ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին: Շնորհավորելով ԱՄՆ վարչակազմի նորանշանակ պաշտոնյային, երկրի ղեկավարը նշել է, որ նրա այցը լավ առիթ է խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին: Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ երկրորդ շաբաթն է ինչ ստանձնել է պաշտոնը, եւ իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսում է Հայաստանից: Նախագահ Սարգսյանը եւ պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալի զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշելով, որ սա պատմական հնարավորություն է, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե տարածաշրջանի շահերից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին Միացյալ Նահանգների վարչակազմի անվերապահ աջակցությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել: n Թբիլիսիի Մեյդան հրապարակում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջ` Գրիգոլ Վաշաձեի ու Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավայի հետ հանդիսավորությամբ բացեց Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողը, որի հիմնաքարը դրվել էր 2008թ. սեպտեմբերին Հայաստանի և Վրաստանի նախագահների կողմից` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած պաշտոնական այցելության ժամանակ: