Շորթում` լռության դիմաց


 

Իրենց պրակտիկայում շորթում հանցատեսակի ամենատարբեր դրսևորումների հանդիպած ոստիկանության ծառայողները նույնիսկ վերջերս զարմացել էին այն «հնարամտութ յունից», որն իր հանցավոր գործունեության արշալույսին «կիրառել» էր 18-ամյա Կամո Մ.-ն:

Օրերս ոստիկանություն էր ներկայացել 34-ամյա մի կին և օրենքի պաշտպաններին պատմել գլխին եկածը: Կնոջը հայտնի էր դարձել, որ իր 14 տարեկան դպրոցական տղայից (6-րդ դասարանի աշակերտ) պարբերաբար գումար են շորթում: Մայրն իմացել էր նաև, որ տղան ծնողներից թաքուն ծխում է: Եվ ահա հարևան փողոցում բնակվող 18-ամյա մի տղա` Կամո Մ.-ն, այդ երեխային ահաբեկելով և սպառնալով, որ ծխելու մասին ծնողներին կհայտնի` նրանից պարբերաբար գումար էր պահանջել:

Ոստիկանները պարզել են, որ վերջին երկու ամիսներին Կամո Մ.-ն տղայից 2 անգամ շորթել է 30.000-ական դրամ: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի վախճան կունենար այս դրամատիկ պատմությունը, եթե 14-ամյա տղայի ծնողները ժամանակին չկանխեին հետագա զարգացումները:

Ոստիկանները համոզված են, որ լռության դիմաց փողեր շորթած «հնարամիտի» գործերն այնքան էլ լավ չեն...