Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները լարված են


 

Էն գլխից էլ պարզ էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիության առանցքային երկրների ղեկավարները, մեղմ ասած, խանդով են վերաբերվելու Ռուսաստանի արտգործնախարարի այցին և բանակցությունների միջոցով ձեռք բերված պայմանավորվածություններին: Ասադը խոստացել էր բարեփոխել երկրի սահմանադրությունը: Թվում է, բացի դրականից այս խոստման մեջ քննադատության արժանի ոչինչ չի կարելի գտնել: Բայց արի ու տես` Արևմուտքը փորձում է հողին հավասարեցնել Լավրովի խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերը: Առավել խիստ էր Ֆրանսիայի արձագանքը: Սիրիայի նախագահի` Լավրովին տված հավաստիացումները, թե ամեն ինչ արվելու է հետագա արյունահեղությունը կանխելու և բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ` Ֆրանսիայի ղեկավարությունը որակեց որպես մանիպուլյացիա: Այս գնահատականները վիրավորական են ոչ միայն սիրիական կողմի, այլև` Ռուսաստանի համար: Եթե բացենք փակագծերը և մի կողմ նետենք դիվանագիտական ձևակերպումները, Արևմուտքի գնահատականները կհնչեն այս կերպ. «Պարոն Լավրով, ձեզ պարզապես հիմարացրե´լ ու «ֆռռացրել են», փափուկ բարձ են դրել ձեր գլխի տակ և ճանապարհել Մոսկվա:

Դե ինչ, ԱՄՆ-ն իր ուրույն ձեռագիրն ունի բոլոր հարցերը միայնակ կամ իր հրահանգով լուծելու, ինչպես նաև ցավող ատամը հանելու փոխարեն գլուխը կտրել, ինչպես արեց Լիբիայում, Եգիպտոսում և այլ արաբական երկրներում` ստեղծելով հարատև քաոս և խառնակություն: Կարծես Իրաքն ու Աֆղանստանը քիչ էին...