Սրամիտ գողերը


Փորձե՞նք պատկերացնել գնորդների ու վաճառողների ապշահար սարսափը, երբ կեսգիշերին շուրջօրյա աշխատող խանութ են ներխուժում զինված Բարաք Օբաման ու Գայ Ֆոքսը (16-րդ դարի անգլիական ազնվական, կաթոլիկ. անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված Վառոդային դավադրության ամենահայտնի անդամը)... Ապշահարությունը վայրկյանների խնդիր էր, բայց սարսափը տևեց այնքան, մինչև ներխուժողները հեռացան` իրենց հետ տանելով փողերով լի չհրկիզվող պահարանը:

Օրերս կեսգիշերին Կրասնոդարի «Կուռոչկա րյաբա» մթերային խանութի վրա են հարձակվել Օբամայի և Ֆոքսի դիմակներով երկու չարագործ: Նրանց ինքնությունը դեռ պարզված չէ, բայց հետաքրքիր է, հայտնաբերվելուց հետո այդ հանցագործները կխոստովանե՞ն, թե ինչու էին հատկապես այդ դիմակներով թաքցրել դեմքերը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, սակայն լրագրողները դրա մասին իմացել են 3-4 օր հետո միայն: Հետաքրքիր է նաև, թե լրագրողներից ինչու և ինչպես է գաղտնի պահվել սրամիտ գողությունը, որով չարագործները հափշտակել են 20 հազար ռուբլի (տեղեկացրել է «ՌԻԱ Նովեստի»-ն):

Նշվում է, որ Կուբանի մայրաքաղաքում սա այնքան էլ արտառոց դեպք չէ: Ընդամենը 10 օր առաջ` մարտի 31-ին, նմանատիպ դիմակներով հարձակվել են ոսկերչական խանութի վրա` հափշտակելով 1 միլիոն ռուբլի արժողությամբ թանկարժեք զարդեր: