«Բոշի յուղի» հանգույն


Թող մեզ ներեն իրենց պետքարանները ոսկեզօծող ու ոսկյա թղթերով հետույք մաքրող էլիտարները, բայց այս տեղեկատվությունն ընթերցելիս, ակամա ժողովրդական առածը հիշեցինք` «Որ բոշի յուղը շատ է լինում, քամակին է քսում»:

24 կարատ (4,8 գրամ) ոսկյա զարդանախշերով զուգարանի թուղթ է սկսել արտադրել Tissue Design ընկերությունը` գերմանական Գրաֆենաու քաղաքում: Ոսկյա դրոշմներով գլանափաթեթներն արտադրում են անհատական պատվերներով. 1 գլանափաթեթն արժե 179 եվրո (տեղեկացրել է «Ինո ՍՄԻ»-ն):

Այս տեղեկատվության առնչությամբ հնչած արձագանքներից հետաքրքիր է հատկապես հետևյալը. Ջուղաշվիլին Կրեմլում սրբվում է կռատուկի տերևով (լոպուխ): Երբ ԽՍՀՄ լավ բարեկամ Անդրե Ժիդը (ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր - խմբ.) հյուր է եկել Ջուղաշվիլուն և սկսել է տարակուսել, որ զուգարաններում թուղթ չկա, Ջուղաշվիլին նրան համասեռամոլ է անվանել և հանձնարարել է Ժիդին այլևս թույլ չտալ ԽՍՀՄ գալ: ԽՍՀՄ-ում պետքարանի թուղթ սկսել են արտադրել միայն 60-ական թվականներից, բայց այնքան քիչ, որ մարդիկ օգտագործել են թերթեր` կուսակցության առաջնորդների նկարներով:

Հիշատակենք արձագանքներից ևս երկուսը.

- Միլիարդատերերն արդեն չգիտեն, թե իրենց մեջ ուրիշ որտեղ ոսկի խոթեն:

- Կեղտոտ հոգին ոսկյա թղթով չես սրբի:

Այսինքն` պետքարանում սրբվող հետույքո՞ւմ է ոմանց հոգին...

Մենք չասացինք: