Նոր արգելապատ` հունա-թուրքական սահմանին


 

Հունաստանի իշխանությունների նախաձեռնությամբ Թուրքիայի հետ սահմանային գոտում արգելապատի կառուցումը կպաշտպանի եվրամիությունը` անօրինական փախստականների հեղեղից:

4 մետր բարձրությամբ պատն ամբողջովին կպատվի փշալարերով և 10 կմ երկարությամբ կձգվի Կաստանիս գյուղից մինչև Նեա Վիսսա` Հունաստանի հյուսիս-արևելք: Շուրջ 3 միլիոն եվրո պահանջող այս կառույցի շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա սեպտեմբերին: Թուրքիայի կողմից դժգոհություններ չեն հնչել: Հունաստանի` քաղաքացիների պաշտպանության նախարար Քրիստոս Պապուցիսը հայտարարել է, որ Հունաստանը հյուրընկալ երկիր է, հարգում է մարդու իրավունքները, սակայն հաշվի է նստում նաև միջազգային օրենքների հետ և պահպանում իր քաղաքացիների անվտանգությունը:

Ոմանք նախաձեռնությունը որակել են որպես մարդու իրավունքների խախտում կամ գումարների ավելորդ վատնում` ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

Միայն 2011-ի ընթացքում Թուրքիայից սահմանը հատել են 55 հազար անօրինական փախստականներ: Օգոստոսին երկրի Պաշտպանության նախարարությունը պլանավորել էր սահմանի երկարությամբ անցկացնել 125 կմ երկարությամբ հակատանկային խրամատ` փախստականների հոսքը կասեցնելու, իսկ հնարավոր պատերազմի դեպքում` թուրքական զորքի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով: