«Հոգու ճակատագրերը»` մարդու մաշկի մեջ


Կաշեկազմ գրքերը հարգի են եղել բոլոր ժամանակներում, բայց մարդու մաշկը գրքի կազմ դարձնելը կարծես դուրս է պատկերացումներից: 19-րդ դարի ֆրանսիացի գրող Արսեն Հուսայեի «Հոգու ճակատագրերը» աշխատությունը, սակայն, հենց այդ բիրտ մեթոդով է կազմված` մարդու մաշկով: Դա վերջերս հայտնաբերել են հետազոտողները` Հարվարդի համալսարանի գրադարանում ուսումնասիրելով հինավուրց գիրքը: Իրենց կարծիքը նրանք պնդել են 99,9 %-ով:

Հեղինակը իր գիրքը անվանել է «Խորհրդածություններ հոգու և կյանքի մասին` մահից հետո»: Ինչպես տեղեկացրել է CNN-ը, 1880-ական թվականների կեսերին Հուսայեն այս աշխատությունը նվիրել է իր բժիշկ ընկերոջը` Լյուդովիկ Բուլանդին: Սա էլ գիրքը «փաթաթել» է հոգեկան հիվանդությամբ տառապած և կաթվածից մահացած իր հիվանդներից մեկի մաշկով: Սարսափելի այս արարքի առնչությամբ Բուլանդը գրքում բացատրություն է գրել.

- Այս գիրքը մարդկային հոգու մասին է. այն արժանի է մարդկային կազմի:

Այսօրվա բոլոր չափանիշներով անմարդկային այս քայլը նախորդ դարերում փաստորեն այնքան էլ արտառոց չի համարվել: Օրինակ, 16-րդ դարից հայտնի են դեպքեր, երբ հանցագործների խոստովանությունները փաթեթավորվել են հենց իրենց` մաշկահան արված դատապարտյալների մաշկով: Ավելին, հիշատակվել են դեպքեր, երբ մարդը խնդրել է այդ կերպ «անմահացնել»` ի հիշատակ հարազատներին ու մերձավորներին: Նույն բժիշկ Բուլանդը վկայություն է թողել, որ իր գրքերի հավաքածուում մարդու կաշեկազմ մեկ ուրիշ գիրք էլ է եղել: XVII դարի այդ գիրքն այժմ գտնվում է Լոնդոնի Ուելքոմի գրադարանում:

Տարիներ առաջ Հարվարդի համալսարանի պաշտոնաթերթում գրվել էր, որ գիտական հաստատության հավաքածուում առնվազն 3 «մարդակազմ» գիրք կա: Սակայն հետազոտությունները հերքեցին 2-ի վարկածը. դրանք գառան կաշվից էին, իսկ այս մեկը իսկապես մաշկից:

Ավելի սարսափազդու այլ պատմություն էլ կա հիշատակված. նիգերական Օնիչա քաղաքի իշխանությունները փակել են հյուրանոցին առընթեր ռեստորանը, ուր մարդու մսից ուտեստներ են մատուցել: Ռեստորանին կից օժանդակ շինությունում ոստիկանությունը մարդու երկու գլուխ և ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերել: