«ՄՈՆԹԵՆ ամենաազնիվն էր աշխարհում…»


«Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս չեմ խնայի: Ես երդում տված եմ...»: ՄՈՆԹԵ «ՄՈՆԹԵՆ ամենաազնիվն էր աշխարհում…» 18 տարի առաջ` հունիսի 12¬ին, զոհվեց մեր մեծ հերոս, Արցախի լեգենդար զորավար, Մարտունու ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: Եզակի ու անկրկնելի էր նա` իր էությամբ, խառնվածքով, անչափելի ազնվությամբ: Մարդ, ով կենդանության ժամանակ էլ լեգենդ էր և շարունակում է մնալ այդպիսին: Նա այսօր էլ կենդանի է, ապրում է` իր անմոռանալի կերպարով: Հավատարիմ երդմանը` Մոնթեն դարձավ հայրենիքի ազատության զինվորը. դարձավ հրամանատար, ում անվերապահորեն հավատում էին: - Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Պատերազմի մեջ, թե դրանից դեսը` ինձ հայտնի հրամանատարներն իշխում և իշխել են ուժով, սիստեմի ատամնանիվներով և այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակն ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի` Էքզյուպերիի փոքրիկ իշխանի ազնվությամբ ու պարզությամբ… այս կերպարի դեմ խաղ չկա: Սա իր ետևից բանակ կարող է տանել,¬ Սպարապետ Վ. Սարգսյանն այս խոսքերի մեջ լավագույնս խտացրել է հերոսի ամբողջական կերպարը: Ճակատագրի բերումով` պապենական Մարզվանից գաղթած ու ԱՄՆ¬ի Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա ավանում հաստատված Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնվեց Մոնթեն: Օտար երկիր, օտար բարքեր… 12 տարեկան էր, երբ ընտանիքով մեկնեցին ճամփորդության: Եղան տարբեր երկրներում: Մի օր էլ երկար ու ձիգ ճանապարհները տարան Արևմտյան Հայաստան: Մոնթեն տեսավ պապենական տունը և առաջին անգամ գիտակցեց, որ հայ է: Հողի կանչն արձագանքեց երակներում: Ուսման մեջ ունեցած բացառիկ հաջողությունների համար նրան ուղարկեցին Ճապոնիա, որտեղ 1 տարի ծանոթացավ ռազմարվեստին: Ապա ուսումը շարունակեց Բերկլիի համալսարանի Հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժնում: Նրա հետաքրքրությունները սահմաններ չէին ճանաչում: Տիրապետում էր 7 լեզուների: Ուրարտական ժայռափոր դամբարանների մասին պատմող դիպլոմային աշխատանքը հանձնելով` ընդունվեց Օքսֆորդի համալսարան, սակայն հրաժարվեց ուսումը շարունակել: Ավելի կարևոր առաքելություն ուներ: Հետագա ճանապարհները Մոնթեին տարան Լիբանան` հայերեն սովորելու նպատակով, ապա Իրան` հայկական գաղթօջախին ծանոթանալու համար: Ակտիվորեն մասնակցեց հայկական թաղամասերի պաշտպանությանը: 1990¬ին օտար ափերում ծնված հայորդին եկավ Հայաստան` անմիջապես հիմնելով «Հայրենասիրական» ջոկատը: Որոշ ժամանակ անց միացավ «Կոռնիձորին» և մեկնեց Շահումյան` Ղարաչինար գյուղ: 1992¬ի փետրվարին նշանակվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Անհնար է ամբողջացնել Արցախյան գոյապայքարի տարեգրությունն առանց Մոնթեի: Նա իր անկրկնելի հմայքի, մարդկային բարձր ու վեհ հատկանիշների, հրամանատարի բացառիկ տաղանդի շնորհիվ իր շուրջը համախմբեց բոլորին և գերազանց պաշտպանություն կազմակերպվեց: Մեկը մյուսի հետևից մաքրվեցին հայկական շեները ելուզակներից: Յուրաքանչյուր մարտից հետո հայկական կողմը ձեռք էր բերում թշնամու մեծ թվով զենք ու զինամթերք: Մոնթեն Հրամանատար էր և Զինվոր… նա քաջ գիտակցում էր իր առաքելությունը և հաղթանակի անհրաժեշտությունը` - Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը: - Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ, ա´յս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ` իմ հայրենիքի ա´յս կտորի պաշտպանության համար կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան յուրաքանչյուր հայ: Հետևաբար` բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ,¬ ասում էր խիզախ մարտիկը, ով Հայրենիքի համար մինչև վերջին շունչը պայքարեց և ընկավ… 1993¬ի հունիսի 12¬ը վերածվեց համաժողովրդական սգի: Այդ օրն առաջին անգամ չէր մասնակցում մարտին, այլ դիտակետից էր ղեկավարում: Մարտական գործողության ավարտից հետո, երբ իջան Մարզիլու գյուղ, դեմ առ դեմ հանդիպեցին ԲՄՊ¬1 զրահամեքենայի և մի քանի զինվորների: Մինչ կհասկանային, որ նրանք հակառակորդի բանակից են, զինվորները կրակ բացեցին: Զրահամեքենայի արկը դիպավ էլեկտրասյանը և մի բեկոր մխրճվեց Մոնթեի ճակատի ձախ անկյունը… Մարտունին որբացավ, կորցրեց իր քաջարի հերոսին` պաշտելի Ավոյին: Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվեցին ՀՀ Ազգային և Արցախի հերոսի բարձրագույն կոչումներ: Սակայն այսօր էլ ապրում է հերոսը բոլոր նրանց կողքին, ովքեր տեսել են նրան, լսել ձայնը: Եվ նույնիսկ նրանց հետ, ովքեր անձամբ չեն ճանաչել: - Մոնթեն էությամբ կատարյալ հայրենասեր էր: Նա ազգայնամոլ չէր, օտարատյաց չէր: Սիրում էր հայրենիքը ոչ թե ընդդեմ որևէ մեկի, այլ հանուն ժողովրդի: Դրանով ավելի է արժևորվում նրա հայրենասիրությունը: Մոնթեն արհամարհում էր նյութականը, նա հոգով էր հարուստ: Երբեք ոչ մեկի հետ չէր համեմատվում, միայն ինքն իր անձի հետ, այն իդեալների հետ, որոնց հավատում էր: Փորձում էր ինքն իրեն գերազանցել. այդպես էլ ապրեց: Առաջին հերթին հենց դրա արդյունքն էր նրա հաղթանակը,¬ հերոսի կերպարն ամբողջացնում է նրա մտերիմ ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ նախագահ Ալեք Ենիգոմշյանը: Մոնթեն նաև մեծ երազող էր և աննկարագրելի լավատես: Նրա երազանքներից մեկն իրականություն է դարձել` մեր հաղթական բանակի ստեղծումը: Նա ավելի հեռուն էր գնում` «Մեր պայքարն Արցախով չի ավարտվելու»: Երազում էր ավելի մեծ հաղթանակների` Մեծ ու Միացյալ Հայաստան ստեղծելու մասին: Մոնթեն հավատում էր… Մենք էլ լցվենք նրա հավատով ու լավատեսությամբ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ