ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԱԿԱՆՋԸ


Խաշնարածի «խասիաթ» է. ասում են` իրենց սիրելի խաշներին (ոչխարներին) նշան անելիս` կտրում են նրանց ականջները: Մինչդեռ Ժիրինովսկու ականջն ադրբեջանցիք խոստացել են կտրել ոչ թե հատուկ նշան անելու, այլ նրանից վրեժխնդիիր լինելու համար: Բայց այդ դեպքում ինչո՞ւ են ակա´նջը կտրում, երբ նա խոսքով է հերթական ճշմարտությունն արտաբերել:

Ռուսիո թիվ 1 լիբերալ-դեմոկրատը Պետդումայի ամբիոնից պարզաբանում է հնչեցրել.

- Ի՞նչ է Ադրբեջանը` ռուսաց լեզվով թարգմանելիս: Ազեր` դա Խազարն է, այսինքն Կասպից ծովը, բաջա` վայր (երկիր, եզր - խմբ.): Այսինքն` Կասպից ծովի ափին ապրող մարդիկ: Ռուսերեն` կասպիացիներ: Դա ի՞նչ է` ազգությո՞ւն: Դա այնտեղ ապրող մարդիկ են: Ասենք` ինչպես պովոլժեցիք, վոլոգդացիք և այլն,- ասել է Ժիրինովսկին:

Ադրբեջանը պետություն, իր ցեղակից ադրբեջանցոց էլ ազգ ու ժողովուրդ համարող մի կուսակցապետ էլ` Հաֆիզ Հաջիևը («Ժամանակակից Մուսթաֆաթ» կուսակցություն), խոստացել է կտրել նրա ականջը (տեղեկացրել է hΖqqin.Ζz-ը):

- Այդ վիրավորանքների համար անձամբ ես կտրելու եմ նրա ականջը: Իսկ ով չի կարող արժանի պատասխանել Ժիրինովսկուն, ինքը կնմանվի նրան,- հոխորտացել է Հաջիևը:

Տեսնես գոնե իրենց մտքում քանի՞սն են ասել`

- Ստի՞…

Դե, սուտը հոգեկերտվածք է խաշնարածի համար: Սրան հենց ճշմարտությունն է գազազեցրել:

Ի դեպ, Հաջիևն առաջին անգամ չէ «ականջի որսի» ելնում: Անցյալ տարի նա պարգև էր խոստացել կասպիացի (թող էլ ոչ ոք նեղություն չկրի սրանց ադրբեջանցի ասել) գրող Աքրամ Այլիսլիի ականջը կտրող-բերողին: Այդ անգամ էլ Հաջիևը փրփրակալել էր գրողի «Քարե երազներ» վեպից, որը պատմում է 1980-ականների վերջին հայ-ադրբեջանական բախումների մասին: Եվ անցյալ տարի ապրիլին «ժամանակակից մուսթաֆա-Հաջիևը հրապարակայնորեն պատմել էր, որ ինքը 10 հազար մանաթ (մոտ 10 հազար եվրո) է վճարել մի խումբ ջահելների, որպեսզի սրանք կտրեն Այլիսլիի ականջները: Սա կայն ոստիկանության պահանջով պոռոտախոսը հրաժարվել է այդ ծրագրից, ու փողերն էլ չեն վերադարձվել: