Արդյո՞ք Օբամային էլ կպատուհասի Քենեդիի ճակատագիրը


Շատ վերլուծաբաններ համառորեն շարունակում են խորացնել Ջոն Քենեդի և Բարաք Օբամա նախագահների նմանության «թեման»: Եվ ընդհանրապես, չգիտես ինչու` Նահանգների 44-րդ նախագահի հետագայի մասին հնչող վարկած-ենթադրություններն ավելի շատ անուրախ են, թեև նրա անձի հանդեպ առայժմ դրական վերաբերմունքն է գերիշխող: Ամերիկյան ժողովուրդն, իսկապես, պաշտամունքի հասնող սեր է տածել Քենեդու հանդեպ. այսօր էլ, ինչպես ասում են` ձեռքերի վրա է տանում Օբամային: Բնականաբար` նման անհատների դեմ թշնամացողներն էլ քիչ չեն լինում: Հանուրի բարեկեցությանը նպաստող լայնամասշտաբ բարեփոխումները, ինչ խոսք, չեն կարող չհարվածել արդեն ձևավորված վերնախավի շահերին, չեն կարող չխաթարել կարծրատիպերը: Ուերմն` այս շրջանակներում կգտնվեն նաև այնպիսիք, որ կնախընտրեն վերացնել «երիտասարդին, ով իրենց համար դժվարություններ է ստեղծում»: Առավել ևս` եթե նա յուրային չէ: Ամերիկյան շուրջ 200-ամյա պատմության ընթացքում Քենեդին առաջին կաթոլիկ նախագահն էր, Օբաման` առաջին սևամորթ առաջնորդն է: Ճիշտ 45 տարի առաջ` 1963 թ. նոյեմբերի 22-ին, Տեխասի Դալլաս քաղաքում հրազենի զոհ դարձավ երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող նախագահը` Ջոն Ֆիցջերալդ Քենեդին: Ու հիմա չարագուշակ մտահոգություն է հայտնվում` կարո՞ղ է հանկարծ նրա ողբերգական ճակատագիրը պատուհասել Բարաքին: Ամերիկյան շատ հետազոտողներ դա հնարավոր համարում են: Եվ ոչ այն պատճառով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կանխվել է նրա հետ հաշվեհարդարի շուրջ 10 փորձ: Ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Քենեդիի մահը և մահափորձն Օբամայի դեմ. - Ես դավադրությունների չեմ հավատում, բայց Օբաման պետք է զգուշանա,- կարծիք է հայտնել ՌԴ ԳԱ միջազգային հետազոտությունների կենտրոնի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Անատոլի Ուտկինը և հավելել. - ԱՄՆ-ում արդեն 3 նախագահներ են սպանել, և նրանց համար դա ինչ-որ նորություն չէ: Իսկ այս դեպքում արդեն ընտրարշավի ընթացքում նման փորձեր եղել են: Եվ սևամորթ նախագահին սպառնացող վտանգը կրկնակի է: Չէ՞ որ առաջին փորձերն արդեն բացահայտված են: Մահափորձն, ըստ էության, ծրագրել էին ավագ դպրոցականները և հատկապես ռասսայական հողի վրա: Ես չեմ հավատում, որ նրա դեմ մահափորձ կկազմակերպեն լուրջ կառույցները: Շատ դժվար է գաղտնի պահել նման դավադրությունները: Կարևորագույն անձանց պաշտպանությունն իրականացնող` ՊԱԿ-ի 9-րդ վարչության նախկին աշխատակից Ալեքսանդր Թորոսովը նույնպես զգուշության է կոչում. - ԱՄՆ ղեկավարության և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության աշխատակիցները, կարծում եմ` ստիպված կլինեն լավ քրտնել` տարբեր տհաճություններից Օբամային պաշտպանելու համար: Խնդիրը սոսկ ահաբեկչության աճող սպառնալիքը չէ, այլ նաև երկրում ահագնացող ռասիստական տրամադրությունները: Ու ինչ-որ սուբյեկտի հոգեբանական անհատական շարժառիթները կարող են սադրել վատ նախապատրաստված, մակերեսային, բայց այնուամենայնիվ անսպասելի հարձակում: Իսկ երբ չգիտես, թե որտեղից սպասես հարվածը, հեշտ չէ դրան դիմակայել: Այո, Բարաք Օբաման ու իր ընտանիքն արդեն 20 ամիս ուժեղացված հսկողության ներքո են: Հիմա նաև նորացվում ու կատարելագործվում է 44-րդ նախագահի անվտանգության համակարգը: Միաժամանակ փոխվել են թիկնապահների ընտրության և պատրաստման չափանիշները: Եվ օրինաչափ է, որ Օբաման վստահելի մարդու պետք է նշանակի Սպիտակ տան անվտանգության ղեկավարի պաշտոնում: Այս ամենը ևս, լրացուցիչ բարդություններից զատ, նաև վտանգավոր կարող են լինել: Ըստ Թորոսովի` - Կարելի է կանխատեսել ներքին խժդժություններ` նախագահի օրվա կարգուկանոնի, նրա տեղափոխի երթուղիներում, զանգվածային միջոցառումներին նրա մասնակցութ յան առնչությամբ: Հատկապես այդ ընթացքում նա կարող է ավելի խոցելի լինել: ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ * Կուբայի առնչությամբ իրավիճակի սրացումից հետո ՔԵՆԵԴԻՆ կարգադրել էր հսկողություն սահմանել ԱՄՆ-ի ֆեդերալ պահուստային համակարգի (ինչպես, ասենք` մեզանում Կենտրոնական բանկն է) վարչախմբի շատ գործառույթների վրա: Սպիտակ տունն այն ժամանակ վերահսկում էր բոլոր տեսակի արժեթղթերի թողարկումը և անգամ տպագրական սարքը` սահմանափակելով բազմաթիվ բանկիրների իրավունքները: Ֆինանսական աճող խառնաշփոթը, ամենայն հավականությամբ, կպահանջի բանկային համակարգի անհապաղ առողջացում: Ոչ ժողովրդական որոշումներ կայացնելու արդյունքում ֆինանսիստների մեծ մասին սպառնում է սնանկացումը: Եվ դրա համար ՕԲԱՄԱՅԻՆ կարող են մեղավոր ճանաչել թե° խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, թե° գործազուրկ դարձած գրասենյակային ինչ-որ ծառայող: * ՔԵՆԵԴԻՆ ակտիվ հակառակորդն էր` Վիետնամում խնդիրների ուժային մեթոդներով լուծմանը ու պատրաստվում էր Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից տարհանել ամերիկյան զորքերը: Եվ նրա սպանությունից ընդամենը 3 օր հետո փոխնախագահ Լիդոն Ջոնսոնը չեղյալ հայտարարեց զորքերը Վիետնամից դուրս բերելու հրահանգը: Եթե ԲԱՐԱՔՆ իրագործի Իրաքից ամերիկյան զորքերը տարհանելու նախընտրական իր խոստումը, ապա Պենտագոնի որոշ «ջոջեր» այդ քայլը կարող են որակել որպես պարտվողականություն: Ու նաև որպես վիրավորանք… * Հակառակ բազմաթիվ հրապարակային հայտարարությունների, ամերիկյան պահպանողականները 1962-1963 թթ. գտնում էին, որ Կարիբյան ճգնաժամին հաղթանակով դիմակայեց ԽՍՀՄ-ը: Եվ, իսկապես, պաշտոնական Մոսկվան իր հրթիռները դուրս բերեց Կուբայից, բայց Նահանգներին էլ ստիպեց հարգել իր ինքնիշխանությունը: Նույնիսկ հասավ Թուրքիայում տեղակայված ամերիկյան «Յուպիտեր» միջուկային տասնյակ հրթիռների ապամոնտաժմանը: Ընդ որում` ՔԵՆԵԴԻՆ խնդրել էր Խրուշչովին` չզանգվածայ նացնել այդ պայմանավորվածությունը, որը Նահանգների նսեմացումն էր արձանագրում: ԱՄՆ նորընտիր նախագահը չի թաքցնում Իրանի հետ առանց պայմանների բանակցություններ սկսելու իր ցանկությունը: Իրանի` այսինքն իրենց իսկ կողմից «չարի առանցք» հռչակված երկրներից գլխավորի և հենց այն վարչակարգի հետ, որը 1979-ին ողջ աշխարհի առջև խայտառակեց ԱՄՆ-ը` Թեհրանում հարյուրավոր ամերիկյան դիվանագետների պատանդ վերցնելով: Եվ ահա ՕԲԱՄԱՆ պատրաստվում է նույնիսկ սառեցնել Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի շինարարությունը, որոնք ուղղվելու էին կամ Իրանի, կամ էլ Ռուսաստանի դեմ: * Ի տարբերություն իր նախորդի` Դուայթ Էյզենհաուերի, ՔԵՆԵԴԻՆ ակնածանք չէր տածում ռազմա-արդյունաբերական կառույցների ներկայացուցիչների հանդեպ: 1963 թ. նա Մոսկվայի հետ պայմանագիր ստորագրեց` միջուկային փորձարկումներն արգելելու մասին և համաձայնագիր կնքեց` տիեզերքում միջուկային զենք տեղադրելուց հրաժարվելու վերաբերյալ: Նաև` դիտարկեց սպառազինման ծախսերը կրճատելու ծրագրերը: Սպառազինությանն ուղղվելիք ծախսերը կրճատելու և հարկերը խոշոր բիզնեսի զարգացմանն ուղղորդելու ՕԲԱՄԱՅԻ ծրագրերը ծանրակշիռ կորուստներ կհասցնեն ամերիկյան ռազմաարդյունաբերությանը: Իսկ նման «ոտնձգությունը» սեփական խոշոր կապիտալի դեմ դրա տերերին ընդունակ կդարձնի ամեն քայլի: * Նահանգների նախագահի երիտասարդ թեկնածու Ջոն ՔԵՆԵԴԻԻ միջոցները չէին բավարարել ընտրարշավն ավարտին հասցնելու: Եվ, ըստ շրջող լուրերի, նրա հայրը` Ջոզեֆ Քենեդին, վճռական պահին օգնություն էր խնդրել մաֆիստական կազմակերպությունից: Մաֆիոզները, սակայն, գումարը տրամադրել էին մի քանի պայմանով` որ իրենց հովանավորյալ Լինդոն Ջոնսոնը դառնա փոխնախագահ, Ֆիդել Կաստրոն վտարվի Կուբայից, որտեղ մինչ հեղափոխությունը ամեն ինչ տնօրինում էր մաֆիան: Ընտրվելուց հետո, իհարկե, Քենեդին այդ պայմանավորվածությունն ամբողջությամբ չկատարեց, ինչի համար էլ վճարեց կյանքով: Քրեական աշխարհի հետ ՕԲԱՄԱՅԻ կապերի մասին ոչինչ հայտնի չէ: Համենայն դեպս` առ այժմ: Սակայն իր առաջընթացի արշալույսին նա աշխատել է փաստաբանների հետ, և չի կարելի բացառել, որ իր նախկին հաճախորդներից կամ ընդդիմախոսներից որևէ մեկը դեռ այն ժամանակներից կարող է ատամ ունենալ Բարաքի դեմ: * Ջոն ՔԵՆԵԴԻՆ հանգիստ էր վերաբերվում նեգրերի` երկրում հզորացող իրենց իրավունքների համար շարժմանը: Ավելին, նա ինքն անձամբ հրապարակավ կոչ էր արել` հրաժարվել մաշկի գույն հետ կապված նախապաշարումներից և հետախուզական բյուրոյի ամենակարող տնօրեն Գուվեռին արգելել էր խանգարել Մարտին Լյութեր Քինգի կազմակերպությանը: Ինչ էլ խոսեն ամերիկյան հանդուրժողականության ու քաղաքակրթության մասին, միևնույնն է` կենցաղային ռասիզմը խորթ չէ ազգաբնակչության մեծամասնությանը: Եվ իբր թե Օբամային սպանելու մտադրություն ունեցող «սպիտակամորթ մարտիկների» հերթական որսի մասին հաղորդագրությունները պարբերաբար հնչում են վերջին շրջանում: Մինչդեռ Բարաքը նույնիսկ նախագահական երդումը չի տվել… *** Քենեդիից բացի, Միացյալ Նահանգների նախագահներից սպանվել են. Աբրահամ ԼԻՆՔՈԼՆԸ` 1865 թ.` թատրոնում, հարավային նահանգների կապիտուլյացիայից 5 օր հետո: Ջեյմս ՀԱՐՖԻԼԴԸ. 1881 թ. վիրավորվել է թիկունքից և վախճանվել սխալ բուժման հետևանքով: Ուիլյամ ՄԱԿՔԻՆԼԻՆ. 1901 թ. մահացու վիրավորվել է անիշխանականների (անարխիստների) կողմից: