Խորհրդային լուսնոսկի` օվկիանոսի հատակից


 

Գանձեր որոնող Գրեգ Բրուքսը` Ամերիկայի Մեն նահանգից, պնդում է, որ Ատլանտյան օվկիանոսի հատակում լուսնոսկով (պլատին) բեռնված նավ է հայտնաբերել, որը խորտակվել է 2-րդ աշխարհամարտի տարիներին:

Եթե նավամբարներն իսկապես բարձված են թանկարժեք մետաղով, ապա դրա արժեքն այսօրվա գներով առնվազն 3 միլիարդ դոլար է:

Ստորջրյա հետազոտող Բրուքսը պատմել է, որ նավի բեկորները լող են տալիս ԱՄՆ-ի ափերից 80 կմ շառավղով` 213 մետր խորությամբ

Բրիտանական «Պորտ Նիկոլսոն» առևտրային նավը 1942 թ. տորպեդահարվել է գերմանական սուզանավից. անձնակազմի 6 անդամները զոհվել են:

Հոռետեսները կասկածում են, թե շոգենավը լուսնոսկի է տեղափոխել: Բայց բոլոր դեպքերում նշվում է, որ գանձեր որոնողի համար դժվարություններ կծագեն` գտածը սեփականացնելու համար:

- Մենք կպարզենք, թե ինչ բեռ է եղել նավում,- ասել է բրիտանական կառավարության ներկայացուցիչ Էնթոնի Շուստան «Ասսոշիեյթեդ պրեսս»-ին:- Որքան մեզ հայտնի է` այն գլխավորապես օգտագործվել է տեխնիկա և զինամթերք տեղափոխելու նպատակով:

Իսկ Բրուքսը, վկայակոչելով ԱՄՆ-ի ֆիննախարարության հաշվապահական գիրքը, պնդում է, որ ըստ փաստաթղթերի` նավում լուսնոսկու ձուլածուներ են, որոնք Ամերիկա են ուղարկվել` որպես ռազմական մատակարարումների վճար: Նա հավելել է, որ նավամբարներում կա այդ ձուլածոներով լեցուն 3 արկղ` 71 տոննա ընդհանուր ծավալով: Ինչպես նաև` ոսկու և ալմաստի ձուլասալեր:

Բեռան դուրսբերումը հավանաբար կսկսվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Ի դեպ, Բրուքսն այս գանձը հայտնաբերել է 4 տարի առաջ, սակայն լռել է` մինչ կհասցներ մանրամասնորեն ճշտել օրենքի որոշ պահանջներ: Այդուհանդերձ, նա և իր թիմը գուցեև չդառնան իրենց գտածոյի սեփականատերերը: Ծովային օրենքի մասնագետներն ասել են, որ դրան տիրանալու հավակնորդներ կարող են լինել ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Ռուսաստանը:

Եռամսյա կալանք` «իսլամը վարկաբեկելու» համար

Տեղեկատվությանը ծանոթանալուց առաջ փորձենք հիշել, թե մեզանում քանի˜-քանիսն ու քանի˜-քանի անգամ են ոտնձգել (ու դեռ շարունակում են իրենց սև գործը) քրիստոնեության դեմ: Սակայն հենց քրիստոնեական մեծահոգությամբ, մենք մտածում կամ ասում ենք`

- Մենք չդատենք:

Իսկ ահա Եգիպտոսում դատում են. այն էլ` պետական օրենքով:

Նշանավոր կատակերգու դերասան Ադիլ Իմամը Կահիրեի դատարանի վճռով դատապարտվել է 3 ամսվա բանտային կալանքի և 1000 եգիպտական ֆունտ (166 դոլար) տուգանքի: Պատճառը կինոյում և թատերաբեմում նրա խաղացած դերերն են, որոնք դատարանը որակել է որպես «իսլամի վարկաբեկում» (հաղորդել է «Ալ-Ահրամ» թերթի կայքը):

Լրատվամիջոցին դատավճռի մասին պատմել է դերասանն անձամբ` վրդովված աննախադեպ այդ վճռով: Նա մտադիր է վիճարկել դատարանի որոշումը:

Ադիլ Իմամի դեմ հայցը ներկայացրել է եգիպտոսցի իսլամիստների մտերիմ փաստաբան Ասրան Մանսուրը:

Չի մանրամասնվում, թե հատկապես ո՞ր դերով և ի՞նչ կերպ է Իմամն արատավորել իսլամը: Բայց դատարանն այնքան է աճապարել, որ չի էլ սպասել, որպեսզի ամբաստանյալը դատարան ներկայանա: Կայացվել է հեռակա վճիռ: