Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների հերթական հերթափոխը


Երկուշաբթի օրը հայ խաղաղապահների հերթական` 10-րդ հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ սպայակազմի այլ ներկայացուցիչներ: Նշենք, որ խաղաղապահ առաքելության մեկնած նախորդ` 9-րդ հերթափոխը Հայաստան է վերադարձել ս.թ. դեկտեմբերի 7-ին: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Սիմոնյանի զեկույցով, որից հետո խաղաղապահներին իր խոսքն ուղղեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը` նշելով, որ այսօր Կոսովո է մեկնում շուրջ 70 զինծառայող` բարի գործ կատարելու. ապահովելու տեղի ազգաբնակչության անվտանգությունը և օգնելու վերջիններիս: Ապա գեներալ-գնդապետը անձնակազմին ցանկացավ ամուր կամք և բարի վերադարձ հայրենիք: Կոսովո մեկնող խաղաղապահ վաշտի ճանապարհման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց խաղաղապահ գումարտակի հանդիսավոր քայլերթով: