ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


 

«Հայկական ժամանակ» օրաթերթի «Մեկ անձը` երկու տեղամասում» հոդվածում հրապարակվել են 21 ընտրողների անհատական տվյալները, որոնց անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը առկա են երկու տարբեր ընտրական տեղամասերի ցուցակներում:

Ոստիկանության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր տեղամասերի ընտրացուցակում 34 ընտրողների ընդգրկումն օրինաչափ է, քանի որ նրանք տարբեր անձինք են: Ընտրողներից չորսի տվյալները կրկնվում են:

Մասնավորապես, Իննա Վերլինսկայան հաշվառված է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցի 121 շենքի 3-րդ բնակարանում: 24.03.2012 թ. Շենգավիթ համայնքի Մայիսի 9-ի փողոցի 51 շենքի 75 բնակարանում հաշվառվելու հիմքով նա հանվել է նախորդ հասցեի հաշվառումից: Մինչ նոր հասցեում հաշվառվելը, նույն օրը` 24.03.2012 թ., տպագրվել է 7/05 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակը: 8/30 ընտրական տեղամասի ցուցակը տպագրելու ժամանակահատվածում վերջինիս տվյալներն արդեն իսկ եղել են 7/05 ընտրական տեղամասի ցուցակում: Ի. Վերլինսկայայի տվյալների կրկնությունն անճշտության արդյունք չէ, քանի որ վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:

Ռոբերտ Վոլոդի Սարգսյանի, Քնար Նորիկի Սոմինյանի և Գեղամ Արամայիսի Սարգսյանի անձնագրավորման հիմքերը ներկայումս ուսումնասիրվում են, անճշտություններ հայտնաբերելիս` ընտրողների ցուցակներում կկատարվեն համապատասխան շտկումներ:

Առաջիկա օրերին Ոստիկանությունը կհարապարակի ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ