Պուտինը` «խելահեղ արքա» Ըստ Սաակաշվիլու


Ռուսաստանից «զարկված» Միխեիլ Սաակաշվիլին Արևմուտքին կոչ է անում` պաշտպանել այդ երկրները: Ավելին, արևմտյան առաջնորդներից ավելի արևմտամետի կեցվածքով` նա հանդիմանում է, թե նրանք չեն կամենում օգտվել իրենց տնտեսական և ռազմական առավելություններից ու հակահարված հասցնել Ռուսաստանին:

Վրաց նախկին նախագահը շատ կտրուկ է արտահայտվել Պուտինի քաղաքականության մասին` Foreighn Poicy պարբերականում հրապարակած «Պատերազմը մոտենում է. ինչու հնարավոր չէ սիրաշահել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին» հոդվածում: Բնականաբար, ափսոսանք հայտնելով Ղրիմի առնչությամբ, նա հնարավոր է համարում Ռուսաստանի հետագա նվաճողական գործողությունները, որոնց արդյունքում Եվրոպան առաջիկայում կարող է կորցնել նաև Մոլդովան, կամ Լատվիան կամ «Լեհաստանի ինչ-որ գավառ»:

Սաակաշվիլին կարծում է, որ Ղրիմը միացնելով, Ռուսաստանը «ռուսական նոր անօրեն աշխարհի հիմքը դրեց»: Եվ Արևմուտքի համար ամենամեծ կորուստները ոչ թե նրա դաշնակից պետությունները կլինեն, որոնք կարող է կլանել Ռուսաստանը, այլև` արևմտյան աշխարհի հիմնարար սկզբունքները: Էքս-առաջնորդը գրեթե համոզված է, որ Ռուսաստանը պատժելու է Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային` «ազատ ու ժողովրդավար հասարակարգում ապրելու» նրանց ցանկության համար:

Նախատելով Արևմուտքի առաջնորդներին, նա մեջբերում է Ուինսթոն Չերչիլի խոսքերը` արտասանված 1938 թ., երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ն. Չեմբեռլենը, Ֆրանսիայի վարչապետ Է. Դալադեն, Գերմանիայի ռեյխսկանցլեր Ա. Հիտլերը և Իտալիայի վարչապետ բ. Մուսոլինին ստորագրել էին (Չեխոսլովակիան Գերմանիային հանձնելու) Մյունխենյան համաձայնագիրը:

- Ձեզ առաջարկել էին ընտրություն կատարել պատերազմի և պատվազրկության միջև: Դուք ընտրեցիք պատվազրկությունը, և դուք կստանաք պատերազմ:

Հետո նա «քաջալերում» է, թե արևմտյան քաղգործիչները դեռ հնարավորություն ունեն չհռչակվելու «XXI դարի չեմբեռլեններ»:

Այս ամենը` հոդվածում: Իսկ ֆեյսբուքյան իր էջում նա կանխասացությո˜ւն էր արել, թե ապրիլի լույս 9-ի գիշերը Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: