Պուտինապատկեր ոսկյա iPhone-ներ


Երկրի ղեկավարին այսօրինակ «հաճոյաբանություն» պատվիրողներին հասկանալու համար նրանց հոգեբանության կրողը պետք է լինես:

Ուրեմն ավելի լավ է` երբեք չհասկանաս դրանց: Բայց նման արտադրանքի սպառողներին էլ դժվար է հասկանալ: Պետության առաջնորդի նկարը գլխավերևում կախող պաշտոնյաներին մի կերպ կարելի է հասկանալ` եթե այդ նկարի կողքին պետության մյուս խորհրդանիշներն էլ կան` դրոշ, զինանշան: Իսկ ընդամենը ձեռքի պիտույք հանդիսացող հեռախոսի վրա երկրի ղեկավարի պատկերն ի՞նչ կարող է հուշել: Դիցուք` նա և՞ս ձեռքի գործիք է, խոսելու և լսելու պարագա՞: Թե նրա պատկերակիր հեռախոսով խոսելիս դու ավելի ազնվանում ես ու քեզ ապահո՞վ զգում...

Հեռանանք ենթադրությունների անշնորհակալ ոլորտից և արձանագրենք փաստը:

 

Առժամանակ առաջ ՌԴ նախագահի պատկերներով շուկա նետված մարզաշապիկներն, ասում են` արագ սպառվեցին: Տրամաբանությունը հուշում է, որ դրանք երիտասարդները պետք է կրեն. ուրեմն այդ ջահելները սիրում են իրենց առաջնորդին, եթե իհարկե դրանք կրելու են ոչ թե առաջնորդին ներկայանալու համար:

Իսկ օրերս CΖviΖr-ը մեկ օրում ամբողջությամբ վաճառել է Պուտինի դիմանկարով ոսկյա iPhone 5s-երի առաջին խմբաքանակը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության մամլո հաղորդագրությունը: Վաճառքի հանված 42 սարքերի գնորդների շարքում, ինչպես և ենթադրելի է, եղել են իշխանավորներ և խոշոր ընկերությունների ղեկավարներ: Ի դեպ, Պուտինի դիմանկարից բացի, 18 կարատ ոսկու շերտով պատված iPhone 5s-ի վրա նաև ՌԴ հիմնից մի հատված է փորագրված: Դե, գինն էլ մատչելի է գնորդների համար` 147 հազար ռուբլի: Բայց այս գնորդների անունները չեն նշվում: Այսպես կոչված այդ «պուտինֆոններն» արտադրվել են ընդամենը 44 հատ, որոնցից 2-ը հանձնվել է օրինական տիրոջը` Վլ. Պուտինին:

«Պուտինֆոնների» թողարկումը գնահատվում է որպես Ռուսաստանի հետ իտալացի ոսկերիչների համերաշխության նշան:

- Վլ. Պուտինը դարձել է չափի, հավակնոտության, վստահության, անշեղ առաջ ընթացողի մարմնավորում,- համոզված են ընկերությունում: