«Ալ-Քաիդան» չի հանդարտվում


 

Ու նրա հանցավոր ծրագրերի թիրախը դարձյալ Ամերիկան է:

ԿՎՀ-ն օրերս բացահայտել է հերթական դավադրությունը. Ամերիկա ուղղվող կամ Ամերիկայից մեկնող մարդատար օդանավ պետք է պայթեցվեր: Երկրի իրավապահ մարմինների տվյալներով այդ ծրագրի հեղինակն «Ալ-Քաիդա»-ի հետ համագործակցող եմենյան ահաբեկչական խմբավորումներից մեկն է: Սրանք որոշել են այս կերպ` մարդկային նոր զոհերով նշել Ուսամա բեն Լադենի մահվան տարելիցը: Ահաբեկչություն իրականացնողն ինքնուրույն պետք է կողմնորոշվեր, թե ո՞ր օրը, ո՞ր ժամին և ո՞ր չվերթը ընտրել:

Համանման մի փորձ կանխվել էր 2009-ին, երբ նիգերցի Ումար Ֆարուք Աբդուլմութալաբն ուզում էր պայթեցնել Ամստերդամ-Դեթրոյթ չվերթի ինքնաթիռը: Ու հիմա ավելի անհայտնաբերելի պայթուցիչ սարք էին որոշել օգտագործել: Նոր ռումբը կատարելագործված համակարգ ունի (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն). այն մետաղ չի պարունակում, և օդակայանների մետաղորսիչները չեն կարողանա հայտնաբերել` եթե խնամքով թաքցվի հագուստի մեջ: ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով դա պատրաստել է Սաուդյան Արաբիայի հետախուզվող ահաբեկիչների ցուցակը գլխավորող Իբրահիմ Հասան ալ-Ասիրին: