Թիվ մեկ ֆինանսիստը նպատակահարմար չի գտնում


 

Ինչո՞ւ Հայաստանի շուկան չի ենթարկվում տնտեսագիտության տարրական կանոններին: Իսկ ավելի ճիշտ` ինչո՞ւ հայաստանյան շուկայում տնտեսագիտական տարրական կանոնները միայն մեկ` ապրանքների գների աճի ուղղությամբ են գործում: Օրինակ. երբ միջազգային շուկայում ինչ-որ ապրանքատեսակի գնի բարձրացում է սպասվում, մեր շուկայում այդ նույն ապրանքի գները օր առաջ կտրուկ թռիչք են արձանագրում: Իսկ հետո, երբ գները միջազգային շուկայում սկսում են իջնել, հայաստանյան շուկան անհաղորդ է մնում:

Համապատասխան մասնագետների կարծիքով` դրա գլխավոր ու հիմնական պատճառը տնտեսության մեջ առկա մենաշնորհներն են: Սակայն, պարզվում է` մեղավոր է նաև միջազգային փորձը, որից օգտվում են մեր երկրի ազգընտիրները` տնտեսական ոլորտի օրենսդրությունը ստեղծելիս ու այն կիրառելիս:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանի, այդ միջազգային փորձ կոչվածը միջոցառումներ է նախատեսում միայն շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու դեմ: Իսկ այդ դիրքը բացառելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Ինչ-որ բան անելու համար էլ կարիք կլինի համապատասխան փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, ինչը նույնպես նպատակահարմար չի համարում նախարարը:

Այնպես որ` «գլուխ քորելու եղունգ» գտնենք և լուռ ու մունջ ենթարկվենք գին թելադրողների կամքին: