ՆՈՐ ՄԵԿՆԱԿԵՏՈՎ


Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, իսկ Պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ` ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Շնորհավորելով նրանց, մաղթում ենք վերընթաց հաջողություններ` օրենսդրական հետագա գործունեության մեջ: Եվրաինտեգրման հարցերի նորընտիր նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ վստահեցնում է, որ հանձնաժողովի աշխատանքը լինելու է թափանցիկ, հրապարակային, և արվելու է ամեն ինչ` Եվրաինտեգրման հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար. - Եվրաինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության շատ կարևոր գերակայություններից է: Այդ ոլորտում հաջողությունների հասնելու համար պետք է աշխատենք բոլորս: Մենք պետք է ամրապնդենք հարաբերությունները Եվրախորհրդի և Եվրամիության հետ, քանզի 2001 թվականից անդամագրված ենք ԵԽ-ին, իսկ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարգավորվում են եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով: Շատ կարևորում եմ նորերս մեկնարկած Արևելյան գործընկերության ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ընձեռում այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովի աշխատանքին, ապա լուրջ անելիքներ ունենք` մեր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու: Ունենք փորձագիտական բազայի պակաս և այդ խնդիրը կարգավորելու համար համագործակցելու ենք Արտաքին գործերի նախարարության հետ: Նաև օգտվելով ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից` ստեղծելու ենք հանձնաժողովին կից փորձագիտական խումբ, որտեղ ներգրավված կլինեն եվրաինտեգրման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարծում եմ` այս գործիքներն օգտագործելով, կկարողանանք շատ լուրջ առաջընթաց ապահովել մեր առաջնահերթություններում` հատկապես օգտագործելով խորհրդարանա կան հարթակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` այդ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Շնորհակալ եմ նաև մեր խմբակցության և իմ գործընկեր մյուս պատգամավորներին, ովքեր վստահեցին ինձ:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ