Անեծքը` բումերանգ


Մինչ ֆուտբոլասերներն անհամբերությամբ սպասում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին, ուր հանդիպելու են Բրազիլիայի և Գերմանիայի հավաքական ները, բրազիլացիներին որոշել է օգնել տեղական վուդու-կախարդը:

Հին պաշտամունքի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստվում է անեծք հղել Գերմանիայի հավաքականին (խե˜ղճ գերմանացիներ).

- Ես կվերցնեմ նրանց առաջատար խաղացողին և կկապեմ նրա ոտքերը,- ի լուր ամենքի «խոստացել է կախարդ Հելիո Սիլմանը, Ռիո-դե-Ժանեյրոյից:

Սիլմանը քաղաքում մոգության իրերի խանութ ունի, որտեղ առևտրից բացի նաև վուդուական ծիսակատարություններ է անցկացնում: Այդ թվում և` ֆուտբոլային մրցախաղերի նախօրերին: Ծիսակարգը հետևյալն է. կախարդը վերցնում է այս կամ այն խաղացողին մարմնավորող տիկնիկը, նրան տեղավորում է տուփի մեջ, որը խորհրդան շում է ֆուտբոլային խաղադաշտը և շուրջբոլորը մոմեր է վառում: Այդուհետև արտաբերում է անեծքը:

Ասում են, որ այս ամենը խաղերի ընթացքի վրա ազդում է մերթընդմերթ: Սիլմանը հավատացրել էր, թե կախարդել է կոլումբիական հավաքականի խաղացողին, և Կոլումբիան պարտվել է 2:1 հաշվով: Սակայն նրա կախարդանքն ի զորու չէր վնասվածքից պաշտպանել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին:

Այսուհանդերձ, ինչպես գրել է The RΖw Story-ն` կախարդը տիկնիկ էր պատրաստել առաջիկա մրցախաղերի համար: Եվ Գերմանիայի հավաքականից Թոմաս Մյուլլերը, Մանուել Նոյերը, Մաթս Հումելսը արդեն «նախազգուշացված» էին կախարդից: Երևի այս անգամ կախարդանքը բումերանգի պես հարվածեց բրազիլացիներին. խոստովանենք, որ նրանց պարտությունը խայտառակ էր: