Չարաշահել է պաշտոնեական լիազորությունները


Կոտայքի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ` «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի վարիչի կողմից պաշտոնեական լիազորութ յունները չարաշահելու դեպքի առթիվ: Վերանայելով «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղում տեղի ունեցած գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը` Կոտայքի մարզի դատախազությունը պարզել է, որ մասնաճյուղի վարիչ Մ. Վարդանյանը չի կատարել իր պարտականությունները, չի կազմակերպել պատկերասրահի շենքի պահպանությունը: Ընդհակառակը` թույլատրել է շենքի պահպանությունն իրականացնող պահակներին գիշերային ժամերին չկատարել իրենց պարտականությունները: Արդյունքում, օգտվելով այն հանգամանքից, որ գիշերային ժամերին պատկերասրահում հսկողություն չի իրականացվում. 2009թ. մարտի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք, կոտրելով պատկերասրահի կողային մասի ապակին, մուտք են գործել Հրազդան քաղաքի «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ի շենք և գողացել ընդհանուր արժողությամբ 28 միլիոն 750 հազար դրամի թվով 18 գեղանկար: Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական վարչությանը: ՀՀգլխավոր դատախազության մամուլի ծառայություն