Հոբելյանական թատերաշրջան Դրամատիկում


Յուրատեսակ բերքահավաքի տարի դարձավ 2008¬ը Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի համար£ Թատրոնի ծննդյան 40¬ և նրա հիմնադրի 85-ամյակների անանջատ թատերաշուք նշանավորմամբ ոչ միայն վերստին կարևորվեց հընթացս մեծարված 10 նվիրյալների բեմական վաստակը. այլև հետահայաց ամբողջացմամբ արժանիորեն վերահաստատվեց ձեռք բերած բարձր համարումը արդի հայ թատերարվեստում£ Տոնակատարության նախօրեին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանի հեղինակած «Երևանի դրամատիկական թատրոն» ծանրակշիռ ուսումնասիրության լույս ընծայմամբ, ասես, ի մի բերվեց նախորդ հինգ մենագրություններով շտրիխ առ շտրիխ ուրվագծվող թատրոնի ընդհանուր դիմանկարը£ Վաստակաշատ նվիրյալներին` Հայկուհի Խուդավերդյանին և Կարպիս Շամլյանին պատվավոր կոչումների արտահերթ շնորհմամբ ամրապնդվեց պետական ապրեցնող աջակցության հույսը£ Եվ մեծն Ղափլանյանի մահվան քսաներորդ տարեդարձին նախապես իրենց հարգանքի տուրքը մատուցած ներկա դրամատիկցիները` ՀՀ ժողովրդական արտիստներ Արմեն Խանդիկյանի և Արթուր Ութմազյանի զուգազրույցով հանդիսականներին վերապատմեցին թատրոնի չորստասնամյա կենսագրությունը£ «1969¬ին Հայոց այգիներն ի¯նչ պտուղ տվին...» Իմ սիրելի թատրոններից մեկի հոբելյանախոհերումս անսպասելի արտահայտչականություն ստացավ ծննդյան տարեթիվը` 1969¬ը: Անխուսափելի անհրաժեշտությունը հիմնավորվել էր 65¬ից սկսած, երբ ՀԹԳՄ նորընտիր նախագահ Հրաչյա Ղափլանյանը և մեր ռուսական թատրոնի նորանշանակ գլխավոր բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայ բեմարվեստին արդիաշունչ ստեղծագործական ներարկումներ հաղորդելու համարձակ ու համառ նպատակասլացությամբ մեզանում արմատավորում էին ստուդիական շարժումը£ Հանկարծ մտաբերեցի «Անլռելի զանգակատան» առաջին տողերը£ Եվ խորին խորհուրդ տեսա մեր Թումանյանի ու Կոմիտասի անգերազանցելի հանճարի ժառանգների մի նոր սերնդի` Սևակ, Մաթևոսյան, Ղափլանյան… ծլարձակմամբ նշանավորվող մշակութային վերածննդի տաղանդաշատ հայտնության մեջ£ Ճիշտ հարյուր տարի հետո…Խրուշչովյան «ձնհա՞լն» էր պատճառը, որ հնարավորություն էր ընձեռել անմիջականորեն պարզելու խորհրդային հզոր գաղափարական հիմքերի փլուզմանը հանգեցրած նորարարական իմաստաոճային դրսևորումները համաշխարհային մշակութային դաշտում£ Երևի£ Նոր արտահայտչամիջոցների անդուլ որոնումներն ու հարաճուն կուտակում ների բավարարություն փնտրող պահանջմունքը շուտով պոռթկաց արվեստի տարբեր ոլորտներում£ Հենց այդ հասունացած պոռթկման խոսուն նշաններից էր իր նախաձեռնած ՀԹԳՄ ստուդիայի ու գրիգորյանական «Արշալույս»¬ի ինքնօրինակ համատեղմամբ նորագույն հայ թատրոնի տարեգրության մեջ Հրաչյա Ղափլանյանի տոկուն թատերապաշ տությամբ բացված նոր էջը` Երևանի դրամատիկական թատրոնի կազմավորումը£ Համաժողովրդական պաշտամունքի առարկա դարձած Մայր թատրոնի աստեղային շլափայլի տարիներին խենթուխելառ երիտասարդ արվեստագետների թատերանպաստ համախոհությամբ նոր դրամատիկական թատրոն ծնվեց£ Նախակարապետի հարուստ փորձառութ յամբ և 20-ամյա սերունդ աճեցնող տքնանքով հաստատուն տեղ գրավեց ժամանակի մշակութային կյանքում£ Բեմական պայմանական¬այլաբանական ինքնահնար լուծումներով, դերասանական թեթևասահ, երբեմն գրոտեսկային սրության հասնող խաղաոճով ներկայացումից ներկայացում հարստացնելով բեմադրական ու դերասանական արվեստի գոյություն ունեցող ավանդույթները` հստակցրեց ուրույն դիմագիծը ու ակնածալի ճանաչման հասցրեց Հայաստանի սահմաններից դուրս£ «Ապրել այնպես, որ...» Կարծրատիպերի տասնամյակներով ամրապնդված ժայռեղեն պարիսպները ճեղքել-անցնելը անասելի դժվար է հասարակական ամեն տեսակ կացութաձևերի կուռ շրջանակներում: Մարդկության պատմության ցանկացած ժամանակահատվածում: Հատկապես` հոգևոր-մշակութային ասպարեզում: Եվ, բնական է, տատասկոտ պիտի լիներ նորաստեղծ թատրոնի սկզբնուղին: Պատանի հանդիսատեսի և Օպերային թատրոններում կազմակերպչական ունակությունները կռած, 60 անուն դերացանկով, դրամատուրգիական շնորհառատ գործունեությամբ, բեմարվեստի համակողմանի խորիմացությամբ ակնառու բազմատաղանդ բեմադրիչը Դանկոյի նման կարողանում է դեպի ստեղծագործական կայուն հանգրվան առաջնորդել իրեն ապավինած երիտասարդ արվեստագետներին, բյուրեղանալու և հանրաճանաչվելու ռեալ լծակներ ապահովել հիմնադիր կազմին: Է. Վարդանյանին, Լ. Թուխիկյանին, Ի. Ղարիբյանին, Գ. Մանուկյանին, Կ. Երիցյանին, Վ. Մսրյանին, Ժ. Մսրյանին, Ա. Թոփչյանին, Ջ. Կարագյոզյանին, Հ. Խուդավերդյանին, Էվ. Շահինյանին… Իրարահաջորդ բեմադրություններով` «Լավատեսական ողբերգություն», «Աննա Ֆրանկի օրագիրը», «Գիշերային պատմություն», «Անուշ», «Աստվածային կատակերգություն», «Սեր և ծիծաղ», «Հալածված առաքյալը», «Մեդեա»… նպաստել վառ անհատականացմանը` ուրույն թատերաձեռագրի կայացմանը զուգընթաց: Առաջին անգամ հայոց բեմ բարձրացան Անույը, Օլբին, Դյուրենմաթը, Իոնեսկոն, Սայմոնը… ավանդապաշտ երկրում համառորեն մերժված անուններ: Ռեժիսորական հաջող փորձեր անող դերասանների մեջ համբերատար իրավահաջորդ էր փնտրում: Եվ գտավ Արմեն Խանդիկյանին, ում բեմադրական կարողությունները ինքնահատուկ սրատեսությամբ նկատել էր առաջին իսկ աշխատանքից (Ժ. Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի», 1972): Աննահանջ երկրորդ 20-ամյակը 1988-ը ճակատագրական, հեղաբեկումային եղավ բոլորիս համար: Արմեն Խանդիկյանի ստեղծագործական տարեգրության մեջ` առանձնակի: «Անվերջ վերադարձ» թատերաֆանտազիայի (ըստ Պարույր Սևակի) բեմադրությամբ նա վստահություն ներշնչեց իր Ուսուցչին: Դառնալով թատրոնի գեղագիտական ջահակիրը` առաջնորդեց դեպի նոր բարձունքներ: Յուրաքանչյուր նոր բեմադրություն տեղիք էր տալիս հախուռն, իրարամերժ քննարկումների: Էնտուզիաստների ջանասեր համերաշխությամբ ճշգրտվում ու հղկվում էին տեղայնացման նեղլիկ շրջօղակից դուրս հորդող նոր արտահայտչամիջոցներ: Խաղացանկային որդեգրած քաղաքականությունը կարևոր բազմազանություն էր շարունակում ապահովել թատերական առօրյայում: Հանդիսատեսի հետ մտերմիկ երկխոսությունը խորացվում էր դասական ու ժամանակակից հայ և համաշխարհային դրամատուրգիական երկերի յուրահայաց մեկնաբանություններով: «Ավտոբուս», «Մոռանալ Հերոստրատին», «Պաղտասար աղբար», «Հուլիոս Կեսար», «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ»… Միջազգային ձեռք բերած ճանաչումը խնամքով պահպանվում է: Ա. Անանյանի, Ա. Սահակյանի, Հ. Հարությունյանի, Գ. Մանուկյանի, Ա. Բարսեղյանի, Լ. Թուխիկյանի, Վ. Չալդրանյանի բեմադրությունները հիմնականում հարազատ են մնում Դրամատիկի նորաոճ գեղագիտական հավատամքին: Իր Ուսուցչի նման Խանդիկյանն էլ իրավահաջորդ է որոնում` խնամքով զարգացնելով ամենաուշիմ սանի` Գրիգոր Խաչատրյանի բեմադրական կարողությունները: Ավագ և միջին սերնդի դերասաններին իրենց թատերապաշտ նվիրումով չեն զիջում երիտասարդները` Լ. Ղամբարյանը, Վ. Գալստյանը, Հ. Թեքգյոզյանը, Ա. Սարգսյանը, Ն. Պետրոսյանը, Ա. Մխիթարյանը, Ն. Շահիրյանը, Է. Սարգսյանը, Լ. Հարությունյանը… բոլորը: Արդեն 20 տարի աննահանջ առաջնորդելով դրամատիկցիների ստեղծագործությունը` Խանդիկյանը կարողանում է խիստ կանոնակարգված աշխատաոճով կանգուն պահել իր Ուսուցչի հիմնադրած թատերական օջախը, ստեղծագործական կազմի ընտանեկանին մերձ համախմբությամբ հաղթահարել հակամշակութային դժվարանցանելի խութերը: Ուրեմն, սերունդների հոգևոր պահանջմունքի կարևոր մշտակայուն բաղկացուցիչներից մեկը դարձած այս թատրոնը դեռ երկար կապրի` հուրախություն անդավաճան հանդիսատեսի և ի նպաստ համազգային մշակութային վերընթացի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ