ԱՄԵՆ ՄԵԿԻՆ` ԻՐԵՆԸ


 

Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և, ինչպես ընդունված է ասել, ամեն մեկն իրենը ստացավ: Հանրապետական կուսակցությունը դարձավ բացահայտ առաջատար, նա ստացավ 72 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը» բարելավեց իր դիրքերն ու ունեցավ 36 մանդատ: Խորհրդարանում լինելու իրավունքը նորից նվաճեցին ՀՅ Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»: Վերջապես խորհրդարան եկավ նաև Հայ Ազգային կոնգրեսը: Մի խոսքով, ամեն ինչ լավ է, ամեն ինչ բավարարում է այսուհետև խորհրդարանական համարվող ուժերին: Հիմա գլխավոր ինտրիգը կոալիցիայի հարցն է:

Արդյո՞ք ՀՀԿ-ն կկամենա ստեղծել կոալիցիա, երբ նա ունի որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ 66 ձայնը և դեռ ավելին: Իհարկե, հանուն պաշտոնների և իշխանության մաս կազմելու, կոալիցիոն երազանքներին դեռ կարող են հրաժեշտ տված չլինել ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Նրանք ունեն նախարարական պորտֆելներ, հայեցողական բազմաթիվ պաշտոններ, մարզպետների տեղեր և այլն: Գուցե «Բարգավաճ Հայաստանի» դեպքում մի քիչ շտապում ենք, քանի որ այս կուսակցությունը մաս էր կազմում միասնական շտաբի և, ըստ էության, հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից: Գուցե քաղաքական բարոյականությունը ստիպի կուսակցությանը` չքննարկել կոալիցիայի հարցը, թեև կուսակիցներից շատերը, բնականաբար, չեն ուզենա զրկվել պաշտոններից, գոնե ԱԺ հանձնաժողովների նախագահներ լինելու արտոնություններից:

ՕԵԿ-ն էլ, որի նախագահը մի խումբ մարդկանց արդեն պաշտոններ է խոստացել, նույնպես չի կամենա զրկվել իշխանական կերատաշտից, մանավանդ որ կուսակցությունը շատ քիչ մանդատներ ունի, մինչդեռ հայտարարություններ էր անում ունեցածը բազմապատկելու մասին:

Միով բանիվ, այսօր արդեն խաղի կանոնները թելադրողը ՀՀԿ-ն է, նա´ է որոշելու խորհրդարանական զարգացումների սցենարը, նա´ է ձևավորելու կառավարությունը: Անշուշտ, նախագահ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը կարող է բոլոր հարցերը լուծել միանձնյա` հանդիսանալով միակ իշխող կուսակցություն, ինչն առավել կամրապնդի ՀՀԿ դիրքերը: Սակայն առջևում 2013-ի նախագահական ընտրություններն են, որտեղ Սերժ Սարգսյանին բացարձակ հաղթանակ է պետք, իսկ այդ հաղթանակի համար անհրաժեշտ են աջակցող ուժեր և երաշխիքներ, որոնք անկասելի կդարձնեն հաղթանակը: Ահա ինչու հնարավոր է, որ քննարկվի կոալիցիայի հարցը: Այս դեպքում արդեն խորհրդարանում հնարավոր են նոր իրավիճակներ, քանի որ մի շարք հարցերում անհրաժեշտ կլինի ձևավորել համագործակցություն մյուս ուժերի միջև, որոնք չեն ունենա լծակներ և կգործեն «ինքնավար» հիմունքներով` չկարողանալով ազդել որևէ որոշման վրա:

Խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարություններ չեղան, որևէ ուժ չբողոքարկեց ընտրությունների արդյունքները: Իսկ սա նշանակում է, որ բոլորն էլ գոհ են, որ ամեն մեկը ստացել է իրենը: