Ամաչկոտ Մարգուշը


 

Հյուրասիրություն էր: Մարգուշը չէր մոտենում սեղանին: Տանտիրուհին նկատեց, թևից բռնեց, մոտեցրեց աթոռին: Մարգուշը զգաց, որ նայում են և ավելի ամաչեց, բայց քաշվելով` մի կերպ տեղավորվեց ու տանտիրուհուն քչփչաց.

- Հանկարծ ինձ ուտելիք չբերեք:

- Ինչո՞ւ:

- Ամաչում եմ...

- Ո՞նց կլինի, բոլորն ուտեն, դու չէ՞:

- Իմ բաժինը թողեք խոհանոցում, ես տանը կուտեմ, ամանը կվերադարձնեմ:

- Կի՞նն էլ այսքան ամաչկոտ լինի, ո՞նց ես ամուսնացել...

- Մեր ցեղն էսպես է, բախտս բերել է, մարդս էլ է ամաչկոտ: Մի անգամ ըսենց մի լավ հյուրասիրության էինք: Դուրմիշս ինձ պես չմոտեցավ, ձեռք չտվեց հրաշալի տորթին: Աչքներս վրան մնաց: Հասկացրի` մեր բաժինը տա` տուն տանենք, քանի որ երկուսս էլ ամաչկոտ ենք: Ասին` ափսոս վերջացել է...

Տան ճանապարհին Դուրմիշիս հարցրի` հըլա մեկը հարցնի` էդ թառլան տորթից խի՞ չկերար: Ասաց. «Թառլան ջան, ամաչեցի...»: Ըստեղ գործը լեզվիս հասավ` «Բա որ ըտենց էր, ինչի՞ չասիր, որ ես ավելի շատ ամաչեի: Էս հարցում ես քեզ պես 10-ին կծալեմ»:

- Մարգուշ, լսել էինք ձեր ամաչկոտության մասին, բայց այս աստիճան չէի պատկերացնում:

- Բա ի՞նչ էիր կարծում, մենք էլ ուզել ենք դրանով հայտնի լինել:

- Կարծում եմ ուզելը քիչ է, պետք է այդպիսին ծնված լինել...

***

Հյուրասիրությունը 2 ժամից ավել տևեց: Մարգուշը, որ ամուսնու գործուղման պատճառով մենակ էր հրավիրվել, չգիտեր ինչով զբաղվեր: Նայեց պատի ժամացույցին` «7-ն է, կարող է մի երկու ժամ էլ պուպուի պես նստենք: Ինչ էլ թսթսալով են շարժվում սլաքները, հատկապես փոքրը. չի ֆայմում կողքի մեծից օրինակ վերցնի, երևի ամաչում է»:

Կես ժամ տառապելուց հետո ամոթից քաշվածը սուսուփուս քաշվեց խոհանոց:

- Հերմինե, դե իմ բաժինը տուր` գնամ:

- Հիմա, հիմա, Մարգուշ ջան:

- Մարդս մի շաբաթ տանը չի, քիչ կլցնես:

Այստեղ ճիշտ Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» օրինակով եղավ. էսպես անուշ, էսպես հանգիստ, տոլմից անուշ լավ խոսքերով, մեկ էլ տեսան բանկեն կիսով տոլմով լցվեց:

- Ախչի Հերմին, էս ի՞նչ արիր, այ տնաքանդ, կիսատ-պռատ գործ մի անի... Ասինք, հո չասինք...

- Ի՞նչ չասիր,- զարմացավ Հերմինեն:

- Չե՞ս տեսնում` ամանում տեղ կա, քո սրտում տեղ չկա: Հո սովի տարի չի, ծովից ավազ չի պակսի, քանի կալի վրա ենք` լից:

- Քուրս, ասիր քիչ լից...

- Հիշիր, ես ամաչկոտ եմ, ասի` էսքանն ասեմ, մնացածը ֆայմդ կհասնի: Մինչև տուն հասնեմ` կարող է մարդս գա, բանկեն բերնեբերան լից, բերանս ցավաց նույն բանն ասելով: Գոնե 18-ը լրանա: Տեսա հյուրերին ինչ բաժին էիր տալիս:

- Ամոթ չի՞, ախչի, ինչո՞ւ, դու մարդկանց կերածը հաշվո՞ւմ էիր:

- Պարապ նստած էի, 20 տարվա հաշվետար եմ, բա ի՞նչ էիր ուզում:

- Ախչի, չհասկացանք, փոխանակ ուտեիր, հաշիվներով էի՞ր տարված:

- Կողքիս նստածներն ինձ էին նայում, ես էլ ամաչեցի ուտեմ:

- Քո չուտելուդ համար են նայել, հյուրը պիտի հյուրասիրվի, որ տանտերերն իրենց լավ զգան, պե´տք է ուտեիր:

- Ախր, ամաչում էի:

- Էնտեղ ամաչում էիր, էստեղ չէ՞:

- Հերմին ջան, էնտեղ էնքան մարդ կար, ըստեղ մենակ դու ես, քեզնից ի՞նչ ամաչեմ:

- Բայց քո փոխարեն ես եմ ընկնում անհարմար վիճակի մեջ, դու քո տարօրինակ ամաչկոտությամբ ճոխ հյուրասիրությունից սոված մնացիր: Հիմա, երևի, փորդ վեց-վեց է անում...

- Կյանքդ երկար, Հերմին ջան, տոլմեն հենց 6-6 էլ կուտեմ, երեք շնչի բան է. 6, 6, 6 հավասար է 18-ի:

- Այդպես ուտելուց չե՞ս ամաչի:

- Որ մենակ եմ լինում, ինքս ինձնից չեմ ամաչում..

- Մարդ առաջին հերթին պետք է իրենից ամաչի:

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ, Գուրգեն ԼՈՌԵՑԻ