Զսպել գնային ագրեսիան


Հայաստանը դարձյալ հայտնվել է տնտեսական ճգնաժամի շեմին: Ամենամոտ ապագայում «Գազպրոմը» կրկին վերանայելու է մեր երկրին մատակարարող գազի սակագինը: Այս առումով ռուսական կողմը երբևէ «պայմանավորվածություն» չի խախտել և ընդամենը հետևողականորեն իրագործում է տարբեր ժամանակներում գազի գնի պարբերական թանկացումների վերաբերյալ իր խոստումները: Այս առումով ՀՀ-ն «Գազպրոմի» միակ զոհը չէ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի կրած վնասները շատ շուտով կարող են վերականգնվել: Նման կարևորագույն էներգետիկ ռեսուրսի վաճառքի գնի վերանայումը և´ մահակ է, և´ հաղթաթուղթ: Ինչպես հայտնի է` ՌԴ իշխանություններն այս հարցում մեծահոգի չգտնվեցին անգամ սեփական ազգաբնակչության հանդեպ: Հուլիսն իհարկե գազի սպառման առումով մեղմ սեզոն է, բայց «Գազպրոմն» արդեն հայտարարել է, որ ներքին սպառման համար նույնպես հուլիսի 1-ից 4-5 տոկոսով բարձրացնելու է սակագինը: Այլ հարց է, որ Ռուսաստանում գազն այնքան էժան է, որ նման թանկացումը նշանակալի ոչինչ չի փոխելու, և նույնիսկ շարքային սպառողը առանձնապես տարբերություն չի զգալու: Կարելի է ենթադրել, որ թանկացումն ավելի շատ ցուցադրական բնույթ ունի:

Այսպես, սա լավ առիթ է` սեփական հարստությունը գնահատելով, գործընկեր երկրներին ցույց տալու, որ իրական գնաճը (համեմված քաղաքական նախասիրություն ներով) դեռ առջևում է: Իհարկե, դժվար չէր կանխատեսել, որ առաջին ապտակը ստանալու էր Ուկրաինան: 30 տոկոս գնաճն էլ կանխատեսելի սթրես առաջացրեց հեղափոխության որոգայթներում մոլորված այս երկրում: Իր հերթին նման կտրուկ որոշումն անուղղակի հայտարարություն էր թանկացումների մասին` ուղղված «Գազպրոմի» բոլոր գործընկեր պարտապաններին:

Իսկ Հայաստանում ռուսական ակնարկները լավ են հասկացել: Դեռ շաբաթներ առաջ Էներգետիկայի նախարարը թարմացրեց Իրանից գազ գնելու թեման: Պարսկական կողմը թերևս արդեն հոգնել է բիզնես-առաջարկներից, և վաղուց արդեն սպասում է հայկական կողմի վճռական որոշմանը: Մինչդեռ այս հարցում ՀՀ-ն կամ չի ուզում, կամ չի կարող «Գազպրոմի» հարյուր տոկոսանոց գործընկերությունից հրաժարվել:

Մյուս կողմից, երկնագույն վառելիքի գնի նոր բարձրացումն ավելի քան երբևէ Հայաստանի իշխանությունների սրտով չէ: Գնաճի տեղ այլևս չկա, իսկ մեր իշխանութ յանը հաստատ ձեռնտու չէ սոցիալական լարվածության մեծացումը: Այս պայմաններում Իրան - Հայաստան գազատարի գործարկումը հաստատ կարող է զսպել երկնագույն վառելիքի գնաճը և իրական այլընտրանք դառնալ «Գազպրոմին»: Միգուցե ռուսական կողմի գնային ագրեսիան նաև այսպե՞ս հնարավոր լինի զսպել: