Հա՞ որ...


ՀԱՃԱԽ է պատահում, երբ մարդկային անմտությունը բոլոր պատկերացնելի սահմանները գերազանցում է: Այսպես, մայրաքաղաքային ընտրությունների քվեարկության «վերծանման» ընթացքում դատախազության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդամները տեղամասերից մեկում հայտնաբերել են նաև ոչ թե ընտրական հանձնաժողովի, այլ ինչ-որ մասնավոր ՍՊԸ կնիքով «վավերացված» ծրարներ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խնդրահարույց կազմակերպության տնօրենը հանձնաժողովի անդամ է: Իհարկե, եթե շատ ցանկանանք, կարող ենք կասկածել, թե թանաքակիր այդ առարկան պատահաբար է հանձնաժողովի «հերոսացած» անդամի գրպանում մնացել, և դրանով ծրարների կնքումը ոչ այլ ինչ է, քան պատահականության, շփոթության հետևանք: Բայց մյուս կողմից էլ անհասկանալի է մնում, թե ինչպես են հանձնաժողովի մյուս անդամները, դիտորդներն ու վստահված անձինք քվեարկության ընթացքում նման անտարբերություն դրսևորել զավեշտալի այդ ընտրատեղամասում ի հայտ եկած անկոչ կնիքի հանդեպ: Որքան էլ տարօրինակ լինի այս ամենը, այնուամենայնիվ, մի բան պարզ է, ընտրակեղծիք ասելով` սովորաբար հասկանում ենք լցոնումներ, այս ու այն կուսակցության օգտին իրականացված նպատակային կեղծիքներ… Մինչդեռ ընտրությունները կարող են նաև այսչափ անհեթեթ պատճառներով անվավեր ճանաչվել: Իսկ մեզ մնում է հանձնաժողովականի չպատճառաբանված ու անիմաստ ինքնագործունեության իրական պատճառների քննությունը դատախազության հայեցողությանը թողնելով` անհամբերությամբ սպասել կատարվածի իրական շարժառիթների բացահայտմանը: ԿԱՅԻՆ ժամանակներ, երբ «ջրի գին» ասելով` մարդիկ նկատի էին ունենում չափից դուրս մատչելի, անվճար լինելու չափ էժան ինչ-որ ապրանք կամ ծառայություն: Հիմա արդեն նշված արտահայտությունը ստիպված ենք ուղիղ հակառակ իմաստով հասկանալ: Հաջորդ ամսից ամռան սաստկացող տապերին ընդառաջ` ջրի մեկ խորանարդ մետրի գինը ևս 8 դրամով բարձրացվելու է: «Երևան Ջուր» ընկերությունը, ինչպես բոլոր նման «միջոցառումներից» առաջ, սակագնի վերանայման հազար ու մի պատճառաբանություն է հանրությանը հրամցնելու: Սակայն, անկախ ամեն ինչից, իրողությունն այն է, որ քաղցրահամ ջրերով հարուստ մեր հանրապետությունում ջրի մեկ խորանարդի գինը հասնելու է կես դոլարի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չքմեղանալու է, թե ամեն ընտանիք ընդամենը մի հարյուր դրամ է ավել վճարելու, բայց խնդիրը միայն այդ 100 դրամը ջուրը գցելով չի սահմանափակվում: Թեպետ այդ 100 դրամանոց «կուժն ու կուլան» ջարդվելու է միայն «Երևան Ջուր» ընկերության պարտաճանաչ բաժանորդների գլխին: Այս օրերին սեփական առանձնատների ջրավազաններում մոտորանավակ քշողներին հազիվ թե հետաքրքրի սակագների վերանայումն ու ընդհանրապես սպառած խորանարդների դիմաց վճարման խնդիրը: Չէ՞ որ հերթական գնաճի «հիմնավոր» պատճառաբանությունների շարքում մշտապես որոշակի տեղ է հատկացվում նաև ջրի կորուստին ու վարձավճարների հավաքագրման ցածր ցուցանիշներին: ԱՆԿԱԽ բարձր սակագնից` ջուրն ավանդաբար կյանքի, առատության ու բերրիության խորհրդանիշն է: Բայց ստացվել է այնպես, որ մեր հանրապետության գյուղատնտեսությունն էլ այս տարի ջրի առատությունից, տվյալ դեպքում` ջերմաստիճանի կտրուկ տատանումներով ուղեկցված տեղումների աննախադեպ քանակից է տուժել: Ճիշտ է, կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց, թե զգալի միջոցներ է նախատեսում ուղղել հայրենի գյուղատնտեսության զարգացման գործին, բայց այն, ինչն արդեն տեղի է ունեցել եղանակային քմահաճույքների հետևանքով, բնականաբար այլևս հնարավոր չէ շտկել: Բայցևայնպես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ամեն ինչ արվում է ոլորտի զարգացմանը նպաստելու համար, մինչդեռ շուկաներում հայտնված այս տարվա առաջին մրգատեսակներն ու բանջարեղենը շարունակում են նախ և առաջ չափազանց բարձր գնով առանձնանալ: Այնպես որ, անտոկոս վարկավորումը դեռ միայն գործի կեսն է, քանի որ մի քիչ էլ այդ վարկերն իսկապես և ամբողջությամբ նպատակին ծառայելու հոգեբանական «եղանակը» պետք է բարեհաճ գտնվի: