ԹԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ


Հարգելի ընթերցող, չնայած հիմա գիրք չեն կարդում, գուցե դուք էլ եք ապրում ոգու սով, դրա համար էլ թույլ տվեք ձեզ դիմել այսպես. հարգելի քաղաքացի, հարգելի գնորդ, հարգելի բնակիչ, հարգելի աղքատ, անհարգելի կաշառակեր, անհարգելի գջլող, անհարգելի բարոյազուրկ… Փաստը` փաստ է, որ մեզանում գնաճ է, որն էլ շատերի համար այդ աջ ու ձախ աճ է: Այս թանկությունների մասին իր ժամանակին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է ասել` բալը թանկ ա… Խեղճ միամիտ Գիքորի հալածանքը սկսվեց, երբ բազազ Արտեմի ասածը տանը կրկնել է` բալը թանկ ա… Դե, ասեք, հարգելի չգիտեմ ինչներ, բա մեր աչքն ու ականջն ի՞նչ անեն, որ տեսնում, լսում են, որ էդ վերոհիշյալ գնաճից տուժում են: Քնում-արթնանում ես, լսում ու տեսնում, թե մի գիշերվա մեջ ինչքան է թանկացել երեկվա ապրանքը: Սրա միամիտ պատասխանը սա է. եթե ուզում եք ապրանքների գները չթանկանան, դուք էլ մի քնեք… Հիմա կասեք` ինչ է, անքնությամբ տառապե՞նք… Առանց այն էլ գների աճից մեր քունը փախել` քուն-դադար չունենք: Եթե դիմենք մի էժանագին մեթոդի` ազգովի երգենք. «Գիշեր ու ցերեկ քուն¬դադար չունեմ» երգը, մեր քունը կտանի՞: Բայց ի՞նչ ենք կերել, որ երգենք, սոված փորից ձեն դուրս կգա՞… Այն ժամանակ Գիքորը միամտորեն ասել է` բալը թանկ ա, իսկ հիմա թերսնվող մասսան ասում է` ի՞նչ բալ, ի՞նչ գազար, կարտոֆիլ, ձեթ, շաքարավազ, էլ չենք ասում դեղ ու դեղորայքը, հաց ու պանիր` կեր ու բանիրը, սալորը, տանձ ու խնձորը, էլ ո՞րն ասենք, էլ ո՞րը… Հա, էստեղ մոռացանք պոպոք-պնդուկն էլ նշել: Բայց նշենք¬չնշենք, մեկ ա` պոպոք¬պնդուկը մեր գլխին են ջարդում: Ու հիմա մեր էս ջարդված գլխով, կիսամարդ, կիսաքաղց վիճակով ո՞նց գնանք թատրոն, կինո, չէմիչէ օպերա, ուրախ ու տխուր միջոցառումների, թեկուզև` ցույցերի, որ մի բանով էլ մեզ ցույց տանք, թե տեսեք` մենք էլ ենք մարդ` ապրում ենք էլի, ամեն մեռնողի երանի տալով: Բայց մեռնել ցանկացողների թիվն էլ է խիստ նվազել, որովհետև էնտեղի բալն ավելի թանկ է: Ձեզանից` ամեն մեկն իսկի չլինի մի անգամ հո մեռած կլինի` բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի… Ո՞վ վախով չի կարող հիշել, թե իրենց կիսամեռ հարազատները ինչքան տվեցին հիվանդանոցի փող, գերեզմանատեղի փող, տերտերի փող, փոս փորողի փող, հողարկավորման ու մի քանի ծաղկի փող, հոգեհացի փող… Էստեղ է ասված` մեր ապրուստն ի՞նչ է` մի կտոր չոր հաց, էլ էլ հրեն հա երկնքից կախված… Բա էսքանից հետո մի հատ սրտանց չասե՞նք` թանկությունների երկիր Հայաստանս: Ասենք, բա չասե՞նք, բա մեռած հո չենք… Որ այս թանկությունների պատճառը անցումային ձգձգվող շրջանն է, որ մեր կյանքը տեղ¬տեղ անանցանելի է դարձրել: Բա չասենք, որ անկախ ենք, որ էդ թանկացումներն էլ մեր կամքից անկախ են լինում: Ու չգիտենք` բա մեր կյանքի բարելավումը ի վերջո ումի՞ց է կախված: Էս տնաշեն ճգնաժամն էլ, որ մի քանի ժամով պիտի ճգներ մեզ մոտ, տարիներով է ճգնում, անժամկետ: Էստեղ հարմարվել է, երևի իր սրտովն է: Երևի կարծում է` իր ներկայությունը պարտադիր է` հարուստների հարստացման, աղքատների աղքատացման համար: Քանի որ գնաճի ու ճգնաժամի տնկիները խոր արմատներ են գցել նաև մեր լեռնաշխարհում, մեծ ծառեր են դարձել ու դեռ պտուղ էլ են տալիս, տված պտուղն էլ կաշառակերությունն է` կոռուպցիան, պաշտոնամոլությունը, գործազրկությունը, հարստահարումը, բարոյազրկությունը և նույնիսկ մեր ոսկեղենիկ լեզվի ոսկու հանումը: Եվ, քանի որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ամենուր, ամեն օր այդ պտուղներն են մեզ հրամցնում: Ո՞րն էլ ուտես` վտանգավոր է: Բայց ի՞նչ ուտել, երբ միայն դրանք են տարածված մեր տարածաշրջանում: Մի հարցնող լինի. այսքան չարի պտուղներ ցանողին` ո՞վ պիտի հիմա էլ բարի պտուղներ ցանի, որ կյանքը ընթանա իր բարեկեցիկ հունով` մարդասիրություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն, աշխատանք, հայրենասիրություն, հայրենադարձություն, ժողովրդավարություն, պետական մտածողություն… Իսկ ինչո՞վ են զբաղված, ի՞նչ են անում մեր պետայրերը: Այդ ո՞ւմ են այրում, ինչո՞ւ են այրում իրենց հայրենակիցներին: Ինչո՞ւ են նպաստում ներկա չափերի թանկացմանը, ի՞նչ շահերի են հետապնդում: Գուցե այդ շահերին հետևողներն ուզում են շահ դառնալ: Գուցե մեր առաջնորդներն առաջնորդվում են` թանկից էժանը չկա ժողովրդական առածով: Մեզանում անհարկի բարձրացած ապրանքի գինը չի իջնում, ինչպես փողով բարձրացած չինովնիկի գինը.. Այսպես, մեր մասին մտածող, մեր գաղտնի¬բաց քվեարկությամբ ընտրված ղեկավարները, առաջնորդները, իշխանության ղեկի մոտ կանգնած անընդհատ հետևում ու կարգավորում են, որ ապրանքների գները թանկանան, էնքան թանկանան, որ մի ամենաթանկ օր էլ ասեն` թանկագին երկիր, Հայաստան: Հ. Գ. Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, էս գործը գրելիս մեզ իր իմաստուն խոսքերով օգնության հասնելու համար:

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ Գուրգեն ԼՈՌԵՑԻ