«Մեր ուղեգծից չենք շեղվելու»


 

Այսօր հասարակության լայն շրջանակներում գերիշխող է այն կարծիքը, երբեմն նաև համոզմունքը, որ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը` առաջին գումարման Գերագույն Խորհուրդը, որակապես, իր ինտելեկտուալ մակարդակով գերազանցում է մինչ այժմ մեր ունեցած բոլոր խորհրդարաններին: Ազգային Ժողովն, ըստ էության, քաղաքական կառույց է, որտեղ գաղափարների բախման, բանավեճերի արդյունքում պետք է ծնվի այն միակ ճշմարիտը, որն անհրաժեշտ է մեր երկրի զարգացումն ու բարօրությունն ապահովելու համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում էլ ամրագրված է, որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի զբաղվելու գործարարությամբ, ձեռնարկատիրությամբ: Սակայն այսօրվա խորհրդարանում փոքր չէ այդպիսի` գործարար պատգամավորների թիվը: Նրանցից շատերը, երբ դիմում ես քաղաքականությանն առնչվող հարցով` վախեցած շտապում են հայտարարել, որ իրենք քաղաքականության հետ կապ չունեն, իսկ գործարարությանը վերաբերող հարցերի պարագայում էլ սկսում են ջանասիրաբար համոզել, թե գործարարության հետ կապ չունեն: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա` հասկանալու համար, թե այս «անկապներն» ի՞նչ գործ ունեն խորհրդարանում: Ազգային Ժողովը հուսալի տանիք է` հարկերը թաքցնելու, պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու, սեփական բիզնեսի շահերին տնտեսական օրենսդրությունը հարմարեցնելու համար:

-Տնտեսությունը պետք է տարանջատվի իշխանությունից,- հայտարարել է հանրապետության նախագահը: Բայց ի՞նչ երաշխիքներ կան, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաջողվի հիշյալ անկապների առջև փակել խորհրդարան սողոսկելու դռները:

- Մենք հեղափոխական չենք, բայց իրականում բարեփոխման կարիք կա: Չեմ կարծում, որ Հանրապետության նախագահն էլ այդ մասին ասել է պարզապես ասած լինելու համար: Մենք քաղաքական կամք և ցանկություն ունենք, որպեսզի կարողանանք հանրությանն ավելի ընդունելի ներկայանալ: Կարծում եմ` Հանրապետության նախագահի դիրքորո շումը` մեր ընտրացուցակների առնչությամբ, իրականացվելու է:- Հավաստիացնում է ՀՀԿ ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Ի դեպ, երեկ` փետրվարի 9-ը, «Հանրապետականի» համար հիշարժան էր: Բրյուսելում որոշվում էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ-ի անդամակցության հարցը: Իսկ այդ անդամակցությունը լրջագույն պատասխանատվություն է ենթադրում թե´ ՀՀԿ-ի, թե´ նրա առաջնորդի համար: Եվ պատահական չէ, որ եվրոպական հանրությունը մեր առաջիկա ընտրություններին կարծես ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան երբևէ: Ընտրությունները ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացնելու համար Հայաստանին որպես օժանդակություն 1,7 մլն Եվրո հատկացնելը, թերևս, ասվածի ապացույցն է:

Այնուամենայնիվ, կուսակցական որևէ համակրանք չունեցող ոչ քիչ թվով քաղաքագետներ կարծում են, որ ճիշտ կլինի, եթե Հանրապետության նախագահը չգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը: Քաղաքագետները համոզված են` այդպիսով, նա վեր կկանգնի միջկուսակցական պայքարից, ինչը կարող է ավելացնել հանրության վստահությունը:

Թերևս, հարց կարող է առաջանալ` չէ՞ որ Սերժ Սարգսյանը նաև ՀՀԿ առաջնորդն է և չի կարող անտարբեր լինել ընտրություններում իր գլխավորած կուսակցության պայքարի հանդեպ:

- Ազգային Ժողովը քաղաքական ինստիտուտ է, և նրա կայացրած որոշումները նաև քաղաքական որոշումներ են: Դիրքորոշումները կարող են շատ տարբեր լինել: Աշխարհում էլ ընդունված է. եթե երկրի նախագահի` որևէ կուսակցության առաջնորդ լինելը բացասաբար չի անդրադառնում ընտրությունների ընթացքի և ընդհանրապես նախագահի իմիջի վրա,- ասում է Կարինե Աճեմյանը:- Բոլորը գիտեն` հանրապետության նախագահը ՀՀԿ առաջնորդն է և կուսակցության ցուցակը գլխավորելը կամ ցուցակում չլինելը որևէ էական ազդեցություն ունենալ չի կարող: Միևնույն է` մենք մեր ուղեգծից չենք շեղվելու և մեր նպատակներն ու ծրագրերը միասին իրագործելու ենք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ