ԿԱՄՐՋԵԼՈՎ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ՈՒ... ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ


Պետերբուրգցի գեղանկարիչ, ՌԴ նկարիչների միության վարչության անդամ, «Художник Петербурга» թերթի համահիմնադիր-գլխավոր խմբագիր Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ իր «Կարմիրի 60 երանգները» անհատական ցուցահանդեսով (Հայաստանի ազգային պատկերասրահում) առաջին անգամ էր պաշտոնապես ներկայանում հայրենիքում: Եվ, իր կյանքի 60 գարունների «քվինտ-էսսենցիայով»` ստեղծագործական 35-ամյա տարեգրության մասին հստակ պատկերացում ձևավորող մոտ 50 կտավներով, 20 օր անընդմեջ խայտագույն զրույց ծավալեց կերպարվեստասեր հայրենակիցների հետ:

Առաջին օրերի բուռն հետաքրքրասիրությունից խաղաղված «Կարմիրի 60 երանգների» լայնատարած տիրույթում ներգրավվում եմ անմիջապես: Ինձ համար նորահայտ գեղանկարչի հետ հոգեհարազատությունս որսում եմ 10-ամյա ընդմիջումով նրա վրձնած «Կարմիր ծաղիկներ` կարմիր ֆոնին» և «Երաժշտության բնությունը» տարաչափ կտավների ցայտուն արտահայտչականությամբ: Գեղանկարիչ Աշոտ Խաչատրյանի «ինքնությունը» միաժամանակ փորձում եմ համակողմանի բացահայտել 1979-2000թթ. արված 4 ինքնադիմանկարներով, «Եռանկարով»: Անզեն աչքով էլ նկատելի է դիմանկարներ ստեղծելու նրա խորաթափանց հմտությունը: Ոչ միայն սեփական «եսի», այլև հանրաճանաչ հայազգի քանդակագործ, կենդանի դասական Լևոն Լազարևի և հուզառատ դաշնակահարուհի Պոլինա Ֆրադկինայի կերպավորումներն են հմայում` իրենց տարաշերտ բնութագրականությամբ: Մարդ արարածը բնության կերտվածք, տեր ու զարդ է ներկայանում Խաչատրյանի ֆիգուրատիվ ու կոմպոզիցիոն մի շարք աշխատանքներում: Երբեմն էլ պարզապես այնպես է ձուլվում մայր բնությանը, որ սևեռուն դիտարկմամբ է միայն հնարավոր լինում տարանջատել գունառատ բնաշխարհից:

Հայկական թեմաներով արված «Դարից` դար», «Մթնշաղ. հայկական գյուղ», «Մեր հոգիների զանգերը», «Գեղարդավանք», «Երեք կանայք», «Հորինվածք` եկեղեցով», «Պատմության ստվերները» և այլ կտավներում գեղագիտական յուրընկալմամբ են արտահայտված պետերբուրգցի հայ արվեստագետի հոգում դաջված բախտորոշ կենսափուլերն իր ժողովրդի: Ամենամռայլ ու վերացական պատկերներում անգամ հայկական արևի ջերմությունն եմ զգում:

Չեմ հասցնում ամբողջացնել «Կարմիրի 60 երանգների» տևական զննումներս, երբ անսպասելիորեն հայտնվում է մեր ազգային պատկերասրահում պարփակված գանձերն ամենօրյա շրջայցերով ուսումնասիրելուց չհագեցող Աշոտ Խաչատրյանը: Սարյանի ու Մինասի արժանի հետնորդի լուրջ հայտով կյանքի 60-րդ գարունը ամենայն պատասխանատվությամբ Հայաստանում նշանավորող գեղանկարչի հետ չեմ կարող չկիսել իր ստեղծագործության ընտրանուց ստացածս տպավորություններս:

- Իմ աշխարհընկալման գեղանկարչական գունապնակում կարմիրը առանձնակի կարևորություն ունի: Հնարավոր չէ համեմատել կարմիրի երանգները սևի, կապույտի, կանաչի երանգների հետ: Շա´տ բարդ գույն է: Նկարիչ ընկերներիցս շատերի մոտ ընդամենը ներկի արժեք է ստանում: Իմ համառ պրպտումներով և տասնամյակների փորձառության համոզմունքով` կարմիրի երանգները կյանքի ամենաբնութագրական (դրական, թե բացասական) նրբիմաստներն են արտահայտում` վախ, կիրք, ուրախություն, տագնապ, մտերմություն, օտարում... Նկատե՞լ եք, թե ի˜նչ գեղեցիկ է հրդեհվող տունը կամ ժայթքող հրաբուխը: Սահմռկեցուցիչ գեղեցիկ, մինչդեռ մոխրացում, կործանում է ենթադրում: Միաժամանակ, կարմիրը սիրո, բուռն զգացմունքների, վառվռուն լուսավոր ապրումների արտահայտչականությունն է նաև շեշտադրում: Մի խոսքով, կյանքն` իր բոլոր հակադրամիասնություններով: Միայն թե գունային անցումները պիտի կարողանաս ասելիքիդ համահունչ ստանալ:

Առաջին հայացքից, տարագիր հայի բազմիցս կրկնված մի պատմության տպավորություն է թողնում Սարդարապատ գյուղից սերող նախնիների և Արարատյան հարթավայր բնօրրանի արևի ջերմությունը հոգում անթեղած Աշոտ Խաչատրյանի կենսապատումը: Տակավին մանչուկ` նկարչական շնորհներ է ցուցանել, որոնք լուրջ ուշադրության են արժանացել հանրակրթարանի 2-3-րդ դասարաններում սովորելիս: Այդուհանդերձ, դժվարացել է ճեղքել ժամանակի կրթամշակութային հաստատությունների փշապատնեշները: Մասնագիտության «տեխնիկական այբուբենին» հիմնովին տիրապետել է Երևանի կիրառական արվեստի ուսումնարանում: Ավելին իմանալու ջանադրութ յամբ երկամյա պարտադիր զինծառայությունից հետո ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետ: Երկու տարի ուսանելուց հետո հետևել է իր կայացման ապագայով լրջորեն մտահոգված Չուբարյանի և Հունանյանի խորհրդին ու ընկերոջ հետ 1979-ին մեկնել Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Լենինգրադ:

Սահմանափակ էին Գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցների «նստարանները»: Ուստի, օտար քաղաքում համեստագույն օթևանի ու հանապազօր հացի կարեվեր խնդիրները հոգալու հնարը դժվարությամբ գտնելուց հետո, ազատ ունկնդիրն է դարձել Ուգարովի, Նեպրինցևի, Վալցևի: Վերջինիս այնքան է գրավել Աշոտ Խաչատրյանի բնատուր դեկորատիվ գունամտածողության ուրույն արտահայտչականությունը, որ ընդդիմացել է ակադեմիական կրթություն ստանալու նրա համառությանը: Գործնակա նում է փաստորեն կլանել վարպետների կարևորագույն դասերը: Երբևէ որևէ մեկին չընդօրինակելով` կամրջել է իրեն հոգեհարազատացած անհատների արվեստանոցների բացահայտած առեղծվածները: Փուլ առ փուլ յուրացրել ու մեկտեղել է բարձր գեղարվեստի բոլոր կարևորագույն ժամանակները: Անընդմեջ զարգացրել է կատարողական տեխնիկան ու նկարել` իրենում ի ծննդենե բնավորված տաք հայկական գույներով: Օտարերկրացիներին չափազանց դուր էին գալիս նրա գունային իմաստուն գամմաներով ստեղծված կտավները: Առանց սակարկելու գնում էին ու արժանապատիվ ապրելու ու արարելու խթան դառնում: Այսպիսով, շատ կարճ ժամանակում աշխարհասփ յուռ հարյուրավոր մասնավոր հավաքածուները համալրվեցին պետերբուրգցի հայ գեղանկարչի տաքսիրտ ստեղծագործություններով: Միջազգային ճանաչման աշխարհագ րությունը տարեցտարի ընդլայնվում էր: Հյուսիսի սառույցն էլ շուտով, հասարակական-քաղաքական հայտնի հեղաբեկումներով, տեղի տվեց:

Գիտեք, պետերբուրգյան ճահիճն ահավոր հզոր կլանող հատկություն ունի` ուղիղ իմաստով: Նկատի ունեմ քաղաքի ճահիճների վրա կառուցված լինելը,- շարունա կում է անկեղծանալ Աշոտ Խաչատրյանը:- Չկտրվելով Հայաստանից, որտեղ իմ ծնողներն են, հարազատները, ես երբևէ չմտածեցի թողնել Պետերբուրգը: Արմատներից կտրվես` կչորանաս: Ինչպես տեսնում եք, Արարատյան դաշտի արևն ուժգին շողշողում է իմ հոգու անդրադարձ նկարներում: Իմ փոքրիկ Հայաստանը ստեղծեցի ցրտաշունչ ու խոնավ Հյուսիսում, հայրենական սերմերից ու շիվերից շքեղ մի այգի աճեցրի, որի խնամքն հիմա էլ տրամադրում է, ստեղծագործական լիցքեր հաղորդում մեծ արվեստանոցիս: «Իմ փոքրիկ Հայաստանում» հաճախ է հնչում հայկական երաժշտություն, հատկապես` Լուսինե Զաքարյանի հոգևոր երգը, արվեստակից: Հայրենակից մտերիմներս այստեղ կենդանի դաշնամուրային նվագ էլ են ունկնդրում, մշակութային հախուռն քննարկումներ ծավալում: Հիմա նույնիսկ ուրախ եմ, որ ակադեմիական կրթություն չստացա, չկաղապարվեցի: Իմ աշխատասիրությամբ, իմ ինքնությամբ ճանաչում գտա, դարձա անսպառ ասելիք և ուրույն աշխատաոճ ունեցող պետերբուրգցի հայ գեղանկարիչ:

-Յուրաքանչյուր նկարիչ 95-100 տոկոսով պետք է տիրապետի նկարելու արհեստին,- ամփոփում է մեր մտերմիկ զրույցը Աշոտ Խաչատրյանը:- Սա նախապայմանն է ստեղծագործելու, քանի որ ամեն նկարում երևում է արհեստավորի վարպետությունդ, հոգուդ հարստությունը, հետամտածդ գեղագիտությանը արժանավորությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ