Նշվեց ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 51 ամյակը


Ամեն տարի մարտի 5-7 ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, ՊՆ Դաստիարակության ու անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վարչության նախաձեռնությամբ անցկացվում են Վ. Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ` այցեր դեպի նրա ծննդավայր և տուն-թանգարան, Եռաբլուր պանթեոն, ժամկետային զինծառայողներին ծանոթացնում են նրա կենսագրության ու անցած ուղու հետ£ Եվ, ընդհանրապես, կազմակերպվում են ռազմահայրենասիրական տարբեր թեմաների քննարկումներ` ավելի լավ ճանաչելու մեր ազգային հերոսներին և մեր բանակի անցած տարեգրությունը: ՀՀ ՊՆ զորամասերից մեկում նույնպես արժանվույն նշվեց Սպարապետի ծննդյան օրը: Սկզբում բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը, այնուհետև կատարելով ՀՀ և ՀՀ Զինված օրհներգերը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կ. Գրիգորյանը ներկայացնելով օրվա խորհուրդը` հանձնարարեց իր անձնակազմի հետ տարվող և դաստիարակության գծով տեղակալ, մայոր Ա. Առաքելյանին ոգեկոչել միջոցառումները: Նախևառաջ անձնակազմի հետ տարվող և դաստիարակության գծով տեղակալը զորամասին կից ենթաշեֆական Երևանի թիվ 156 դպրոց գործուղեց զորամասի բանիմաց սպաներից մեկին` բաց դաս-քննարկում կազմակերպելու տեղի 9-րդ դասարանի աշակերտների հետ: Այնուհետև անձնակազմի հետ տարվող և դաստիարակչական աշխատանքների գծով հրամանատարի տեղակալը զորամասի ժամկետային զինծառայողներին պարբերաթերթերի միջոցով ծանոթացրեց Վ. Սարգսյանի անցած ուղուն և մեր երկրի բանակի կայացման գործում նրա ունեցած մեծ ներդրմանը£ Դրանից հետո կազմակերպվեց այցելություն դեպի Եռաբլուր պանթեոն ու Վ. Սարգսյանի անվան փողոց, որտեղ բոլորը հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետին: Օրվա վերջում ցուցադրվեց Վ. Սարգսյանի անցած ուղու մասին «Սպարապետ» կինոնկարը: Միջոցառումների շարքն ավարտվեց ռազմամարզական մրցախաղերով: Զորամասերում, իսկապես, տարվում են աշխատանքներ` երիտասարդությանը մեր ազգային հերոսների ոգով դաստիարակելու, հայրենիքի նվիրյալների հիշատակը խնկարկելու:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ