ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ


Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում դեռևս չեն մարել «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի ավարտական ակորդները: Հայաստանցի երաժշտագետներն ու արվեստասերները մեկ ամիս շարունակ անմիջականորեն հաղորդակցվեցին երաժշտության և կերպարվեստի դասական գոհարների մեկտեղված հմայքին: Տասնյակ հարյուրավոր մշակութասերներ կրկին հնարավորություն ունեցան թարմացնելու համաշխարհային կերպարվեստի մեր ունեցած ամենախոշոր գանձարանի ծանոթ ցուցանմուշներից շատերի խունացած տպավորությունները: Նույնիսկ` բազմազբաղները: Սրահի մուտքի դիմահայաց պատերին այս անգամ ցուցադրված էին Դալիի և Կանդինսկու տասնյակ մանրակերտ աշխատանքներ: Մեծադիր որմնանկարների «հայացքներով» անսովոր իմաստավորում էին ստանում համերգների ընդմիջումները:

6 բարձրաճաշակ համերգներից բաղկացած տոնահանդեսը «երաժշտական խաչմերուկների փառատոն» որակվեց: Ավստրիական, շվեյցարական, հրեական երաժշտության ուշագրավ նմուշներն առանձնակի տպավորիչ էին դառնում հայ և օտարազգի ճանաչված երաժիշտների կատարումներով, կատարողական արվեստի նոր մունետիկների հայտնությամբ: Այս առումով «առաջնեկը» «Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկներ» ծրագրում ջութակահարներ Լաիդա Ալբերտիի (Իսպանիա) և Միխայլո Զախարովի (Ուկրաինա/Ավստրիա), ալտահար Գայանե Միրզոյանի ու թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանի (Հայաստան/Ավստրիա) և դաշնակահար Կարինե Հովհաննիսյանի համատեղ ելույթն էր:

Արտասովոր հնչողությամբ ներկայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների երաժշտական ընտրանին: Իրենում գենետիկորեն հայ-հրեական մշակույթ ները միավորող վարպետ ջութակահար-կոմպոզիտորի երկերը ենթաշերտերի թափանցիկ երևակմամբ էր ընկալվում ժամանակակից կոմպոզիտորների հմուտ մեկնաբան Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենանվագով:

Մշակութային նոր «երկխոսության» լուրջ հայտ էր նաև «Ազգային պատկերասրահի» ավարտական համերգը:

«Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկները» միավորել էին հայ և շվեյցարացի կին երաժիշտներին` մեծահամբավ Պի-Չի Չիենի «գլխավոր դիրիժորությամբ»: Երեկոյի առաջին անակնկալը վաղ հասակում եվրոպական հեղինակավոր երաժշտախմբերում հաստատված թայվանուհու ներշնչված մասնակցությունն էր Առնո Բաբաջանյանի «Վեց պատկերի» մեկնաբանությանը: Պի-Չի Չիենը իր բարձրարվեստ թավջութակային մենանվագով մատուցեց փառատոնի պատվավոր հյուր Ֆաբիան Մյուլլերի «Յոթ երգող քանդակները»:

Առաջին անգամ հայկական հողին ոտք դրած շվեյցարացի կոմպոզիտորն ամեն կատարման վերջնավարտին համերգահարթակ էր բարձրանում: Ստացած տպավորութ յունից շփոթահար` դժվարանում էր հիացական բառեր գտնել` շնորհառատ հայուհիներին իր խանդավառ երախտագիտությունը լիահունչ արտահայտելու համար: Իրենց սրտառուչ երգով սիրելի ուսուցչի` Ռաֆայել Հակոբյանցի անունն էին ապրեցնում Կոմիտասի անվան բարձրագույն երաժշտակրթարանի նրա սաները` Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս): Նորաթուխ երգիչների թախծոտ խանդավառությունը, Էլլա Մելիք-Հուսյանի դաշնամուրային նվագակցությամբ, կրկնապատկում էին օպերայինի ավագ խաղընկերները` Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո) և Նունե Բադալյանը (սոպրանո): Հոգևոր երաժշտության հայ-ռուսական յուրատիպ խաչմերուկում արվեստասերներն անակնկալ հանդիպում ունեցան «Սաղմոսերգու» արական նորաստեղծ երգչախմբի հետ, որի հիմնադիր խմբավար` Վահե Բեգոյանի արտիստական նկարագրում հիանալիորեն «խաչվում էին» էին գործնականում թրծված կրոնական, գեղանկարչական և վոկալ բարձրակարգ մասնագիտացումները:

Հոբելյանական երաժշտահանդեսի վերջին անակնկալը մատուցեց ՀԵԸ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը: Հայաստանի երաժիշտների միությունը (ՀԵԸ) իր բարձրագույն գնահատականով` Կոմիտասի հուշամեդալով էր պարգևատրում «Արվեստների պատկերասրահի» հիմնադիր նվիրյալներին` նախագահ Մարիամ Շահինյանին և տնօրեն Գարիկ Նազարյանին: Հատկանշական է, որ Վարդապետի ծննդյան 135-ամյակի կապակցությամբ ստեղծված այս հուշամեդալի առաջին ասպետը մեր անզուգական կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն է, ով մինչ իր երկրային կեցության վախճանը ամենայն պատասխանատվությամբ էր կատարում «Ազգային պատկերասրահ» ամենամյա միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ