ՍԵՐԻԿԻ ԵՐԱԶՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ


 

Սերգեյ Իսրայելյանի ծննդյան 75-ամյակը

Սերգեյ Իսրայելյանն այսօր կդառնար 75 տարեկան: Չդարձավ, որովհետև մահն առավել զորավոր գտնվեց ու հաղթեց մի արվեստագետի, ով ազգային կինեմատոգրաֆում օպերատորական հրաշալի ավանդույթների հիմնավորողներից դարձավ: Նրա մասին ասում էին, որ մեծացել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, այստեղ են անցել նրա պատանեկութ յունն ու երիտասարդությունը:… Եվ այս դիտարկումները սխալ չէին, որովհետև ծնված լինելով Ղազախ քաղաքում` ընտանիքով տեղափոխվել էր Երևան ու տասնութ տարեկան հասակից եկել կինոստուդիա, դարձել օպերատորի օգնական, ընթերակա...…

Անհունորեն սիրահարված էր կինոյին, իր կյանքն առանց կինոյի չէր պատկերացնում: Դա զարմանալի, գերբնական մի սեր էր, որը նրան ձգում էր դեպի կինոյի աշխարհ, կանգնեցնում ազգային օպերատորական դպրոցի մեծերի կողքին, ովքեր 1950-ականների կեսերից արդեն հնարավորություն էին ստացել նոր ֆիլմեր նկարահանել, մղվել դեպի համարձակ փորձարարությունը: Իբրև օգնական ու ընթերակա` մասնակցեց տասից ավելի գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, այդ նկարահանումներն իր համար հրաշալի դպրոց դարձրեց: Հետո, երբ արդեն նշանավոր արվեստագետ էր, հաճույքով էր պատմում հայկական կինոյի մեծերի մասին, հիշում բազմաթիվ դրվագներ, խոսում իր հանդեպ ձևավորված հայրական վերաբերմունքի մասին:

- Կինոյում պետք է լինես մանկությունից, որպեսզի ապրես նրանով, յուրացնես ամեն մի մանրուք, սովորես, հասկանաս, ըմբռնես... Ցանկացած համալսարան քեզ կարող է տալ տեսական գիտելիքներ, սակայն ուրիշ է նկարահանման հրապարակը, ուրիշ են այն որոնումները, որոնք ծնվում են նկարահանման հրապարակում,- ասում էր նա...

1963 թվականին նրան արդեն աշխատանքի ընդունեցին որպես «Հայֆիլմի» օպերատոր, իսկ 1965-ին ավարտեց Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի օպերատորական դասարանը` ականավոր օպերատոր Ա. Սիմոնովի արվեստանոցը: Երջանկություն էր Սերգեյ Իսրայելյանի համար` որպես դիպլոմային աշխատանք ներկայացնել Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում իրականացրած իր օպերատորական աշխատանքը: «Եռանկյունին» նոր էջ բացեց ազգային կինեմատոգրաֆում, այն դարձավ մի նոր ժամանակաշրջանի սկիզբ:

Իր առաջին իսկ օպերատորական ինքնուրույն աշխատանքի համար Սերգեյ Իսրայելյանն արժանացավ Պետական մրցանակի, մի շարք համամիութենական կինոփառատո ների բարձրագույն գնահատականների:

...1999-ին Սերգեյ Իսրայելյանը մտավ քաղաքականություն և ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր: Նրա նպատակն էր օրենսդրական գործունեությունը ծառայեցնել ազգային կինոյի զարթոնքին... Նա այն երազանքով էր ապրում, որ կվերականգնվեն կինեմատոգրաֆիական ավանդույթները, հայկական կինոն նորից կմղվի դեպի սեփական ոճի հաստատումը... Ապրում էր երազներով, նոր ֆիլմեր ստեղծելու անսահման ցանկություններով: Բայց նրան տրված չէր տեսնել իր երազների իրականացումը: