Նոր վարչապետը ընդունելի պետք է լինի Հանրապետականի համար


Հայաստանի վարչապետի հրաժարականը փոքր-ինչ խաթարեց ներքաղաքական զարգացումների հանգիստ ընթացքը` տեղիք տալով ամենատարբեր, այդ թվում և անհավանական վերլուծությունների: Չկամենալով տրվել նման վերլուծությունների գայթակղությանը, «Ավանգարդը» գերադասեց այդ թեմայով զրուցել խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Տիգրան Սարգսյանի հրաժարականն ինչ-որ առումով հանկարծակի էր, չնայած` հիմա քաղաքագետներն ասում են, թե դա սպասելի էր: Իրականում ի՞նչն էր դրա առիթը:

- Ես արդեն նշել եմ, որ մեր քաղաքական դաշտն ու մամուլն այնպիսին են, որ հրաժարականի վերաբերյալ նախ կասեն` վախեցան, կուտակայինի մասին հարցը մեջտեղ կբերեն, հետո կասեն` երևի Ռուսաստանի ճնշումների տակ… Իրականում վարչապետն է իր հրաժարականի դիմումը տվել, մենք էլ հարգել ենք: Մեկ ամիս առաջ այդ խոսակցությունը եղել է, հրաժարականի մասին դիմում է տրվել, որը մեր գործադիր մարմնի կողմից ընդունվել է այդ օրը: Յուրաքանչյուրը մեկնաբանում է, թե ինքն այնքան հզոր է, որ որոշակի տեղաշարժերի պատճառ կարող է դառնալ` չմտածելով, որ ցանկացած երկրում վարչապետի պաշտոնը շատ խոցելի է: Ի դեպ, տարածվող անհիմն լուրերին հակակշռող խոսք էլ կա. քաղաքացիական շարժումները սկսվում են, և ազատ խոսքը թափ է ստանում միայն ուժեղ իշխանության ժամանակաշրջանում: Դրան մենք երկար տարիներ նախապատրաստվել ենք: Իսկ դրա կուլմինացիան էլ, իր հերթին, Սահմանադրական դատարանի որոշումն էր: Փաստորեն, դատաիրավական բարեփոխում ների վերջին տարիների գործընթացները հանգեցրեցին քաղաքական, իրավական նոր մշակույթի: Դրա դրսևորում կարելի է համարել Սահմանադրական դատարանի այս որոշումը և ողջ ընթացքը, երբ բոլորը հանգիստ էին, ոչ մի կողմից ճնշումներ չկային, և Սահմանադրական դատարանը կարողացավ շատ գործնական որոշում կայացնել: Իսկ դատական պրոցեսից միշտ մի կողմը դժգոհ է լինում և այսօր էլ կարող է մեկ այլ պահանջ ներկայացնել: Համենայն դեպս, սայլը տեղից շարժվել է: Մնացածը բամբասանքներ են, թե` ինչը ինչից հետո, ինչու հենց այս պահին եղավ, վախեցան հրաշալի քառյակից… Դրանք տրամաբանությունից զուրկ մոտեցումներ են, որովհետև քաղաքական պրոցեսներն իրենք են թելադրում քաղաքական թիմերի հետագա գործողությունները:

Ասում եք` բամբասանքներ են ու հիմնազուրկ վերլուծություններ: Բայց չէ՞ որ վարչապետի պաշտոնը շատ կարևոր է երկրի համար. նա երկրում երրորդ դեմքն է, և բնական է, որ մարդիկ պետք է փորձեն հրաժարականի պատճառը հասկանալ: Ըստ Ձեզ, ո՞րն էր հրաժարականի հիմնական պատճառը:

- Հիմնական պատճառի մասին արդեն կուսակցության հայտարարությունը եղել է, դա մեզ համար արդեն քննարկման թեմա չի: Մեզ համար հիմա քննարկելի է նոր կառավարությունը` որպես շարունակական գործընթաց, եղած ծրագրերի շարունակող: Այն նաև հետագա ռազմավարության մշակման խնդիրներ ունի, ինչը մեզ համար ոչ թե մտահոգիչ է, այլ աշխատատար պրոցես է, որը կիրականացվի` ըստ Սահմանադրության համապատասխան սցենարների:

Ասացիք` դատական գործընթացից հետո միշտ կողմերից մեկը դժգոհ է լինում: ՍԴ-ի որոշումից դժգոհ կողմը ո՞վ կարող է լինել, քանի որ կարծես թե հայցն ինչ-որ առումով բավարարվեց:

- Կարծում եմ` բոլոր կողմերը պետք է գոհ լինեն: Բայց նաև` մարդու տրամաբանությունն այնպիսին է, որ նա անընդհատ հարցը քննարկման պրոցեսի է վերածում: Բայց ընդհանուր առմամբ` մենք ՍԴ-ի որոշումը քննարկման նյութ չենք դարձնում և դրա իրավունքն էլ չունենք: Ընդամենն ասում ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը մինչև վերջ պետք է կատարվի: Մի պահ չեն կարողանում գիտակցել և´ քաղաքացիական շարժման ներկայացուցիչները, և´ կուսակցությունները. ՍԴ-ի մատնանշածը օրնքի փոփոխություններ է ենթադրում, ինչը որոշակի է դառնում ԱԺ-ում: Օրենքները քաղաքական որոշումների արդյունք են: Հնարավոր է` մենք մեծ ցանկություն ունենանք նշվածը իրագործելու, բայց քաղաքական ուժերը դեմ քվեարկեն, և օրենքը պահպանվի այնպես, ինչպես կա: Ծանր խնդիր է, որի բեռը տանում են հանրապետականները: Իսկ մենք հակված ենք ՍԴ-ի որոշումները մինչև վերջ իրականացնել:

Անվստահություն հայտնելով կառավարությանը, խորհրդարանական քառյակը անհրաժեշտ է համարում համակարգային փոփոխությունները: Դուք գտնո՞ւմ եք, արդյոք, որ այդ փոփոխություններն այդքան անհրաժեշտ են մեր երկրում:

- Պետք է կարողանան հստակեցնել, թե ինչ է նշանակում համակարգային փոփոխություններ ասվածը: Մենք ասում ենք` ինչքան հնարավոր է` բարեփոխումներ կատարել: Իսկ եթե ընդհանուր ենք դիտարկում, թե ինչ պետք է անենք, ապա` տնտեսական համակարգը պետք է փոխենք, այն սոցիալիստակա՞ն պետք է դարձնենք, թե՞ կոմունիստական:

Խոսքը երևի թե արժեհամակարգի փոփոխության մասին է: Ըստ հիշատակվող քառյակի, մեզանում խաթարվել է արժեքային համակարգը:

Ըստ իրենց, արժեհամակարգը լավ վիճակում կլինի, եթե իշխանություններն իրենց մանդատները վայր դնեն, նպաստեն, որպեսզի ինչ-որ նոր քաղաքական ուժ գա: Եվ հենց որ գա, ենթադրենք` Դաշնակցությունը կամ ՀԱԿ-ը, արժեհամակարգը միանգամից կփոխվի, որովհետև կգնան նրանք, ովքեր իրենց գործը իբրև թե լավ չեն կատարել, գալիս են պուպուշները: Այդ պուպուշներով պետություն չես կարող ստեղծել, պետք է բոլորը համագործակցեն:

Եվ ո՞վ կլինի մեր հաջորդ վարչապետը:

Դժվար է այս պահին ասել, Բայց կարծում եմ` նոր վարչապետը նախ և առաջ պետք է ընդունելի լինի Հանրապետականի կողմից: Այս օրերի ընթացքում այնքան մարդկանց անուններ են շրջանառվում... Կարծում եմ` դա շատ դրական է, հասարակությունը պետք է տեսնի, որ Հանրապետականի կադրային բանկը այնքան մեծ է, այնտեղ այնքան մարդիկ կան, որ կարող են վարչապետ լինել: Հանրապետականը գտնում է նաև, որ նոր վարչապետը հնարավորինս պետք է աշխատի բոլոր քաղաքական ուժերի հետ:

Հ.Գ. Հավանաբար այսօր հայտնի կլինի Նոր վարչապետի անունը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ