Հա՞, որ...


ԵՐԲ մեր բնակարանները լարման տատանումներով, երբեմն էլ ընդհատումներով էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը վերջերս հեռուստաէկրաններից սպառնաց, թե այսինչ ժամկետում հոսանքի վարձը չմուծելու դեպքում անջատումներն անխուսափելի են լինելու, ակամայից մտքով մի տասը տարի հետ տեղափոխվեցինք… Եվ իրոք, այս համակարգում նույնպես ինչ-որ բան այնպես չէ, թեպետ դժվար է ասել, թե հատկապես ո՞վ է այս ամենի մեղավորը: Մինչև վերջերս մեր էներգետիկները հպարտանում էին վարձավճարների հավաքագրման հարյուր տոկոսանոց ցուցանիշը գերազանցելու իրողությամբ: Ասել է թե` մարդիկ սկսել էին վճարել նաև նախորդ տարիներից մնացած պարտքերը: Սակայն հոսանքազրկման ահաբեկում-սպառնալիքների վերածնունդը ավելի շատ այն փաստն է հաստատում, որ մեզանում կյանքի պայմանները նորից են վատացել, ու մարդիկ դժվարանում են վճարել անգամ մեկ ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Ավելի տարօրինակ է, որ ժողովրդի օրին է հայտնվել նաև Էներգետիկայի նախարարությունը` իր հերթին հասցնելով շուրջ 3 միլիոն դրամի պարտք կուտակել: Նախարարության շենքը բնականաբար չի հոսանքազրկվել, բայց ամեն դեպքում դժվար է ընկալել, թե ինչպես է կուտակվել այդ անհասկանալի 10 հազար դոլարի պարտքը: Ի դեպ, այս գերատեսչության պարագայում գործը միայն նշված 3 միլիոնով չի ավարտվում. շարունակաբար չեն վճարվել նաև ջրի, ջեռուցման և հեռախոսներից օգտվելու դիմաց տրվելիք գումարները: Կասկածից վեր է, որ էներգետիկայի նախարարությունը իր վերոնշյալ կարիքները հոգալու համար ժամանակին միջոցներ ստացել է, բայց թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, հայտնի չէ: Իսկ այս հարցում կառավարությունն էլ իր հերթին է զարմանալի հանդուրժողականությամբ փայլում. գործադիրը որոշել է Արմեն Մովսիսյանի պարտքերը պետական բյուջեի միջոցների հաշվին փակել: ԹՎՈՒՄ է, թե մեր երկրի բյուջեն մի անհատակ տակառ է, որ մի կողմից դատարակվում է, մյուս կողմից լցվում: Եվ ահա այն ավելի շատ լիքը պահելու համար հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել հայրենի կառավարությունը: ՀԴմ կտրոնները տարեսկզբից ամեն ամիս վիճակահանության են մասնակցելու, և չի բացառվում, որ մեզանից յուրաքանչյուրին բախտը ժպտա ու մեր պարտաճանաչության ու հետևողականության շնորհիվ մինչև 5 միլիոն դրամ շահելու բախտին արժանանանք: Փող, իհարկե, բոլորիս է պետք: Պակաս կարևոր չէ, որ այդ վիճակահանություններից պետական բյուջեն էլ իր բաժին «շահումն» է ունենալու: Բանն այն է, որ երկար մտածելուց հետո գործադիրում որոշվել է, թե վիճակահանությունն է այն լավագույն միջոցը, ինչը մարդկանց կստիպի գնումներ կատարելուց հետո ՀԴՄ կտրոն պահանջել, որի արդյունքում և° մեր տնտեսվարողների իրական շրջանառությունը կարտացոլվի, և° ստվերը զգալիորեն կկրճատվի: Եվ, վերջապես, ինչպես նշեցինք, գոնե այս մասով բյուջետային մուտքերը համեմատաբար շատ կապահովվեն: Անկեղծ ասած` քիչ է պատահում, որ ինչ-որ նոր գործընթաց նախաձեռնվի, ու դրանից բոլոր կողմերը շահեն, բայց ՀԴՄ-ներով կազմակերպվելիք վիճակահանությունը մի քանի շաբաթ հետո արդեն հենց այդ քիչ ու ցանկալի դեպքերի շարքին է դասվելու: ԵՎ իրոք, մեր մռայլ իրականությունը երբեմն նաև պայծառ գույներով է սկսում փայլել: Ու ինչպես նախորդ շաբաթ պարզվեց, համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին փուլն արդեն հաղթահարել ենք: Այն, ինչպես ասում են, մի շարք ապրանքատեսակների գների շեշտակի նվազմամբ է նշանավորվել: Մինչդեռ մեզանում, ասենք, հացի գինը ընդամենը 10 դրամով է նվազել (այն էլ` ոչ բոլոր խանութներում), իսկ ավիակերոսինի գնի կտրուկ նվազման մասին ոլորտի պատասխանատուները միայն ճգնաժամի առաջին հաղթահարված փուլից հետո հարկ համարեցին խոսել: Այդպես էլ չմասնավորվեց, թե ինքնաթիռի տոմսերի` մինչ օրս շարունակաբար բարձրացած արժեքը ե՞րբ է նվազեցվելու: Այնպես որ, ճգնաժամի հետևանքները ավելի շատ հասարակ քաղաքացիներիս գրպաններին է հարվածում, և ոմանց համար այն պարզապես նախկին շահույթները բազմապատկելու անփոխարինելի միջոցի է վերափոխվել: