապես ազգային-ազատագրական պայքարի փուլում... Ո´չ մենք, ո´չ էլ որևէ այլ ուժ առանձին ոչինչ փոխել չի կարող, սակայն եթե հանուն քաղաքացիներին պատկանող ժողովրդավարական Հայաստանի` միավորվեն սկզբունք ու նվիրում ունեցող նույնիսկ փոքրաթիվ ուժեր, ամեն ինչ կարող են: Մենք սպասում ենք արձագանքի և հրավերի:

- Ինչպե՞ս կբնորոշեք ընդհանրապես ընդդիմադիր դաշտի էությունն ու նաև այն, թե ինչպե՞ս է լինում, որ Հայաստանի ընդդիմությանը չի հաջողվում իր առաքելությունը կատարել:

- Ոչ միայն ընդդիմադիր դաշտի պարագայում է այդպես: Մեր հասարակությունը երևույթները գնահատում է նաև իր մակարդակով: Մեր այդ միավորման խնդիրը պետք է լինի այն, որ բոլորը տեսնեն ու հասկանան, որ հարցերի մեջ կա կարևորագույն հարց` մարդու իրավունքը: Մենք մեր պահվածքով, տարբեր հարցեր անտեսելով և միայն դրա մասին խոսելով` մարդկանց մակարդակը պետք է բարձրացնենք: Մարդկանց մակարդակի բարձրացումից հետո արդեն նրանք ըստ իրենց նոր մակարդակի պիտի պահանջ ներկայացնեն և ցանկացած հարցի նայեն այդպես. որքանո՞վ է դա բխում իմ իրավունքներից, որքանո՞վ է ընդլայնում իմ իրավունքները: Պետք է հասցնենք այնպիսի մակարդակի, որ երբ մարդուն բերեն տան 5000 դրամ, ինքը ասի` լսի´ր, այս մարդկանց հաջողության դեպքում ես գազի դիմաց ամեն ամիս 5000 պակաս եմ վճարելու: 10000 տան, պիտի ասի` էլեկտրականությունն էլ հետը` ես ամեն ամիս 10000 պակաս եմ վճարելու: Ավելի լավ է` ես նրանց ընտրեմ, և վիճակն օրինականորեն փոխվի, քան վաճառվեմ:

- Բայց չէ՞ որ դրա համար քաղաքացիները պետք է տվյալ քաղաքական ուժի նկատմամբ վստահություն ունենան:

- Վստահությունն այստեղ այսպես է` շարքային քաղաքացին որոշ բաներ գիտականորեն հասկանալու հարցում ժամանակի և համբերության կարիք ունի: Բայց երբ տեսնում է միասնություն, այն էլ` իրարամերժ ուժերի միասնություն, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հասկանում է, որ այս խնդիրը կա, քանի որ դրա առանցքում իրենց` քաղաքացիների շահն է: Նա տեսնում է, որ եթե քաղաքացիների շահն անտեսվի, միասնությունը կփլվի, և այդ դեպքում նրանք այդ միասնության հանդեպ հավատ ձեռք կբերեն: Գումարած այն, որ մենք միասնական ենք, որպեսզի խորհրդարանում միասնաբար մեծամասնություն ձեռք բերենք: Հետո կարող ենք նաև տարաձայնություններ ունենալ: Ընդհուպ` ես չեմ բացառում, որ մեր միասնական դաշինքը մտնի խորհրդարան, բայց հետո խորհրդարանում մի մասը միանա իշխանակիրների հետ, որպեսզի մեծամասնություն կազմի: Դրա համար մենք պետք է փորձառու մարդկանց օգտագործենք, պետք է սկզբից նաև ստվերային կառավարություն ձևավորվի: Որպեսզի այսօրվա իշխանակիրները կառավարության մեջ աթոռներ ստանալու հնարավորությամբ դաշինքը չպառակտեն:

- Քանի որ աշխատանքներն սկսել եք, ուրեմն հեռանկարը տեսնո՞ւմ եք:

- Ոչ, բայց այլընտրանք չունենք:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ