Որպեսզի վերականգնվի ժողովրդի հավատը


Վերջին տարիներին, հատկապես 2008-ի նախագահական ընտրություններից հետո, քաղաքական կուսակցությունների դերն ու կշիռը, ընդհանուր առմամբ` վարկանիշը, սկսեց անկում ապրել: Իսկ վերջին մեկ տարում, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների դերակատարությունը հայաստանյան քաղաքական կյանքում կարելի է համարել աննշան:

Պարզ օրինակ: Եթե 5-6 տարի առաջ որոշ կուսակցությունների կազմակերպած հանրահավաքներին մասնակցում էին մի քանի հազարը, ապա այսօրվա դրությամբ ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվում իրենց զանգվածային միջոցառումներին մասնակից դարձնել մի քանի հարյուրից ավելի մարդ: Շատերը այս երևույթի պատճառ են համարում կուսակցություններում առկա տարաձայնությունները, պառակտումներն ու տրոհումները, որոնք նախկինում երբեք այսպիսի ավերիչ ծավալով ու արագությամբ չեն ընթացել:

Այո, կուսակցությունները զարգանալու և հզորանալու փոխարեն` ակնհայտ հետընթաց են ապրում` թավալգլոր մոտենալով անկման վտանգավոր եզրագծին: Սակայն վերոնշյալը, թերևս, ոչ թե պատճառ է, այլ` հետևանք: Հետևանք վերջին տարիներին տեղի ունեցած այնպիսի զարգացումների, որոնք էապես ազդել են քաղաքական ուժերի, ժողովրդի մտածելակերպի, դիրքորոշումների, հոգեբանության վրա:

Ի՞նչն է փոխվել:

Եթե կարճ ձևակերպելու լինենք` ժողովրդի գործոնը: Անցյալում ժողովուրդն իր տրամադրությամբ ու կեցվածքով, թեկուզ որոշակիորեն հոգնած և մասնակիորեն կոտրված, դեռ շարունակում էր մնալ քաղաքական գործոն:

Վերջին մեկ տարում, պատկերավոր ասած` ժողովուրդը «հրաժարական» ներկայացրեց: Այսօր մենք համոզվում ենք, որ նրա հրաժարականը, գոնե այս փուլում վերջնական է: Կարող են հակադարձել` իսկ քաղաքացիական շարժման ակտվիստներին մի՞թե կարելի է անտեսել: Բայց նրանք ընդամենը մի քանի տասնյակ երիտասարդներ են և խոշոր հաշվով ի զորու չեն եղանակ ստեղծել:

Եթե քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքները իրար հետևից տապալվում են, ապա դա ոչ թե պետք է չարախնդալու տեղիք տա, այլ պետք է մտահոգի բոլորին` և´ իշխանություններին, և´ ընդդիմադիր ուժերին, և´ երկրի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու: Այս «մեռյալ» իրավիճակը եթե պայմանավորված լիներ երկրի ներքաղաքական իրադրությունը չապակայունացնելու, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար ժողովրդի քաղաքական գիտակցության բարձր մակարդակով, ապա դա կարելի էր նույնիսկ ողջունել: Բայց ցավոք սրտի խնդիրն այն է, որ ժողովրդի քաղաքական, քաղաքացիական, հասարակական կյանքի «զարկերակը» կանգ է առել:

Իշխանություն-քաղաքական ուժեր-ժողովուրդ կապի խզվածությունը օրինաչափորեն պետք է հանգեցներ այս տխուր իրավիճակին: Եվ արդեն այդքան ծեծված բարոյահոգեբանական մթնոլորտ կոչվածն էլ նույնքան օրինաչափորեն պետք է աղտոտվեր:

Ժողովրդի ետ քաշվելու արդյունքում` քաղաքական ուժերը զրկվում են միակ, բնական հենարանից. ասել է թե` իշխանափոխություն իրականացնելու և իշխանության գալու, թեկուզ չնչին հեռանկարից: Առաջանում է մտայնություն, որ պայքարելն անիմաստ է, սեփական գաղափարներն ու ծրագրերն իրագործելն` անհնարին: Այդ կերպ և հակառակը մտածողների միջև գոյանում է անդունդ, որը չի հաղթահարվում` դառնալով պառակտումների պատճառ:

Ինչ վերաբերում է իշխանություն-ժողովուրդ անջրպետին, ապա այն առաջացել է 1992-ից սկսած և տարեցտարի խորանալով` հասել է մեր օրերը: Հասարակությունը նոր վարչապետին և նոր կառավարությանը «էն գլխից» թերահավատորեն է վերաբերվում: Ամեն ինչից բացի, գործում է անցյալի իրողություններից առաջացած իներցիոն անվստահությունը: Ինչպիսի արժանահավատ փաստարկներ էլ ներկայացվեն ժողովրդին, միևնույն է, ենթագիտակցական հարթությունում նա չի հավատալու և մատնացույց անելով անցյալը, ասելու է.

- Եթե նախկին 12 վարչապետները վատն են եղել, ապա ի՞նչ երաշխիք, որ 13-րդը լավն է լինելու:

Եվ իսկապես, եթե նախկինների օրոք ժողովուրդը ոչ մի շոշափելի տեղաշարժ չի զգացել թե´ իր կենսամակարդակի բարձրացման, թե´ օրինականության և կարգուկանոնի հաստատման ուղղությամբ, ապա որքան էլ աչառու լինի նրա կարծիքը նորերի նկատմամբ` պետք է օրինաչափ համարել: Աչքը տեսածից է վախենում: Դառը փորձը ժողովրդին վաղուց ստիպել է չհավատալ ոչ մի խոստումի կամ ծրագրի և առաջնորդվել միայն «Մինչև աչքովս չտեսնեմ, ձեռքովս չշոշափեմ, չեմ հավատա» սկզբունքով:

Նոր կառավարությունը, եթե ուզում է հաղթահարել իշխանությունների հանդեպ տարիներով արմատացած թերահավատությունը և արժանանալ հանրության վստահությանը, ապա պետք է հնարավորինս կարճ ժամկետում կարողանա նրա համար տեսանելի և շոշափելի դարձնել դրական առաջընթացը: Այսպես կոչված «քողարկված» առաջընթացներից ժողովուրդը հոգնել է, և թվերով, տոկոսներով նրան համոզելն անհնար է:

Ամենակարևոր խնդիրն, իհարկե եղել և մնում է մարդկանց հավատի վերականգնումը: Որքան էլ դժվար լինի, իշխանությունները պարտավոր են լուրջ առաջընթաց ապահովել` թեկուզ առանց ժողովրդի հավատի և վստահության: Տեսանելի դրական տեղաշարժ նկատելուց հետո միայն ժողովուրդը դուրս կգա «կոմայից» և նեցուկ կլինի իշխանություններին:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ