Անտեղյակը


 

Մամուլը բազմիցս է ահազանգել մեզանում օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների հասնող հանքարդյունաբերության` շրջակա միջավայրն այլևս անվերահսկելիության աստիճանի աղտոտելու, անդառնալի վնաս հասցնելու մասին:

Ընդ որում, մի քանի հարյուր ընտանիքի օրվա գոյությունը քարշ տալու համար խղճուկ գումարներ վճարելուց բացի, հանքարդյունաբերությունն իր հասցրած վնասին քիչ թե շատ համարժեք այլ փոխհատուցում հանրապետությանը չի տալիս: Հանքային տենդով համակված «գործարարներն» անխնա կերպով դատարկում, վաճառում են նաև գալիք սերունդներին թողնվելիք ժառանգությունը` երկրի ընդերքը:

Երևի շատերը կհիշեն, թե ինչ անհեթեթ պատճառաբանություններ էին բերվում Թռչկանի ջրվեժի առնչությամբ` մինչև երիտասարդ բնապահպանների անձնազոհ պայքարի գնով հաջողվեց Հանրապետության նախագահի ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա:

Թերևս քչերն են տեղյակ, որ դարձյալ բնապահպանների ջանքերի և Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետի հաստատակամության շնորհիվ է, որ սառեցվել է համայնքապատկան հողերի տրամադրումը տեղի մոլիբդենի հանքին` տեղահանությունից փրկելով սահմանամերձ գյուղը:

Այժմ էլ հանքարդյունաբերության տենդը սպառնում է Հայաստանի գողտրիկ անկյուններից ևս մեկին` Նոյեմբերյանին: Ականատեսների վկայությամբ` Տավուշի մարզի Նոյեմբեր յանի ենթաշրջանի սարերի հատվածում` Թեղուտին մոտ Կարմիրգեղ կոչվող հանդամասում` հանքավայրի որոնողական աշխատանքներ են իրականացվում: Արդեն հորատման աշխատանքներ են կատարվել և նմուշներ են վերցվել: Մտավախություն կա, որ այդ գեղատեսիլ տարածքին նույնպես կարող է սպառնալ Թեղուտի ճակատագիրը: Ո՞ր կազմակեր պությունն է որոնողական աշխատանքներ իրականացրել, ի՞նչ է կատարվել դրա արդյունքում, և ընդհանրապես, ի՞նչ գիտի կառավարությունն այդ մասին: Պարզվում է` Բնապահպանության նախարարությունն անտեղյակ է.

- Կոնկրետ տեղեկություն չունենք, որ այդտեղ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ են իրականացվում և բնությանը վնաս է հասցվում,-արդարացավ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` խորհրդարանում պատասխանելով հիշյալի մասին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հարցադրմանը:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ