Հիտլերը վախճանվել է... 1964 թ., Արգենտինայում


Հիտլերի ինքնասպանությունը, թվում էր` իրականություն և այդ առիթով այլ վարկածներ կարծես չեն հնչել: Արգենտինացի 50-ամյա փաստավավերագրող Աբել Բաստին, սակայն, հատուկ ծառայությունների արխիվներից ձեռք բերած իրական փաստաթղթերով ու լուսանկարներով հիմնավորում է, որ 1945 թ. ապրիլի 30-ին ժամը 16.30-ին (այսինքն` նրա ենթադրյալ ինքնաոչնչացումից մեկ ժամ անց) ֆյուրերին տեսել են իր անձնական Ju-52 ինքնաթիռի մոտ: Իսկ դրանից առաջ` ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում, նրա վստահելի մարդկանց ավիափոխադրամիջոցը գիշերները վայրէջք է կատարել Ունտեռ-դե-Լինդեն պողոտայում, որտեղ պահպանվել էր փողոցային լուսավորությունը: Օրինակ, ռայխնախարար Շպեեռը «ֆյուրերբունկերից» (ժամանակավոր թաքստոց-կացարանից) հեռացել է ապրիլի 20-ին և 3 օր անց հանգիստ վերադարձել է «Ֆիզելեր-Շտորխ» ինքնաթիռով: Ասել է թե` դաշնակիցների հակաօդային պաշտպանությունը նրան չի խանգարել: Իսկ ապրիլի 25-ին նույն թաքստոց-կացարանում հրավիրված գաղտնի խորհրդակցությունում քննարկվել է Հիտլերի տարհանման խնդիրը: Այդ հավաքին մասնակցել են կին-օդաչու Հաննա Ռայչը, փոխարինող օդաչու Հանս Ուլրիխ Ռուդելը և Հիտլերի անձնական օդաչու Հանս Բաուռը: Երրորդ ռեյխի ավերված մայրաքաղաքից Ֆյուրերի գաղտնի տարհանման ծրագիրն իրականցվել է «Օպերացիա Ապարանք» ծածկագրով… Այս և նման բազմաթիվ այլ մանրամասներով հագեցած «Նացիստները Բարիլոչայում» գիրքը` տպագրված 2004 թ., միջազգային ճանաչում էր բերել հեղինակին: Սակայն դրան հաջորդած` «Հիտլերն Արգենտինայում» մենագրությունը, անակնկալ ճայթյունի էր նման, որն ասես պատմության վարագույրը պատռեց: Խորաքնին ուսումնասիրություն ների արդյունքները, տասնյակ ականատեսների հետ հարցազրույցները հրապարակելով` Աբել Բաստին ձգտում է հիմնավորել, որ Հիտլերը կարող էր թաքնվել Հարավային Ամերիկայում` այնտեղ ապրելով մինչ ծերություն: Թե փաստավավերագրողին որքանով է հաջողվել ապացուցել դա` կարելի է դատել նաև նրա առանձին պնդումներից, որոնք ներկայացրել է ռուսական մամուլում: Ի դեպ, Ֆյուրերի` հայտնաբերված ծնոտի կտորտանքը, որը պահպանվել է Մոսկվայի հատուկ ծառայության արխիվում, չի հետազոտվել: Եվ արգենտինացի գրողը հիմա դիմում է Ռուսաստանի իշխանություններին` իրեն հնարավորություն ընձեռել ԴՆԹ հետազոտության ենթարկել այդ «մասունքը» ու նաև այդ կերպ հիմնավորել իր համոզմունքը: *** Անդրադառնանք, սակայն, 1945-ի ապրիլվերջյան իրադարձություններին: - Երկու օրից (ապրիլի 27-ին- խմբ.) Բեռլին են ժամանել 5 «Շտորխ» ինքնաթիռներ` յուրաքանչյուրը 10 ուղևորի տեղաքանակով: Ապրիլի 28-ին ժամանել է նաև նույն այն Ju-52-ը, որը վարել է օդաչու Բոսսերը: Դա պաշտոնապես հաստատել է դաշնակիցների հետախուզությունը: Մեկ օր անց գեներալ Ադոլֆ Հալլանդի հրամանով անսպասելիորեն Ռեյխի մայրաքաղաքի երկինք են բարձրացել Գերմանիայի ռազմաօդային վերջին ուժերը` 100 Me-262 ռեակտիվ կործանիչներ: Դրանք պատսպարել էին Հաննա Ռայչի ինքնաթիռը, որին հաջողվում է խույս տալ խորհրդային զենիթահարների կրակահերթերից և հեռանալ Բեռլինից: Դա, փաստորեն, փորձնական թռիչք էր, որի իրական լինելը պատմաբաններից որևէ մեկը չի վիճարկում: Հաջորդ օրն արդեն տիկին Ռայչի փորձարկած սցենարով, Բեռլինից հեռացել է և Ադոլֆ Հիտլերը` ուղղվելով դեպի Իսպանիա, որտեղից էլ ամռան վերջին սուզանավը հասել է Արգենտինա: Նրան ուղեկցել են Եվա Բրաունը, Մյուլլերը և Բորմանը,- պատմել է Ա. Բաստին: Գրքում արձանագրված է, որ Հիտլերն ու Եվա Բրաունը իրենց ընդարձակ շքախմբի և պահակախմբի հետ միասին Արգենտինա են հասել երեք սուզանավերով, որոնք հետագայում ոչնչացվել են ծովախորշում. ինչո՞վ է հիմնավորում հեղինակն իր այս վարկածը: - Ես ծանոթ եմ այն վկաների ցուցմունքներին, ովքեր պատերազմից հետո Կալետա-դե-լոս-Լորոս փոքրիկ ծովախորշում տեսել են ֆաշիզմի կեռախաչը կրող 3 սուզանավերը: Դուք կարո°ղ եք ասել, որ Արգենտինան 1945-ի մարտի 27-ից Գերմանիայի հետ ձևական պատերազմական իրավիճակում էր գտնվում, և հայտնաբերված հետքերը գուցե նաև անցյալ ծովամարտերի՞ց են մնացել: Սակայն Արգենտինայի պաշտպանության նախարարության արխիվներում որևէ խոսք անգամ չկա գերմանական ինչ-որ սուզանավերի խորտակման վերաբերյալ: Այդ դեպքում` որտեղի՞ց հայտնվեցին խորտակված այդ նավերը ծովի հատակում: Ես հարցում եմ ներկայացրել` որ սուզանավերին անհրաժեշտ է դուրս բերել ծովի հատակից և մանրակրկիտ հետազոտել: Պատերազմից հետո մի քանի անգամ Արգենտինա հասել են գերմանական սուզանավեր: Օրինակ` U-977-ը այս երկիր է եկել 1945 թ. օգոստոսի 17-ին. ենթադրվում է, որ դրա հրամանատար Հայնց Շեֆֆերը դրանով տեղափոխել է Երրորդ Ռեյխի ոսկին և մյուս արժեքները: Հիտլերի փախուստը հիմնավորող այլ փաստաթղթեր ևս հրապարակել է Աբել Բաստին: Ֆյուրերի մահվան մասին տարածված պաշտոնական վարկածը հերքվում է ոչ միայն 1945 թ. նոյեմբերի 13-ին ամերիկյան գործակալի կազմած գործով, այլև հետախուզական արխիվի` արդեն գաղտնազերծված թիվ 65-53615 գործով, ինչպես նաև հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերով: - Դժբախտաբար ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ռուսաստանը մինչ այժմ ամբողջությամբ չեն գաղտնազերծել այս թեմայի վերաբերող բոլոր նյութերը: Օրինակ` առկա են Իոսիֆ Ստալինի 3 զրույցների ձայնագրությունների սղագրությունները (դրանցից մեկը ԱՄՆ-ի պետքարտուղար Բիրնսի հետ է): Այդ զրույցներում ԽՍՀՄ ղեկավարը բացահայտ ասում է, որ Ֆյուրերին հաջողվել է թաքցնել: …Պահպանվել է նաև նացիստական գեներալ Զեյդլիցի նամակը (1956 թվական), որով նա տեղեկացնում է, որ պատրաստվում է Արգենտինայում ներկա գտնվել Հիտլերի և խորվաթական «ֆյուրեր» Պավելիչի հանդիպմանը: Մի խոսքով` փաստավավերագրողն ամենայն վստահությամբ արձանագրում է, որ Ադոլֆ Հիտլերը վախճանվել է Արգենտինայում` պատերազմից 19 տարի հետո: