ԵՐԲԵՄՆ ԷԼ` ԱԿԱՄԱ° ՄՍԽՈՒՄՆԵՐ


Ամեն անգամ, երբ հրապարակվում է առաջատար հարկատուների թարմացված ցուցակը, վերստին առաջ է գալիս հետևյալ ընդհանրական ձևակերպումը, թե հատկապես խոշոր շրջանառություն ունեցող տնտեսվարողները հարկային պարտավորությունները կատարելիս դարձյալ ավելի շատ չափի՞ մեջ են թերացել, թե՞ հրապարակմանը նախորդող կիսամյակում օրինական դաշտում են լիարժեքորեն գործել: Ամեն դեպքում այս հարցի շուրջ հնչող տեսակետները հիմնականում հակասում են իրար… Գործարարները հավատացնում են, թե հատկապես մեր ժամանակներում հարկեր վճարելիս իրենք առավելագույն հետևողականություն են ցուցաբերում ու վաղուց դուրս են եկել ստվերից: Լրատվամիջոցները մեծամասամբ կասկածում են` պնդելով, որ վճարվելիք գումարների հազիվ կեսն է իրականում հավաքագրվում: Կառավարությունն էլ, հատկապես վերջին շրջանում, առավելապես հակված է կարծելու, որ առկա և զարգացող դրական միտումները ամենամոտ ապագայում եզրափակվելու են «ստվեր» հասկացության իսպառ վերացմամբ, ու անպարտաճանաչ, թերացող հարկատու հասկացությունը (անկախ նրանից` հարկատուն խոշոր է, թե ոչ այնքան) վերջնականապես պատմության կամ գրողի ծոցն է ուղարկվելու: Իսկ մինչ այդ, կողմերի տեսակետների հակասականությամբ հանդերձ, անվիճելի ու ակնհայտ է, որ հարկերի լիարժեք և ամբողջական հավաքագրմամբ բոլորն են շահագրգռված: Չէ՞ որ հատկապես այդ գործընթացի արդյունքում է կենսունակ պետբյուջեն, որտեղ սովորաբար մեր, իսկ ավելի ճիշտ մեր սիրելի կառավարության ու խորհրդարանի մեծ ցանկություններն ու փոքր հնարավորությունները ցավալիորեն այդպես էլ չեն համընկնում: Իսկ գործադիրի և օրենսդիրի բարի ցանկությունները ոչ միայն մեծ են, այլ նաև քանակապես են շատ: Դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ հայրենի խորհրդարանը եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն էր քննարկում, ինչպես հայտնի է, այն պատգամավորների առաջարկների աննախադեպ տարափով առանձնացավ: Բայց, ինչպես բազմիցս է ընդգծվել, Ազգային ժողովը շաբաթներ առաջ քննարկում էր ոչ միայն նպատակային ֆինանսական հատկացումների, այլ ավելի շատ հենց այնպես կամ նվազ հիմնավոր պատճառներով այս ու այնտեղ ուղղվելիք միլիոններին առնչվող օրինագծեր(՞): Հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի աստիճանական տեղայնացման պայմաններում խիստ կենսական դարձած նվազագույն աշխատավարձի շեմը տարեսկզբից վերանայելու խնդիրը, ինչպես հիշում ենք, հենց այնպես, «ձեռքի հետ» ընդունվեց` արժանանալով ընդամենը հինգ հազար դրամի հաջողության… Ու այսօր, նախքան տարեսկիզբն էլ պարզ է, որ ժամ առ ժամ թանկացող մեր կենցաղը մի կերպ ու մեծ դժվարությամբ մեզ հասանելիք այդ հինգ հազար դրամը հաստատ չի փոխելու: Սրանով հանդերձ, գոնե մեզ հիմնավոր թվացող հակադարձումների պատասխանը կանխատեսելի է. ավելի շռայլ լինելու հնարավորություն գործադիրն առայժմ չունի: Եվ մնում է հուսադրվել, թե առաջիկայում` հաջորդ տարի ավելի շատ հարկեր կհավաքագրվեն, ավելի կմեծանան կառավարության հնարավորությունները, կբարձրանա նաև նվազագույն աշխատավարձի շեմը: Իսկ մինչ այդ շռայլ լինելու հնարը չունեցող մեր բյուջեն հերթական ֆինանսական կորուստն է ունենալու: Այսպես, մի քանի օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է մեր երեք հայրենակիցների Հայաստանի պետության միջոցների հաշվին 7500-ական եվրո փոխհատուցում-պարգևավճար հատկացնել: Բանն այն է, որ դեռ նախորդ ընտրություններից հետո (2003 թ.), երբ Ստեփան Դեմիրճյանն էր անհուսալիորեն Նախագահ դառնալու համար պայքարում, պարգևավճարի արժանացած այս մարդիկ հազարավոր այլոց նման հանրահավաքների են մասնակցել, մի փոքր ավելի ակտիվ ինքնադրսևորվել ու մեր աչալուրջ (՞) իրավապահների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվել: Պատմության շարունակությունը պարզ է. տուժած միտինգավորները ավելի ուշ բողոքներ են ուղարկել եվրոդատարան ու շահել: Հիմա, բնականաբար, խնդիրն այն չէ, որ Քարակերտ գյուղի երեք բնակիչների ինչ-որ գումար է տրվելու: Առավել ևս, որ եթե այն ժամանակ այս մարդիկ Երևան են եկել ու լավ ապագայի հույսով հանրահավաքների մասնակցել, ավելի հավանական է, որ քարակերտցի բողոքավորները լավ չեն ապրում, հատկացվելիք փողի կարիքն ունեն: Ստացվում է, որ հայրենի իրավապահները արջի ծառայություն են մատուցել թե° իրենց վերադասին ու թե° մեր պետությանը: Եվ հիմա 22.500 եվրո արժեցած «շտրաֆի» պատասխանատուն ոչ այնքան այն ժամանակվա իշխանությունն է, ոչ եվրոդատարանը, ոչ ապրօինաբար հետապնդված քաղաքացիները, այլ միայն ու միայն միտինգամերձ տարածքում այդ օրերին մարդաորսի ելած, իրենցից պահանջվածը լավ չպատկերացնող համազգեստավորները: Ըստ երևույթին, այս անիմաստ ու անտեղի ծախսով բյուջեն թեթևացնելու գործընթացը միայն նոր է սկսվելու (չհաշված նախորդող մի քանի դեպքերը): Եթե միայն եվրոդատարանում «հերթի կանգնած» շուրջ 1000 դիմումները նկատի ունենանք, ապա թեկուզ դրանց մեկ երրորդը դիմումատուների օգտին հանգուցալուծվելու, ու տուգանքի միջին չափն էլ 7000 եվրո կազմելու դեպքում, վերջնարդյունքում մեր պետական բյուջեն շուրջ 2 միլիոն եվրո հենց այնպես ջուրը գցած կլինի: Այստեղ դարձյալ վերհիշելով մեր համեստ աշխատավարձերի թեման` ստիպված ենք եզրակացնել, որ մնան անհարկի մսխումների ֆոնին մեր հայրենակիցները դեռ երկար են հետաքրքրվելու աշխատավարձի 30 հազար դրամանոց նվազագույն շեմով, ու նույնքան երկար էլ սպասելու ենք այդ վճարաչափի իրական, շոշափելի բարձրացմանը: Իսկ մինչ այդ մեծ է հավանականությունը, որ դեպի եվրոդատարան հոսելիք դիմում-բողոքների առկա վիճակագրությունը կշարունակի պահպանվել: Ասենք, ոստիկանությունը շարունակում է վատ աշխատել, և այս մասին խոստովանում են հենց իրենք` ոլորտի ղեկավարները: Նույնը նաև դատական համակարգի վերաբերյալ կարելի է ասել: Չէ՞ որ եթե Եվրոպա հասած բոլոր 1000 դիմումներին սպառիչ լուծում տրվեր այստեղ, ապա ո°չ պետական միջոցները կտուժեին, ո°չ էլ մեր հայրենակիցները: Բայց, ինչպես պարզվում է, պետական միջոցներից սնվող մեր «արդարադատ» դատարաններին, հին օրերի պես` ավելի «կարևոր» հարցեր են հետաքրքրում: Դատերը, ինչպես տեսնում ենք, եվրամակարդակի չեն, բայց շենքերն աստիճանաբար այդպիսին են դառնում… Հաջորդ տարվա բյուջեով շուրջ երեք տասնյակ դատարանների շենքեր են եվրավերանորոգվելու: Իսկ ներկայում, ասենք հեռավոր Նոյեմբերյան քաղաքում, պետական միջոցներով նորոգվող միակ շենքը տեղի դատարանինն է: Այստեղ, իհարկե, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, գրադարան ու այլ նման հաստատություններ էլ կան, բայց առաջնահերթությունը դատարանի շենքին է տրվել: Անշուշտ, հայրենի արդարադատությունը նախորդ դարից մնացած հին շենքերում չպետք է իրականացվի, սակայն դժվարությամբ հավաքագրվող բյուջետային միջոցներն էլ մի փոքր ավելի նպատակային պետք է բաշխվեն: Այլապես ստացվում է, որ թե° եվրոպաներում ենք տանուլ տալիս և թե° տանը: