Հունիսի 12¬ին նա կդառնար 60 տարեկան


Չհասցրեց... Բայց այսօր մենք հոբելյանական շնորհավորանքներն ուղղում ենք նրա հարազատներին, մերձավորներին և գաղափարակից մտերիմներին: Անցած տարիները չեն խամրել նրա մասին հիշողությունները: Որովհետև, մարդկային կերպարից զատ, ապրում են նրա դասերը:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ
2007 թվականի մարտի 25-ին կյանքից հեռացավ նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մարդ, ով իր ողջության օրոք արդեն իսկ արժանացել էր համաժողովրդական սիրո և գնահատանքի: Անհատ, ով քաղաքական կյանքի յուրատեսակ կարգավորիչն էր, բոլոր կոնֆլիկտների հարթողը: Նրա մարդկային ու քաղաքական գործչի հատկանիշներին տարբեր գնահատականներ են տրվել, ամեն մեկը ձգտել է յուրովի արժևորել նրա տեղն ու վաստակը մեր պետության կայացման մեջ` այսպես ամբողջացնելով նրա դիմանկարը: Մարդու և պետական գործչի, անճառ հայրենասերի ու հայ մտավորականի կերպարը: Օրերի հարափոփոխ ընթացքի, վերարժևորումների և վերագնահատությունների մեջ գրեթե ոչ ոք չի փոխել իր նախնական գնահատականները, ոչ ոք չի ջանացել, գոնե հանուն պատեհապաշ տության, բծեր գծել նրա դիմանկարին: Ու «Մահացածի մասին կամ լավ, կամ ոչինչ» փիլիսոփայությունը չէ, որ առաջնորդել է մարդկանց: Ոչ էլ` իդեալական կերպար ստեղծելու ռոմանտիկական սևեռումները: Պարզապես անհնար է բծեր գցել Անդրանիկ Մարգարյանի կերպարին, անհնար է օրերի հետագծերի մեջ մոռացության մատնել նրա այն բոլոր հատկանիշները, որոնք էլ նրան դարձրել են եզակի և բացառիկ: Մեկն այն քչերից, ով կարողացավ ամենաբարդ պայմաններում անգամ դուրս գալ ծանր ու անելանելի համարվող իրավիճակներից: Ուստի, շատ ավելի այսօր կարևորվում և արժևորվում են նրա դասերը, որոնք չեն կորցնում իրենց նշանակությունն ու այժմեականությունը, որոնք այնքա˜ն անհրաժեշտ են հիմա, երբ երկիրը նորից ծանր կացության առջև է` չունենալով կառավարման առավել ընկալելի և ընդունելի մեխանիզմներ, որոնցով տեսանելի պիտի դառնար առաջընթացը: Անդրանիկ Մարգարյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ ժամանակաշրջանում` քաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ առավել ցայտուն էին «ֆորս մաժորային» վիճակները: Իրապես, բարդ ու հակասական մի ժամանակաշրջան էր, երբ փրկության միակ հենարանը շրջահայացությունն էր: Անդրանիկ Մարգարյանի գլխավոր ներդրումն այդ ժամանակաշրջանում հենց շրջահայացությունը դարձավ, որն էլ համախմբումի առաջին արդյունքներն արձանագրեց: Համախմբում` քաղաքական կյանքում: Մշտապես այն տեսակետն է տիրապետող եղել, թե կառավարության ղեկավարն առաջին հերթին պատասխանատու է տնտեսության, այլ ոչ քաղաքական կայունության համար: Սակայն Անդրանիկ Մարգարյանը յուրովի պայքարեց կարծրատիպերի դեմ` հաստատելով կառավարության ղեկավարի մի նոր ֆենոմեն, որի առաջնային խնդիրներից մեկը եղավ համախմբումն ու կայունությունը: Ուրեմն, առաջին դասը, որը ավանդեց Անդրանիկ Մարգարյանը` բոլոր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության հաստատումն էր, ինչի արդյունքն էլ կայունությունն է: Այսօր մեր քաղաքական իրականությանն հենց այդ համախմբումն է պակասում: Այսօր մենք ունենք երեք կուսակցություններից ձևավորված կոալիցիա, կան համաձայնություններ և հռչակագրեր, սակայն խախտված է ներքին ներդաշնակությունը, կուսակցությունները համաձայնության հասնում են ոչ թե փոխըմբռնումների ու միասնական դիրքավորումների շնորհիվ, այլ` շատ հաճախ սեփական շահերի և ազդեցությունների, հաշիվների և հաշվարկների գերակայությամբ: Ավելին, երբեմն անհրաժեշտ է լինում համոզել, անգամ ստիպել… Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում ևս ձևավորվեց քաղաքական կոալիցիա, սակայն այն իրողություն դարձավ միայն 2003-ին, իսկ մինչ այդ, որպես առաջատար ուժ, դիտարկվում էր Հանրապետական կուսակցությունը, որի կողքին ցայտուն հավակնություններով և ամբիցիաներով հառնում էր ՀՅԴ-ն, որը հատկապես 1999 թ. Հոկտեմբեր 27-ից հետո ձգտեց թելադրող դիրքերի հաստատման: Ահա այս հարցում էր, որ անգերազանցելի էր Անդրանիկ Մարգարյանը, նա կարողանում էր ոչ թե պարտադրել, այլ` համոզել ու բացատրել, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը համագործակցությունը դարձնում էր արդարացված և ցանկալի: Երկրորդ դասը ընդդիմության հետ տարվող աշխատանքն էր, ինչի շնորհիվ Հայաստանը զերծ մնաց ցնցումներից: Հենց կառավարության ղեկավարի և քաղաքական նշանավոր գործչի ջանքերով էր, որ որոշակիորեն ընդլայնվեցին ժողովրդավարական ազատությունները, հանրահավաքները չդարձան ծայրահեղական դիրքորոշումների արտահայտման հանգրվաններ: Անդրանիկ Մարգարյանը հաճախ էր երկխոսություն վարում ընդդիմության ներկայացուցիչների հետ, նրանցից շատերի հետ պահպանում դրացիական հարաբերություններ: Հենց այդ հարաբերություններն էլ նպաստում էին փոխմբռնումներին, ճշգրիտ որոշումների կայացումներին: Ցանկացած պետության մեջ այնքան անհրաժեշտ է ընդդիմության հետ տարվող աշխատանքի հստակ մարտավարությունը, որը շատ ու շատ երկրների համար առաջնային խնդիր է դարձել, նպաստել կառավարություն-ընդդիմություն խաղաղ գոյակցությանը: Բազմաթիվ են եղել առիթները, երբ վարչապետը նստել ու զրուցել է ընդդիմադիրների հետ, ունկնդրել նրանց առաջարկությունները, խորհրդարանում կարևորել ընդդիմության դերը: Այսօր մեզ դա էլ է պակասում: Մի կարևոր դաս էլ թողեց Անդրանիկ Մարգարյանը. պետական պաշտոնյաների, կառավարության անդամների հանդեպ պահանջկոտությունն ու խստությունը: Կոռուպցիան և հովանավորչությունը, հատկապես նախարարներից շատերի ցոփ ու շվայտ կենցաղը երբեք էլ Հայաստանում արմատախիլ չեն եղել: Սակայն Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում քիչ էին չինովնիկական սանձարձակությունները, շատերի գործունեությունը տեսանելի էր և թափանցիկ: Կառավարության կազմում չկային հիվանդանոցային հսկա համալիրների սեփականատեր նախարարներ, ովքեր պետական միջոցները ծառայեցնում էին սեփական հիվանդանոցների բարգավաճմանը, որևէ նախարարություն կամայական որոշումներ չէր կայացնում, չէր փոխում կանոնակարգեր` «յուրայիններին» պաշտոններ տալու համար: Անդրանիկ Մարգարյանը երբեք չգնաց դեպի ապօրինությունները, երբեք անձերի շահերը գերակա չդարձրեց օրենքների և պետական շահերի հանդեպ: Խստապահանջությամբ ամեն ինչ արեց, որպեսզի կառավարությունը ծավալի պրոֆեսիոնալ գործունեություն, տուրք չտա պատեհապաշտությանը: Նա հաճախ էր ժխտողական կեցվածք ընդունում` հատկապես «Օրինաց երկրի» պոպուլիստական հայտարարությունների հանդեպ: Եվ հասարակությունը հասկանում էր, որ դա ոչ թե կուսակցական խանդի դրսևորում էր, այլ կառավարության ղեկավարի իրատեսություն: Կարևոր և օրինակելի դաս է արվեստասիրությունն ու մշակութային արժեքների հանդեպ հարգալից վերաբերմունքը: Մշակույթի կառավարման ոլորտում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաները, բնականաբար, Անդրանիկ Մարգարյանի ցանկությամբ չէին նշանակվում, քանզի գոյություն ուներ կոալիցիոն հուշագիրը: Սակայն վարչապետը խիստ էր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խճողում և աղավաղում էին մշակութային քաղաքականությունն ու կառավարման սկզբունքները: Մշակույթի հինգ նախարար փոխվեց նրա վարչապետության շրջանում, ինչն աննախադեպ էր, սակայն նա թույլ չէր տալիս, որ պատահական մարդիկ տեղ գրավեին կառավարության կազմում: Վարչապետը միայն փոխնախարարներ նշանակելու իրավունքն ունի, և Անդրանիկ Մարգարյանի ջանքերով մշակույթի ճշմարիտ գործիչներ եկան նախարարութ յուն, ովքեր ահռելի օգուտ բերեցին հայրենի մշակույթին: Նա գիտեր մշակույթի դերն ու նշանակությունը: Լավ կլիներ, որ ներկայիս իշխանավորները հաճախ հայացք հառեին Անդրանիկ Մարգարյանի գործունեությանն ու սովորեին նրանից, նրա պես արժևորեին ազգային մշակույթը, որը մեր գոյության գլխավոր պայմաններից մեկն է: Եվ վերջին դասը. տնտեսության հրաշալի իմացությունն ու կառավարման անաղմուկ, սակայն արդյունավետ ձևերի ներդրումը: Անդրանիկ Մարգարյանը տիրապետում էր իրավիճակին, գիտեր տնտեսության զարգացման առանձնահատկությունները, երբեք առաջնությունը չէր տալիս առևտրային բանկերի գործունեության ընդգրկունությանը` գիտակցելով, որ հենց այդ բանկերն են խարխլում համաչափությունների հիմքերը: Անդրանիկ Մարգարյանը շատ լավ գիտեր տարածաշրջանային երկրների տնտեսական յուրատիպությունները և օրինաչափությունները, ուստի ձգտում էր այստեղ ևս ներդնել առաջավոր միտումները, համաքայլության սկզբունքներ մշակել հատկապես Վրաստանի հետ` ծրագիր ունենալով Վրաստանի հետ ձևավորել միասնական տնտեսական դաշտ: Այսօր Հայաստանի տնտեսությունը զարգանում է անհասկանալի մոդելներով` այդպես էլ չունենալով համագործակցության և տնտեսական միասնականության ծրագրեր: Հիպոթետիկ հայտարարությունները ամերիկյան կամ չինական մոդելների տեղայնացման մասին` չեն կարող արդյունավետ լինել: Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում մեծ նշանակություն էր տրվում գյուղին և գյուղատնտեսությանը, քանի որ վարչապետը շատ լավ գիտեր գյուղը, հասկանում էր գյուղացու խնդիրները: Պարտադիր չէ, որ երկրի իշխանությունները գյուղական ծագում ունենան, սակայն անտարբեր չպետք է լինեն գյուղի հանդեպ` մտածելով, որ գյուղն է քաղաքին կերակրողը…