ՈՎ Է ԼԱՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ


Վերջին օրերին բուռն քննարկման նյութ է դարձել մոսկվաբնակ մոտ 500 ուսանողի ստորագրությամբ տարածված այն նամակը, որում հայ երիտասարդները բողոքում են, որ Ռուսաստանի հայերի միությունը բացարձակորեն չի զբաղվում ՌԴ-ում և մասնավորաբար Մոսկվայում բնակվող հայ պատանիների ու երիտասարդների խնդիրներով: Ամբողջովին մոռացության են տրված հայապահպանման հարցերը, իսկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդն էլ զբաղվում է միայն Մոսկվայում կառուցվող եկեղեցու համար մեծահարուստ հայերից մեծ գումարներ հավաքելով: Նամակն, իրապես, անհանգստացնող է, եթե չասենք` սկանդալային, քանզի հայ երիտասարդները, ովքեր նախաձեռնել են Հովհաննես Թումանյանի «Անուշի» բեմադրությունը, խոսում են կարևոր խնդիրների մասին, առաջնային դարձնում լեզվի ու ազգային էության պահպանման հարցերը: Չէինք կարող անտարբեր գտնվել այս նամակի հանդեպ, ուստի մենք էլ նախաձեռնեցինք լրագրողական հարցախույզ` պարզելու նամակում առկա մեղադրանքների հավաստիությունը: Այն, որ Ռուսաստանի հայերի միությունն իսկապես որդեգրել է պասիվ կենսադիրք և քիչ է մասնակցում համայնքի խնդիրների լուծմանը` հավաստեցին շատերը: Շատերը նաև պնդեցին, որ Հայաստանում իրականացնելով մի քանի ծրագրեր և երբեմն էլ տրվելով ցուցամոլությանը, միությունը չի կարողացել կարևորել իր գործունեության առաջնային սկզբունքները: Այս ամենի մասին լսելը հաճելի չէր, մանավանդ որ մենք էլ ժամանակին դրվատել ենք ՌՀՄ-ին` հատկապես Հայաստանի Գրողների և Ժուռնալիստների միությունների հետ իրականացրած մրցանակաբաշխությունների համար: Իհարկե, տրվող մրցանակային գումարները երբեմն ծիծաղելի են, սակայն դրանք չեն խանգարում, որպեսզի խրախուսվելով` ստեղծագործողներն իմանան, որ ունեն աջակցողներ ու գնահատողներ: Սակայն հիմնարար խնդիրները ներհամայնքային են, գուցեև` չափազանց խորը, որոնք պիտի հետաքրքրեն նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը, որի աշխատանքներով էլ հիացած չեն մեր հազարավոր հայրենակիցներ, ովքեր այսօր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ Ռուսաստանում ապրող հայերի թիվը մոտենում է երկու միլիոնի: Նրանցից շատերն, իսկապես, իրավական և մշակութային աջակցության կարիք ունեն: Նրանք հաճախ են ցանկանում իրենց թիկունքին զգալ պետականության ներկայությունը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և մասնավորաբար Մայր Աթոռի շուրջ վերջին շրջանում հաճախակի են դարձել ծավալվող խոսակցությունները: Հատկապես շատերն են գրում ու խոսում այն մասին, որ եկեղեցին զբաղվում է միայն բարեգործների ներդրած միջոցների հաշվին եկեղեցիներ կառուցելով` երբեմն հեռու մնալով թափանցիկությունից: Այս հարցերն, իհարկե, պետք է քննարկվեն Եկեղեցու ներսում, Հոգևոր խորհրդում, որովհետև դրանք անչափ զգայուն հարցեր են, մեծ պատասխանատվություն պահանջող: Ինչ վերաբերում է Եզրաս եպս. Ներսիսյանին ուղղված մեղադրանքին, ապա մենք պարզեցինք, որ Մոսկվայի եկեղեցու շինարարության համար հավաքվող գումարները մեծ չեն. մոտ 1000 հոգուց կազմված ցուցակներում նվիրատվությունները սկսվում են հինգ դոլարից... Բայց այդ ցուցակներում չգտանք հայ մեծահարուստների անուններ, ովքեր, հավանաբար, գերադասում են հյուրանոցներ ու խանութներ կառուցել, առևտրի հսկայածավալ կենտրոններ հիմնել, քան աջակցել հայ եկեղեցուն, որը հայապահպանության գլխավոր հանգրվաններից մեկն է: Հնչեցված մեղադրանքները բաժանվում են օբյեկտիվի ու սուբյեկտիվի, ճշմարտությունն ու կեղծիքը երբեմն միահյուսվում են` ապակողմնորոշելով հանրային կարծիքը, սակայն այս ամենն իսկապես մտորելու և խորհելու առիթ է տալիս: Հետևաբար պետք է օգտագործել առիթն ու համահայկական համաժողովների ժամանակ իրատես և համարձակ խոսակցություններ ծավալել, որպեսզի ոչ ոք չհանդգնի լարել իրավիճակն ու պղտորել իրականությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ