Իրանի դեմ պատերազմը ծանր հետևանքներ կունենա


 

«Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյիդ Մահմուդ Ռեզա Սայիդի խոսքերը. «Թեհրանը ի վիճակի է հակահարված հասցնել ԱՄՆ զինուժին` աշխարհի ցանկացած կետում, եթե Միացյալ Նահանգները որոշի հարձակվել Իրանի վրա: Իրանի վրա հարձակումը մահացու կլինի ԱՄՆ-ի համար»:

Այստեղ սենսացիոն ոչինչ չկա, քանզի Իրանը բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ է արել: Սակայն Հայաստանի համար մտահոգիչ է «հարված հասցնել աշխարհի ցանկացած կետում» արտահայտությունը: Եվ, ահա թե ինչու: Դեռ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ում Օբամայի հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին բաց տեքստով ԱՄՆ նախագահին խոստացավ, որ Իրանի դեմ հարձակման պարագայում պատրաստ է Վրաստանի տարածքը տրամադրել ամերիկյան զինուժին: Իհարկե Օբաման չի հրաժարվի վրացական տարածքը օգտագործելու հնարավորությունից և պատերազմի դեպքում այստեղ կտեղադրի հզոր ռազմական տեխնիկա: Վրաստանը Իրանի հետ սահման չունի, հետևապես ռումբերն ու հրթիռները Վրաստանից Իրան և հակառակը, թռչելու են Հայաստանի երկնքով:

Վտանգավո՞ր է, իհարկե. սխալ արձակված մեկ ռումբը կամ հրթիռը կարող է ընկնել Հայաստանի տարածք` մեծ ավերածություններ առաջացնելով: Սակայն դա միակ վտանգը չէ: Կփակվեն Հայաստանի ոչ միայն հարավային, այլև հյուսիսային հաղորդակցման ուղիները, և մեր երկիրը կարող է հայտնվել կատարյալ շրջափակման մեջ: