14 անձնուրաց հայորդիներ


15 տարի առաջ` 1994թ. ապրիլի 21-ին, հերոսաբար զոհվեցին «Շենգավիթ -1» գրոհային ջոկատի 14 մարտիկները: Երկարատև ջանքերի շնորհիվ, շաբաթներ անց նրանց աճյունները տեղափոխեցին Հայաստան. նրանք կողք կողքի ամփոփվեցին Եռաբլուրի սրբաշունչ բարձունքում: Եվ, ահա, այն դարձել է յուրահատուկ ուխտատեղի բոլորի համար: Այստեղ հարգանքի տուրք մատուցելու են գալիս հարազատները, մտերիմները, ընկերները, ազգային բանակի զինվորներ, նվիրյալ շատ հայորդիներ` միմյանց մխիթարելու, հպարտությամբ ներշնչվելու, ոգեկոչվելու: Հունիսի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմը, հասարակական կազմակերպությունների և Շենգավիթ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի զոհված հերոսների շիրիմներին: Շենգավիթում վեր է խոյանում մի հուշակոթող, որն հավերժացնում է համայնքի զոհված ազատամարտիկների հիշատակը: Հուշարձանը զարդարվեց ծաղկեպսակներով ու ծաղիկներով: Այդուհետ ելույթ ունեցողները պատմեցին դրվագներ արցախյան հերոսամարտի և զոհված 14 ազատամարտիկների սխրանքի մասին: Սխրանք, որ նրանք գործեցին հանուն հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ արարման: Նրանց փառքը չի խամրում: Նրանք ապրում են մեր հոգիներում: Ապրում ու ճշմարիտ ճանապարհով քայլելու խորհուրդ են տալիս մեզ` ապրողներիս: