Ինչ են խորհրդանշում գլխարկը և գոտին


Այն պահից, երբ նորակոչիկը հագնում է զինվորական համազգեստը, պետք է ամբողջ հոգով գնահատի իմաստն ու արժևորի այն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նա լավ իմանա հայ մարտիկի համազգեստի պատմությունը, ծագումնաբանությունը և խորությամբ ընկալի այսօր Հայոց բանակի զինվորի համազգեստը կրելու խորհուրդը, հպարտությամբ ու ակնածանքով կրի այն և երկու տարի անց ծառայությունն ավարտելուց հետո դժվարությամբ բաժանվի համազգեստից: Առանձնապես կարևոր է, որ զինվորը հպարտությամբ կրի տղամարդու արժանապատվությունը խորհրդանշող գլխարկը և արիական ուժը խորհրդանշող գոտին: Գոտու և գլխարկի մասին պատկերացումները ձևավորվել են շատ վաղ անցյալում: ԳԼԽԱՐԿԸ հայկական տարազի կարևորագույն մասն է: Այն նաև սոցիալական բնորոշիչ է, քանի որ լավագույնս է դրսևորում անձի` սոցիալական այս կամ այն խմբին պատկանելը և անցումը սոցիալական մի խմբից մյուսին: Տղամարդկանց գլխի հարդարանքի տարատեսակների զարդանախշմամբ առանձնանում է «արախչին» կոչվող գլխարկատեսակը: Այն քաթանից կարված, 10-15 սմ բարձրությամբ, գլանաձև և տափակ գագաթով կողային և գագաթային մասերն ամբողջությամբ ասեղնագործ գդակ է: Արախչինը տարածված է եղել Տուրուբերանում, Աղձնիքում, Գամիրքում, Ջավախքում և պարսկահայոց մեջ. վերջիններից էլ, ամենայն հավանականությամբ, անցել է Վայոց ձորի այն բնակավայրերը, ուր ներգաղթել են պարսկահայերը: Բարձունի գյուղում օգտագործվել է «ֆինո» կոչվող զարդանախշ գդակը, որը ձևով ու զարդանախշմամբ նման էր արախչինին` վերջինից տարբերվելով ֆեսի ծոպով: Տղամարդկանց գլխի հարդարանքի մյուս տեսակները` քոլոզ, փափախ և այլն, չէին զարդանախշվում: Հայոց կենցաղային սովորույթներում հաճախ գլխարկը փոխարինում էր պանդխտության կամ այլ հիմնավոր պատճառով բացակայող տիրոջը, այսինքն կարևոր դեր էր կատարում: Պատահում էր փեսացուի բացակայության դեպքում նրա գդակը ձիու գլխին գցած` հարսի հետ տանում էին եկեղեցի, որտեղ կատարվում էր ամուսնության խորհուրդը` առանց փեսացուի ներկայության: «Ռամկի մեջ առհասարակ,- գրում է Րաֆֆին,- գդակը գլխի, կամ անձնավորության նշանակություն ունի»: Հնում «Գդակդ քեզ հարամ ըլի» խոսքը որևէ անձի բացասական բնորոշիչ էր: Գդակ-գլխարկը զուգորդվել է տղամարդու արժանապատվության հետ: Այս միտքն է արտացոլված նաև «գլխին գդակ դնել» (տղամարդ համարվել) և հակառակը` «գլխին լաչակ կապել» (կնամարդ համարվել) արտահայտություններում: «Գլխին գդակ դնել» արտահայտությունը նշանակում էր տղամարդու կոչմանն արժանի լինել: Այս իմաստով ծեսերում կարևորվում էր գլխարկը դնելու և հանելու պարագան: Հասարակության մեջ գլխարկով երևալու պարտադիր սովորույթի հետ մեկտեղ, կենցաղավարման գործող չափանիշ էր այն եկեղեցում հանելը, հանում էին նաև մեծավորի, ավագի ներկայությամբ, հանգուցյալի տուն այցելելիս և այլն: Գդակը գցելը համազոր էր պատվազուրկ լինելուն: Միտումնավոր կերպով գլխարկը ցած գցելը կարող էր վրեժխնդրության ու արյունահեղության պատճառ դառնալ: Հնում ամենուր, նաև հայերի մեջ, գլխարկը, թագը դիտվում էին իբրև իշխանության խորհրդանիշ, և դրանք հանելը նշանակում էր հանձնել իշխանությունը: Այսօր հասարակության վերաբերմունքը գլխարկի հանդեպ մի փոքր այլ է : Այն բանակում է, որ պահել է իր բուն խորհուրդը: ԳՈՏԻՆ հայկական տարազի բաղկացուցիչներից է: Օգտագործվել են գոտու տարբեր տեսակներ` շալե գործվածքից մինչև կաշվե ու մետաղական: Շալե գոտիները` գծանախշ, երբեմն և ծաղկանախշ, լայն ու երկար գործվածքներ էին, որոնք մի քանի անգամ փաթաթում էին մեջքին: Տուրուբերան-Վասպուրականի և Փոքր Հայքի պատմաազգագրական շրջաններում տղամարդկանց տարազային համալիրում այդ գոտիները ծառայում էին իբրև գրպան, որի ծալքերում պահում էին զենքը, ծխախոտի քսակը (քիսան), ծխամորճր, հրահանը (չախմախը) և այլն: Կենցաղում օգտագործվում էին նաև մետաղական` հոծ արծաթե, ոսկե, ոսկեջրած և միայն մետաղական ճարմանդ ունեցող կաշվե գոտիներ (որոնք բնորոշ էին Սյունիք -Արցախին): Տղամարդկանց ծանր ու լայն գոտիները տարբերվում էին ճարմանդի կառուցվածքով և ունևորության չափանիշ էին: Այսպես` «գոտին լայն կապել» նշանակում է բարեկեցիկ կյանք վարել, «գոտին հաստացնել»` հարստանալ և հակառակը, «չվան գոտի ըլլալ»` աղքատանալ: Հետաքրքրական է, որ «գոտևորվել», «գոտեպնդվել» արտահայտություններն ուղղակի և փոխաբերական առումով նշանակում են կազմ ու պատրաստ լինել ինչ-որ բանի: Այս իմաստով գոտին իբրև մոգական շրջանակ, ուներ և պահապանի նշանակություն: Այն պիտի պահպաներ կրողին ոչ միայն թշնամուց, այլ ընդհանրապես չարից: Հավանաբար սրանով կարելի է բացատրել հատուկ ծիսական գոտիների առկայությունը հոգևոր դասի հանդերձանքում, որպիսիք կրում էին պսակադրություն, մկրտության ծեսեր, եկեղեցական արարողություններ կատարելիս: Տղամարդու գոտին ի սկզբանե եղել է որպես իշխանության խորհրդանիշ: Հիշենք ժողովրդական էպոսի այն դրվագը, երբ սասունցիք Մհերին կառավարիչ են կարգում. Մհերի մեր Քառսուն-ճյուղ-ծամ Դեղծուն տվեց էնոր Քուռկիկ Ջալալին, Թուր կեծակին, գոտին ի մեջքին. Հարսանեկան ծիսակատարության ընթացքում փեսային գոտի նվիրելը կամ կապելը նշանակում էր նրա ոչ միայն սոցիալական վիճակի փոփոխություն, այլև որոշակի, այն է` ամուսնական իրավունքների շնորհում: Գոտի էին նվիրում նաև հարսի եղբորը, որին կարևոր դեր էր վերապահված հարսանեկան ծիսակատարության գրեթե բոլոր փուլերում: Տարոնում, օրինակ` հարսնացուին առաջ բերելիս եղբայրն արգելք էր լինում, մինչև որ քավորից մի գոտի նվեր ստանար, որը կոչվում էր «ախբըր գոտի»: Գոտու ծիսական կիրառությունն, ըստ էության, մարդկությանը հայտնի է վաղնջական ժամանակներից: Վերջինիս ծիսական կիրառության խոսուն վկայությունն է նաև հարուստ ու բազմաբովանդակ զարդանախշումը, որտեղ արտացոլված են այդ ժամանակաշրջանի մարդու աշխարհընկալումն ու պատկերացումները: Գոտու ծիսական կիրառության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ են պարունակում նաև խեթական աղբյուրները: Հին խեթական տեքստերում հիշատակվում է, թե ինչպես ծիսակատարության պատրաստվելիս թագավորը գոտևորվում է ճերմակ ու կարմիր բրդաթելերից ոլորած գոտիով: Այլ բան է խորհրդանշում գոտին արձակելը: Ինչպես ասվեց, գոտին դիտվում է իբրև իշխանության խորհրդանիշ: Համաձայն նախնական մտածողության` իշխանության որևէ խորհրդանիշ յուրովի անձեռնմխելի էր: Գոտուն միայն ձեռքով դիպչելը նշանակում էր ոտնձգություն դիմացինի իշխանության, հեղինակության նկատմամբ կամ շնորհազրկում: Քսենոփոնի «Անաբասիս»-ում հետաքրքիր տեղեկություն կա մ.թ.ա. 4-րդ դ. սահմանագլխին Հայաստանի սատրապ կառավարիչ Օրոնտես-Երվանդի մասին£ Այնտեղ ասվում է. որ երբ Կյուրոսի հրամանով բռնեցին Օրոնտեսի գոտուց, դա նրան դատապարտելու նշանն էր: Ուշագրավ է Լոռիում Երվանդ Լալայանի գրառած մոր ողբը մեռած որդու վրա. - Վայ, քու մոր քամար կըտրվեց... Որդու կորուստը, ինչպես տեսնում ենք, համեմատվում է քամարը կտրվելու հետ, որը նշանակում է ուժահատ, հուսահատ, վշտահար վիճակ: Օղակելով մեջքը` գոտին մարմինը բաժանում է երկու` վերին և ստորին մասերի, որոնք շատ ժողովուրդների տիեզերաստեղծման առասպելներում համապատասխանում են երկնքին ու երկրին: Գոտկատեղ-մեջք-գոտին մարմնի վերին և ստորին հատվածները միացնող միջին օղակն է: Եթե ընդունենք, որ հարսանիքը հասարակական կյանքում նախապես ընկալվել է իբրև արարչագործություն` տիեզերքը կանոնավորող գործողություն, ապա պարզ կդառնա հարսի ու փեսայի գոտին կապելու արարողության մեծ կարևորությունը: Գոտին կապելով` ծիսականորեն ամբողջացվում է մարդու մարմինն իբրև մանրատիեզերք, միավորվում են երկնքի (արական` մարմնի վերին մասը) և երկրի` (իգական` մարմնի ստորին մասը) ուժերը, որի շնորհիվ մարդը դառնում է անխոցելի, իսկ գոտին վերածվում է յուրօրինակ պահապանի, իբրև մի մոգական շրջանակ, որը պահպանում է կրողին ամեն տեսակ չարից ու փորձությունից: Այս ամենն իմանալով` զինվորը ավելի պատվախնդրորեն կվերաբերվի իր գոտու և գլխարկի կրմանը: Գլխարկի և գոտու հանդեպ ակնածանքն է ծնում հարգանք ու պատկառանք այր մարդու, այսինքն` հենց իր հանդեպ:

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ