Ձեռքբերումների պահպանման և թերացումների նվազման տարի


 

Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում իրականացված լայնածավալ աշխատանքներն ու բարեփոխումները` ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսպես բնորոշեց 2011-ը` ՀՀ Զինված ուժերի համար: Տարին իսկապես բավական հագեցած էր: Իսկ թերացումների, բացթողումների շտկմանն ուղղված աշխատանքներն ու պաշտպանա կան բարեփոխումները թևակոխել են որակական նոր փուլ: «ՀՀ Զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսը նախորդ տարի էլ դարձավ իրականացվող քայլերի մեկնակետը:

Կարգապահության ամրապնդումը եղել և մնում է առաջնային ու կարևորագույն խնդիրներից մեկը: Տարվա մեջ 2 անգամ համալրվող, փոփոխվող շարքայինների կազմի հետ տարվող դաստիարակչական բնույթի հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը մեծ է և մշտառկա: Քանի որ հենց կարգապահական խախտումներն են դժբախտ պատահարներ ծնող պատճառները: Այս ոլորտում ևս սրբագրումներ արվել են, ավելին փոփոխություններն ամենաակնառուն են: Նախորդ տարի Զինված ուժերում մահացության դեպքերի կտրուկ նվազում է արձանագրվել: Չնայած դրան` նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս վստահեցրել է, որ այդ նվազումն էլ գոհացուցիչ լինել չի կարող, քանի որ խոսքը մարդկային կյանքի մասին է, և յուրաքանչյուր զինվորի կորուստը մեծ ցավ է: Դժբախտաբար, տարեսկզբին ևս մահվան ելքով պատահարներ գրանցվեցին: Կրկին զինվորներ կորցրեցինք:

Արտակարգ պատահարների նվազմանն ուղղված կյանքի կոչվելիք և արդեն իրականացված քայլերը Նախարարը ներկայացրեց «Ավանգարդի» խնդրանքով.

- Տարեսկզբի արդյունքները գոհացուցիչ չեն, ինչն իմ կարծիքով արդյունք է ձեռքբերումներից հետո որոշակի թուլացման և անհետևողականության: Դրա համար ես կտրուկ որոշում եմ ընդունել` առաջին կիսամյակը կարգապահական առումով խթան հանդիսացող միջոցառումներ իրականացնել: Դա վերաբերվում է ողջ հրամանատարական կազմին, այս անգամ ընդգրկել եմ նաև դասակի և ջոկի հրամանատարներին: Իսկ առաջին կիսամյակը հայտարարել եմ հաջողութ յունների պահպանման և արտակարգ պատահարների շարունակական նվազման կիսամյակ: Այս տարիների ընթացքում իմ կողմից մշակվել է շուրջ 7 փաստաթուղթ` արտահայտված ուղերձի ձևով` «Հրամանատարը` զինվորի ավագ ընկեր», մարտական ոգու և զգոնության բարձրացմանն ուղղված մեթոդական ցուցում ներ: Բացի դրանից, անցած տարվա` զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը և արտակարգ դեպքերի կանխարգելմանն ուղղված ցուցումները և իմ այս տարվա ուղերձը, որտեղ նշվում է, որ մենք լուրջ աշխատանքներ պետք է տանենք մեր խնդիրները շարունակական, շղթայական կերպով իրականաց նելու ուղղությամբ: ԶՈւ ղեկավարության կողմից այս ուղղությամբ խիստ վերահսկողություն է սահմանվելու: Պաշտպանության նախարարի թիվ 1 հրամանն ուղղված է հրամանատարների և իրավապահ մարմինների համագործակցությանը: Եթե այն լիարժեք և արդյունավետ լինի, կհասնենք մեր նպատակին:

2011-ը նշանավորվել է ծավալուն աշխատանքներով, որոնց շրջանակները բավական ընդգրկուն են: Զգալի առաջընթաց է գրանցվել նաև միջազգային ռազմական համագործակցության ոլորտում:

Անցած տարում ևս մեր Զինված ուժերը պատվով է իրականացրել իր առաքելությունը: Ինչպես նախարար Սեյրան Օհանյանն էլ շեշտեց.

- Անկասկած, 2011-ին Զինված ուժերի կարևորագույն խնդիրն է եղել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանների հուսալի պաշտպանությունը: Այդ ուղղությամբ ևս մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել, առաջին հերթին` մարտական հերթապահության կատարելագործման, անվտանգ պայմաննե րում խնդիրների իրականացման, ինժեներական սարքավորումների հագեցման, նաև` հակառակորդի կողմից ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ:

2012-ը հայտարարվել է մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի: Իրականացվող ծրագրերն ու աշխատանքները բազմակողմանի են.

-Այս տարվա գերակա խնդիրները ևս համարվում են ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումն արտաքին ագրեսիայից, ուսուցման և հետևողական աշխատանք ներով զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, մարտական հերթապահության կատարելագործումը: ՀՀ ԶՈւ զարգացման պլանով նախատեսված միջոցառումների ժամանակին և որակյալ իրականացումը և իհարկե` կարգապահության ամրապնդումը:

Այն դիտարկմանը, թե զոհվածների հարազատներից քչերն են գոհ գործերի նախաքննությունից, նախարարի պատասխանը սպառիչ էր.

- Որքան էլ իրավապահ մարմինները լիարժեք կերպով կատարեն իրենց խնդիրները, միևնույն է` ծնողները դժգոհ են լինելու: Նրանք զավակ են կորցրել, ուստի առավելագույնն են պահանջում, որ ամեն ինչ բացահայտվի: Արտակարգ պատահարների բոլոր դրդապատճառները ճիշտ բացահայտելը մասնագիտական խնդիր է և ժամանակ է պահանջում: Մեր իրավապահները վերջին ժամանակաշրջանում բավական լուրջ աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: Առաջին հերթին աշխատանքներ են տարվում իրավապահ մարմինների մասնագիտական պատրաստության բարձրացման ուղղությամբ: Նախկինում եթե դեպքի վայրի պահպանման խնդիր ունեինք, այսօր այդ ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում: Փորձաքննության իրականացման ժամանակ հաշվի են առնվում նաև ծնողների ունեցած տվյալները, փաստաբանների առաջ քաշած հանգամանքները: Ամեն ինչ արվում է, որ ծնողի առջև ազնիվ ու արդար լինենք:

2011-ի արդյունքում ու նաև ընդհանրացնելով իր ղեկավարության ողջ շրջանը` նախարարը ներկայացրեց հետևյալ փաստերը. ողջ ընթացքում ԶՈւ ղեկավար կազմից պաշտոնանկ են արվել շուրջ 10 պաշտոնյաներ` վարչության պետի մակարդակով, պատժվել են շուրջ 10-ը` վարչության պետի և զորամիավորումների հրամանատարների մակարդակով, շուրջ 30 զորամասի հրամանատարներ հեռացվել են պաշտոնից: Իսկ անմիջապես պատասխանատու բոլոր ստորբաժանումների հրամանատարների նկատմամբ կիրառվել են կարգապահական կանոնադրության պահանջների համաձայն տույժերի բոլոր տեսակները:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ