Հաղթում են նրանք, ովքեր աթոռի համար չեն պայքարում


Թեպետ Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց արդեն «ճահճացած» վիճակում է, այնուամենայնիվ, ի հայտ են գալիս իրողություններ, որոնք թարմացում են մտցնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Դա առաջին հերթին վերաբերում է քաղաքացիական շարժման նախաձեռնություններին, որոնք աստիճանաբար դառնում են շատ ավելի կազմակերպված, հետևողական և վճռական: Որքան էլ տարօրինակ թվա, տարիների փորձառություն ունեցող քաղաքական կուսակցությունները չեն կարողանում հասարակության առջև ծառացած հիմնախնդիրներին լուծումներ գտնել, իսկ ահա քաղաքացիական նախաձեռնությունների ղեկավարները, այս ուղղությամբ զգալի հաջողությունների են հասնում գրանցելով հաղթանակ հաղթանակի ետևից: Արդեն որերորդ անգամ նրանք կարողանում են ստիպել իշխանություններին` ընդառաջ գնալու ժողովրդի պահանջներին: Ի դեպ, ինչն է ուշագրավը. շարժման ղեկավարները դասական իմաստով քաղաքական պահանջներ առաջ չեն քաշում, այսինքն իշխանափոխութ յան, առավել ևս հեղափոխության կոչերով հանդես չեն գալիս:

Իսկ իրենց կազմակերպած հանրահավաքներին քաղաքական ուժերի ղեկավարների ներգրավվածությանը վերաբերվում են որոշակի վերապահումով: Այսինքն չեն արգելում, բայց մեղմ ասած առանձնապես ոգևորված չեն նրանց հետ համատեղ գործունեություն ծավալելու հեռանկարով: Եթե այս ամենը շարունակի ընթանալ նույն հունով, մեկ-երկու տարի հետո քաղաքացիական շարժումները ժողովրդին առաջնորդելու «ղեկը» ամբողջովին իրենց ձեռքը կվերցնեն` ընդդիմադիր քաղաքական ուժերին թողնելով «լուսանցքում»: Այս իրողությունը ինչ-որ չափով նման է արևմտյան ժողովրդական պայքարի «մոդելին», և ինչ խոսք, շատ ավելի արդիական է ու արդյունավետ:

Պարզ ճշմարտություն է, որ եթե հասարակության բարքերում և գաղափարներում էվոլյուցիոն ճանապարհով, աստիճանաբար տեղի է ունենում հեղափոխություն, ապա դասական իմաստով հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն ընդհանրապես չի լինում: Որովհետև իշխանությունները ընկալում և ընդառաջ են գնում հասարակական տրամադրություններին, հաշվի նստում առաջ քաշված պահանջների հետ:

Իսկ իշխանափոխություն և հեղափոխություն տարփողող քաղաքական ուժերի նկատմամբ մեծացող անվստահությունը պայմանավորված է թերևս հետևյալ հանգամանքով: Ժողովուրդը աստիճանաբար հասունանում է և սթափվելով` իրեն մատուցած «ճշմարտությունները» փորձում է վերլուծել պարզ տրամաբանությամբ` հետևյալ եզրահանգումը անելով: Եթե, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի, ո´չ նախկին, ո´չ ներկա իշխանությունները բացարձակապես չեն մտածել և չեն մտածում երկրի, ժողովրդի բարեկեցության մասին և ընդամենը մեկ մտահոգություն ունեն` ինչպես պահպանել իրենց աթոռը, ինչպես հարստանալ, ինչպես դավաճանել հայրենիքին, պետության ունեցվածքը վաճառել օտարներին, ապա ի՞նչ երաշխիք կա, որ հաջորդ իշխանություններն էլ «դավաճան» ու թալանչի չեն լինելու: Իհարկե, ընդդիմադիր ուժերի հիմնական նպատակն է (և դա այդպես է ամբողջ աշխարհում) գալ իշխանության: Օրինաչափ երևույթ է: Բայց եթե դա չի հաջողվում, նրանց հիմնական գործառույթը պետք է լինի ստիպել իշխանություններին շտկելու սխալները և անել առավելագույնը` երկիրը ոտքի կանգնեցնելու, ժողովրդի համար արժանավայել կյանք ապահովելու գործում: Սակայն այս երկրորդ տարբերակը կիրառում են միայն քաղաքացիական շարժման նախաձեռնողները, իսկ քաղաքական ուժերի նշանաբանն է` իշխանափոխություն և վերջ: Եթե այն չի իրականանալու, ուրեմն նրանք արդեն անելիք չունեն, քանզի իշխանության հասնելն է միայն գերնպատակ: Առանց իշխանափոխության պայքարելը նրանց բոլորովին չի ոգևորում: Ասում են` առկա իշխանությունների օրոք ոչինչ փոխել հնարավոր չէ: Իսկ ահա քաղաքացիական շարժման նախաձեռնողները ապացուցում են, որ շատ լավ էլ հնարավոր է` եթե իշխանատենչությամբ չես տառապում, եթե քո առջև կոնկրետ խնդիր ես դնում և հետևողականորեն պայքարում ես այդ ուղղությամբ: Պարտադիր կենսաթոշակային կուտակման համակարգի ներդրման տապալումը քաղաքացիական շարժման հերթական տպավորիչ հաղթանակն էր և դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ «ամենաաներես» քաղաքական ուժերի ներկայացուցիչները պարզապես ամաչում են այն իրենց վերագրել: Այո, ընդդիմադիր ուժերը այսօր խիստ «մանթրաժի» մեջ են, դրա համար էլ փորձում են կառչել քաղաքացիական շարժման «պոչից»` դրանով իսկ խոստովանելով, որ քաղաքական պայքարի լոկոմոտիվն այսօր բոլորովին էլ իրենք չեն:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ