Տարեգրության էջերից


11 Հունիսի «Օղակ» ռազմագործողության հետևանքով Հյուսիսային Արցախի Գետաշեն, Մարտունաշեն, ինչպես նաև Հադրութի շրջանի սահմանամերձ և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի հայաթափումն ու Հայաստանի սահմաններում իրադրության կտրուկ բարդացումը հրատապ խնդիր են դարձրել ԻՊՈՒ-ն համախմբելու և ղեկավարելու ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը: Ինքնապաշտպանության կազմակերպման հարցերը 1991-ի հունիսի 11-ին քննարկվել են ԼՂԻՄ մարզգործկոմում, որոշվել է ձեռնարկել շտապ կազմակերպական միջոցներ և ամրապնդել մարզի ղեկավարության դիրքերը: Մարզգործկոմի նախագահի պարտականությունները դրվել են Լ. Պետրոսյանի վրա: 12 Հունիսի ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն ՀՕՊ-ի ստեղծմանը ձեռնամուխ է եղել 1992-ի գարնանը, կարճ ժամանակամիջոցում կազմավորել ՀՕՊ-ի ուժեր, ձեռք բերել համապատասխան տեխնիկական միջոցներ: 1992-ի ապրիլին ռազմաճակատի հարավային հատվածում ՀՕՊ-ի ուժերը խփել են հակառակորդի առաջին` ՄԻ-24 ուղղաթիռը: Գարնան վերջին և ամռան սկզբին ՀՕՊ-ը համալրվել է ռադիոտեղորոշիչ կայանքով: 1992-ի հունիսի 12-ին Ասկերանի մոտ խփել է հակառակորդի ՍՈՒ-25 ինքնաթիռը, իսկ ամբողջ պատերազմի ընթացքում` հակառակորդի ռազմաօդային ուժերի 25 ինքնաթիռ և ուղղաթիռ: 13 Հունիսի 1992 թ. հունիսի 13-ին, 4 տանկերով հրետակոծելով Խաչենագետի կամուրջը, թշնամին ներխուժել է Սրխավենդ ու Կիչան, խափանել Մարտակերտի ու Շահումյանի հետ կապը: Դեռ ավելին, մեծաքանակ հետևակ ու մարտական տեխնիկա կենտրոնացնելով Կարմիրավան-Չայլու և Մարաղա-Թալիշ ուղղություններում (միայն վերջինիս դեմ` 1500 զինվոր, 4 տանկ և այլազան տեխնիկա), ինչպես նաև օդից ռմբակոծելով Թալիշը, ամբողջությամբ մեկուսացրել է Շահումյանի շրջանը: Վերջինիս ուղղությամբ լայնածավալ հարձակում սկսվել է հունիսի 13-ի վաղ առավոտյան: Հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի բազմապատիկ գերազանցությունը, հրետանու և օդուժի զանգվածային կիրառումը վճռել են մարտի ելքը: Հայ մարտիկներին չի հաջողվել դիմագրավել գրեթե բոլոր կողմերից հարձակվող հակառակորդի գերակշռող կենդանի ուժին ու մարտական տեխնիկային: Խփելով մոտ 12 միավոր տեխնիկա, զգալի կորուստ պատճառելով կենդանի ուժին` Շահումյանի ԻՊՈՒ մարտիկները ընդամենը կարողացել են ապահովել շուրջ 13 հզ. խաղաղ բնակիչների նահանջն ու տարհանումը: Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի` 1990-ի մայիսի դիմում-խնդրանքով հունիսի 13-20-ը 2-րդ անգամ ՀՀ և ԼՂ է այցելել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը` ուսումնասիրելու Արցախում ու հարակից հայկական շրջաններում տիրող ծանր դրությունը և առաջարկել իր աջակցությունն այն բարելավելու համար: Այցելության վերջում պատվիրակությունը հրապարակել է հետևյալ հայտարարությունը. «ԵՀԽ-ի առաջին պատվիրակությունը Հայաստան է ժամանել 1988-ի սեպտեմբերին` Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո: Այդ պատվիրակությունը խորհուրդ է տվել ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարին, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պաշտպանի հայերի օրինական շահերը Խորհրդային Միությունում` հատկապես վերակառուցման ընձեռած նոր հնարավորությունների պայմաններում: Ներկա այցելության ընթացքում մենք շատ շրջեցինք հանրապետությունում, հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանամերձ հայկական գյուղերից բռնագաղթածներին: Նրանք արտահայտում են իրենց տառապանքները, նաև ձգտումը` անվտանգության և ապահով կյանքի երաշխիքներ ունենալու, հնարավորինս շուտ վերադառնալու իրենց բնակավայրերը, դարեր շարունակ իրենց նախնիների ապրած հողը: Մենք նաև Գերագույն խորհրդում ունկնդրեցինք վերջերս ազատված պատանդներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամներն իրենց գյուղերի վրա հարձակումների հետևանքով կամ սպանվել են, կամ շարունակում են գերի մնալ Ադրբեջանում:... Մենք կդիմենք կառավարություններին, որ օգտագործեն իրենց հեղինակություն ները, որպես առաջնային խնդիր պատանդներին ազատելու, անմեղ գյուղացիների վրա հարձակումներին վերջ տալու, նրանց կյանքի անվտանգության, մարդու իրավունք ների միջազգային օրենքների պահպանման երաշխիքներ հաստատելու, առաջացած բարդությունները լուծելու համար...»: Եկեղեցու մեծապատիվ սպասավորները պարտավորվում են խնդրանքով դիմել աշխարհի բոլոր անդամ-եկեղեցիներին, «որ նրանք իրենց աղոթքի ձայնը բարձրացնեն, միացնեն հայ ժողովրդի ձայնին` նրա համար այս դժվարին, բայց հույսերով լի ժամանակաշրջանում»: ԵՀԽ Արցախի խնդրի լուծման համար միջնորդություն է ներկայացրել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին: