Ուկրաինայի նախագահի ընտրությունների շուրջ


Ուկրաինայում կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ձայների շատ փոքր` 3.47 տոկոս առավելությամբ երկրորդ փուլում հաղթել և երկրի հերթական նախագահ է ընտրվել Վիկտոր Յանուկովիչը: Ընդսմին, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ակտիվությունը բավական բարձր է եղել` ընտրատեղամասեր են ներկայացել 36 միլիոն ընտրողների 70 տոկոսից ավելին: Յանուկովիչը «էն գլխից» ռուսամետ գործչի համբավ ուներ: Նախորդ նախագահի որդեգրած հակառուսական քաղաքականությունը, որ բխում էր 2004-ի «նարնջագույն հեղափոխության» գաղափարախոսությունից և ակնհայտորեն հրահրված էր դրսի հակառուսական կենտրոններից` չէր վայելում երկրի ազգաբնակչության լայն շրջանակների աջակցությունը: Իսկ Յուլյա Տիմոշենկոն, գոնե հեղափոխության շրջանում և դրանից անմիջապես հետո, այդ գաղափարախոսության ամենաբոցաշունչ ներկայացուցիչներից մեկն էր Ուկրաինայում: Թեև արդեն վաղուց նա այլևս «նարնջագույնների» կուռքը չէ… Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները վկայեցին, որ ժողովուրդը հիասթափվել է «նարնջագույն հեղափոխության» գաղափարներից: Մանավանդ, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման մթնոլորտում «նարնջագույն» գաղափարներն այլևս չեն արժանանում Վաշինգտոնի բացահայտ պաշտպանությանը: Ի դեպ, դրանք չեն վայելում նույնիսկ Արևմտյան Եվրոպայի հակառուսական շրջանակների աջակցությունը, քանզի բոլորը հոգնել են ռուս-ուկրաինական տևական հակամարտությունից, որը հաճախ վերաճում էր իսկական «գազային պատերազմների»: Ի սեր ճշմարտության հարկ է նկատել, որ Յուլյա Տիմոշենկոն այդ «պատերազմի» հիմնական մեղավորը չէր, հակառակը, որպես վարչապետ նա ամեն կերպ ձգտում էր նորմալ հարաբերություններ հաստատել ռուսների հետ: Դա նրան միշտ չէ, որ հաջողվում էր, որից անմիջականորեն տուժում էր նաև Արևմտյան Եվրոպայի բնակչությունն ու տնտեսությունը: Չէ՞ որ Եվրոպան օգտագործում է ռուսական գազի 25 տոկոսը, որի ավելի քան 80 տոկոսը Եվրոպա է հոսում Ուկրաինայի վրայով... Բացի այդ, Տիմոշենկոն գլխավորում էր երկրի կառավարությունը, իսկ գործող կառավարության ղեկավարը չէր կարող հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լայն հեղինակություն վայելել հասարակության մեջ: Քանզի բնակչությունը հազիվ թե իր կենսապայմանների վատթարացման առթիվ ունեցած դառնությունը չուղղեր գործող իշխանությունների, այդ թվում, անշուշտ, նաև վարչապետի դեմ: Այդ հանգամանքը անխտիր բոլոր գործող կառավարությունների աքիլլեսյան գարշապարն է: Իշխանությունը մի կողմից նպաստում է կառավարողներին` հերթական ընտրություններում վարչական ռեսուրսն իրենց օգտին գործադրելիս, մյուս կողմից խանգարում է նրանց, քանզի իշխողների դեմ են ուղղվում ժողովրդի ամենալայն զանգվածների արդար ու անարդար դժգոհությունների բոլոր սլաքները: Ընդդիմությունը, իսկ դա տվյալ դեպքում Վիկտոր Յանուկովիչն էր, բոլոր ընտրություններում միշտ շահեկան վիճակում է` նրա անվան հետ չեն կապվում երկրի կառավարման գործում նկատված թերություններն ու բացթողումները, և մարդիկ միշտ հույսեր են փայփայում, թե նորերը կգան` ավելի լավ կկառավարեն... Կյանքը ցույց է տալիս, որ դրանք մեծ մասամբ սին հույսեր են լինում, հաճախ իրականություն է դառնում «կգա ետինը, կհիշվի առաջինը» ժողովրդական իմաստությունը: Սակայն մինչ այդ` ընդդիմությունը շահում է, դառնում է իշխանություն, որ հաջորդ ընտրություններում հենց ինքը հայտնվի իր իսկ ծննդյան պահին հրապարակ իջած արդեն սեփակա¯ն ընդդիմության քննադատության կրակի տակ... Այսպես ամենուրեք քաղաքական ուժերը հերթագայում են իրար` մերթ իշխանություն են դառնում, մերթ` ընդդիմություն, իսկ ժողովրդական զանգվածները սովորաբար կանգնում են վատի և վատթարագույնի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ... Քանզի աշխարհում երբեք և ոչ մի տեղ չի եղել ու չի լինելու այնպիսի իշխանություն, որից բոլորը ...գոհ լինեն... Ի՞նչ արած, «ժողովրդավարություն» կոչվող մեծագույն խաբեության բուն էությունն այդ է` իշխանությունների հերթագայումը «ազատ ու արդար ընտրությունների» միջոցով, ինչը միամիտներին է հրամցվում որպես մարդկային քաղաքակրթության «բարձրագույն նվաճում»: Իրականում ժողովրդավարությունն այլ բան չէ, եթե ոչ անկազմակերպ մեծամասնության վրա կազմակերպված փոքրամասնության իշխանության հաստատում: Իսկ թե նվաճած իշխանությունը ով ո՞ր չափով է ծառայեցնում ժողովրդին` միանգամայն այլ հարց է, կախված է իշխանություն նվաճած ուժի հայրենասիրության աստիճանից, տարրական օրինավորությունից ու բարեխղճությունից, ազնվությունից, աշխատելու կարողությունից, կառավարելու հմտությունից, ներսի ու դրսի բազմաթիվ ու բազմապիսի այլ գործոններից: Որքանո՞վ էին «ազատ ու արդար» Ուկրաինայի նախագահական ընտրությունները, դրան մասնակցող ընտրազանգվածը չսխալվե՞ց` նախապատվությունը տալով հաղթած թեկնածուին: Եվ հաղթողը կկարողանա՞, արդյոք, քաղաքական կայունություն հաստատել երկրում: Այս հարցերի պատասխանները կարող է տալ միայն ժամանակը: Ցանկացած պետության համար երկրում քաղաքական կայունության հաստատումը ամենակարևոր խնդիրն է: Եվ հատկապես այդ խնդրում Ուկրաինայի հեռանկարներն այս պահին դեռ մշուշոտ են թվում: Նախընտրական պայքարը բավական թեժ էր, ընտրությունների 1-ին փուլին հաջորդած երկու շաբաթում մրցակիցները չէին խորշում մեկը մյուսի հասցեին ամեն կարգի լեզվագարություններ շաղ տալուց, անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, սադրանքների դիմելուց: Այդ առումով առավել բնորոշ էր Վիկտոր Յանուկովիչի կողմնակից պատգամավորների կողմից Գերագույն Ռադայում անցկացված օրինագիծը, ըստ որի թույլատրվում էր տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստեր անել` առանց ուշադրություն դարձնելու հանձնաժողովի անդամների քվորումի առկայությանը: Ընտրական օրենսգրքի տվյալ ուղղումը չափազանց դժվար է «ժողովրդավարական» համարել, թեև նախաձեռնողները պնդում էին, թե նման բան արել են միայն այն նպատակով, որ խափանեն Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցների կողմից ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծումը: Հիմա, ինչպես երևում է, դերերը փոխվել են` այժմ Տիմոշենկոյի նախընտրական շտաբն է ընտրությունների արդյունքների խեղաթյուրման մեղադրանքներ հասցեագրում հաղթող կողմին: Ամեն դեպքում, ընտրություններից անմիջապես հետո արձանագրված արդյունքների վիճարկումները անխուսափելի են թվում: 2004 թվականին հենց այդ վիճարկումները վերաճեցին «նարնջագույն հեղափոխության»: Հազիվ թե հին սցենարը կրկնվի, սակայն դա հետընտրական որոշակի լարվածություն կհաղորդի երկրի ներքաղաքական կյանքին: Իսկ թե ի՞նչ վայրիվերումների կհանգեցնի այդ լարվածությունը` հայտնի է լոկ Աստծուն:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ