ԲԱՆԱԿԸ ԾՆՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐՈՒՑ


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խիստ, գործնական կերպարը նրա իրական նկարագրի առերևույթ կողմն է միայն: Գեներալ-գնդապետը բարեկիրթ, մարդկանց հանդեպ ընդգծված հարգանքով այր է, անմիջական, հաճելի զրուցակից: Նաև զգացմունքային է, կարեկից ու բարեսիրտ: - Պարոն գեներալ, հասարակությանը քաջ ծանոթ է բարձրաստիճան զինվորականի Ձեր կերպարը` խիստ, կտրուկ, հավասարակշիռ, պրագմատիկ... Մարդիկ գիտեն Ձեր անցած ուղին` ամփոփված թվեր-փաստերի հակիրճ տողերում, և ես ուզում եմ, որ այս զրույցը քիչ թե շատ բացահայտի Միքայել Հարությունյան մարդուն ու այն ամենը, որ չի գրվում ծառայական ինքնակենսագրության մեջ: - Ես ծնվել եմ Շամախու շրջանի Սաղյան գյուղում: Աշխարհի ամենագեղեցիկ անկյունն է` լեռներով, այգիներով, անտառներով, հնամենի, վեհաշուք եկեղեցով: Իմ ծննդավայրում տղամարդիկ պինդ էին, խստաբարո, ոգեղեն, կանայք հպարտ էին, անկոտրում, առաքինի: Չորս տարեկանում կորցրի հորս, սակայն ինձ միշտ ուղեկցել են նրա բարի անունը, համբավն ու հեղինակությունը: Հայրս հեռացավ` թողնելով ինձ մի անսահման հպարտություն ու պարտք իր հիշատակի առջև: Մայրս միայնակ իր ուսերին առավ յոթ երեխա մեծացնելու ծանր բեռը: Նա խիստ կին էր, հազվադեպ էր ժպտում, մեզ երես չէր տալիս ու պատժում էր, երբ չարություն էինք անում: Մենք վախենում էինք մայրիկից: Ես հետո հասկացա, որ ստիպված էր իր սերը, քնքշանքը, թուլությունը պահել ներսում. չէ՞ որ պիտի փոխարիներ տան տղամարդուն, երեխաների հորը: Մեր ընտանիքում բոլոր երեխաները փոքրուց աշխատել են, մեծերը խնամում էին փոքրերին, օգնում էին հոգալ տան կարիքները: Ես դժվար մանկություն եմ ունեցել, դպրոցում սովորելուն զուգընթաց աշխատել եմ կոլտնտեսությունում: - Ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց զինվորական դառնալու որոշումը: - Մեր գյուղը շատ զինվորականներ է տվել: Նրանք հաճախ էին գյուղ գալիս, զինվորական համազգեստով այնքան վեհաշուք էին, մյուսներից տարբերվում էին իրենց բարեկրթությամբ, պահվածքով, մեծ հեղինակություն ունեին գյուղացիների շրջանում: Եղբայրս ծովային էր, կարծում եմ` նրա օրինակը նույնպես որոշակի դեր խաղաց: Երբ դպրոցն ավարտեցի, արդեն որոշել էի, որ պիտի զինվորական դառնամ: Ընդունվեցի Բաքվի համազորային բարձրագույն զինվորական ուսումնարան: Այդ ռազմական կրթօջախում առարկայական-մասնագիտական գիտելիքներ տալուց բացի մեծ ուշադրություն էին դարձնում ապագա զինվորականի բարոյահոգեբանական որակներին, կամային հատկանիշներին և մարդկային նկարագրին: - Որտե՞ղ կայացավ Ձեր առաջին մկրտությունը որպես զինվորական: - Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության անցա Գերմանիայում, սկսեցի որպես դասակի հրամանատար: Երբեք չեմ մոռանա իմ առաջին զինվորական հրամանատարին` կապիտան Կուզնեցովին և միշտ երախտապարտ կլինեմ: Նա ոչ միայն հրաշալի զինվորական էր, այլև լավ ուսուցիչ, դաստիարակ ու հոգեբան: Նա ինձ հուշեց զինվորական աստիճաններով բարձրանալու դժվար, բայց ճշմարիտ ու ազնիվ ճանապարհը, դժվարությունները հաղթահարելու գաղտնիքը: - Ո՞րն է այդ գաղտնիքը: - Միշտ ձգտել առավելագույնին, չբավարարվել ձեռք բերածով, միշտ ասել` ավելին կարող եմ: Լինել վճռական ու չվախենալ սխալվելուց: Ապրել զինվորի կյանքով, հնարավորինս մոտ լինել նրա ներքին աշխարհին, հոգսերին ու ուրախություններին, դառնալ վստահելի հենարան զինվորի համար: Իմ ղեկավարած ստորաբաժանումները միշտ բարձր արդյունք էին ցույց տալիս, և այդ հաջողությունը զինվորի հանդեպ ճիշտ վերաբերմունքի շնորհիվ էր: - Կարողանո՞ւմ էիք համատեղել ծառայական բարձր արդյունքները անձնական հաճույքների հետ` ընկերներ, զվարճանք, սեր... - Երբ դասակի հրամանատար էի, ոչ միայն հասցրեցի սիրահարվել, այլև նույնիսկ ամուսնացա: Կինս` Սվետլանան, եղբորս հարևանուհին էր, վաղուց էի ճանաչում, սակայն հերթական այցիս ժամանակ հանկարծ ուրիշ աչքերով նայեցի նրան, տեսա բաներ, որ մինչ այդ չէի նկատել. կանացի հմայք, բարություն, մեղմություն, ինտելեկտ, բարեկրթություն... իդեալական կնոջ իմ չափանիշները մինչ օրս չեն փոխվել, ինձ դուր են գալիս օջախի կանայք, ովքեր լավ տնտեսուհի են, մաքրակենցաղ են, աշխատասեր, կարող են խնամել իրենց ամուսիններին, զբաղվել երեխաների դաստիարակությամբ: Կինը օջախի դեմքն է, նա է տանը եղանակ ստեղծում: Երախտապարտ եմ, որ կինս իր վրա է վերցնում նաև այն հոգսերը, որ ես էի պարտավոր հոգալ: Կինս իմ ընկերն է, որի հետ քննարկում եմ ամեն ինչ, իհարկե, բացի ծառայությանն առնչվող հարցերից: - Փորձեցի Ձեզ պատկերացնել տանը, բայց միտքս չկարողացավ ազատվել հրամանատարի կերպարից: - Ես տանը հրամանատար չեմ, փորձում եմ չլինել: Ես շատ քիչ ժամանակ եմ ունեցել առնչվելու աղջկաս ու զույգ տղաներիս հետ և պարտավոր եմ այդ ժամանակն օգտագործել նրանց հայրական սեր ու ջերմություն տալու համար: Մենք անընդհատ տեղից տեղ ենք տեղափոխվել: Աղջիկս ծնվեց Գերմանիայում, տղաներս` Մոսկվայում, երբ սովորում էի Ֆրունզեի անվան ակադեմիայում: Հետո եկանք Երևան, ծառայության անցա մոտոհրաձգային դիվիզիայում: 1981-83 թթ. Քութայիսում էինք, հետո` կրկին Երևան. ծառայության անցա 7-րդ բանակում որպես բաժնի պետ և շտաբի պետի տեղակալ: Հետո ինձ գործուղեցին ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում սովորելու: Ավարտեցի 88-ին, և 150 շրջանավարտներից ընդամենը երկու հոգու` ինձ և մի ռուս սպայի, հրավիրեցին դասախոսելու ակադեմիայում: - Ազգային պատկանելությունը զինվորական առաջխաղացման ընթացքում որևէ դեր չունե՞ր: - Հայերը շատ հարգված էին զինվորական ասպարեզում: Մենք ռազմական ավանդույթներ ունեցող ազգի համարում ունեինք: 1992 թ. խորհրդային բանակում 5000-ից ավելի հայ սպա ու գեներալ էին ծառայում: Այդուհանդերձ, եթե հայը ցանկանում էր նկատվել զինվորական ասպարեզում, պիտի ակնառու առավելություններ ունենար: Գլխավոր շտաբի ակադեմիայում դասախոսելը շատ պատվաբեր էր, մեզ համար ստեղծված էին ապրելու լավագույն պայմաններ` հարմարավետ բնակարան, բարձր աշխատավարձ, արտոնություններ: - Եթե չեմ սխալվում` հենց այդ աշխատանքն էլ թողեցիք և վերադարձաք Հայաստան. այն էլ` այնպիսի դժվար ժամանակաշրջանում, երբ տնտեսությունը կաթվածահար էր, շրջափակված երկիրը և° պատերազմում էր, և° բանակ էր ստեղծում: Ամեն ինչ թողեցիք և սկսեցիք զրոյից... - Հայրենիքի զգացողությունն այնքան բնական է, որքան, ասենք, ծնողասիրությունը, սերը զավակների հանդեպ: Իմ հայրը ղարաբաղցի է, ու ես անչափ սիրում եմ այդ հողը: 1991-ին Մոսկվայում հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, նա ասաց, որ բանակաշինությանն օգնելու և պատերազմում հաղթելու համար զինվորական մասնագետներ են պետք... Հայաստան գալու որոշումը ծնվեց առանց երկար-բարակ մտածելու: - Դուք կանգնած եք բանակի կազմավորման ակունքներում: Ի՞նչն էր գլխավորը, ո՞րն էր հաղթանակի առաջին պայմանը: - Ամեն հայ բանակին տվեց ինչ կարող էր: Չկար տարակարծություն, կասկած, երկընտրանք: Բանակն զգում էր ժողովրդի ջերմ ու սիրառատ շնչառությունն իր թիկունքին: Բանակը ծնվեց ժողովրդի սիրուց, ոչ մի վրիժառություն, վախ կամ ատելություն չի կարող այդպիսի խիզախ և ուժեղ ծնունդ արարել: Բանակը ծնվեց մեր բարոյական ոգուց, մեր նվիրական գաղափարներից, որոնք անհամեմատ գերակա էին ու տեղ չէին թողել նյութապաշտության, մանրախնդրության ու անձնական նկրտումների համար: Բանակը ծնվեց ճշմարտությունից ու հանուն ճշմարտության, և նրա հաղթանակը աներկբա էր արցախյան պատերազմում: - Ինչպիսի՞ն է մեր բանակն այսօր, եթե այն համեմատենք հզոր երկրների բանակների հետ: - Արդար չէ 14 տարեկան պատանուն դնել հարյուրամյա փորձառություն ունեցողի կողքին: Մեր բանակը ավելի ուժեղ է ու կազմակերպված, քան տարածաշրջանի մյուս երկրներինը: Զարգացած երկրների բանակները տեխնիկապես ավելի հագեցած են, մեծ գումարներ են ծախսում ռազմական կրթության վրա, ավելի շատ են վճարում իրենց սպային, մեր երկրի զինվորը շատ ավելի դիմացկուն է, արագ է յուրացնում, արագ է կողմնորոշվում, ունի ստեղծագործ միտք, վճռական է, մեր զորախմբերը միշտ էլ բարձր արդյունք են ցույց տալիս ՆԱՏՕ-ի չափանիշներով: Աշխարհը շատ արագ է զարգանում. այսօրվա նվաճումները վաղը կարող են ժամանակավրեպ համարվել, այդ պատճառով էլ բանակը պետք է ամեն օր տքնաջան աշխատանքով ձգտի նոր ձեռքբերումների, պետք է անդադար կատարելագործվի, որպեսզի հետ չմնա ժամանակի ռիթմից: Մենք խնդիր ունենք ոչ թե լոկ համեմատվել տարածաշրջանի երկրների հետ, այլ բավարարել այն պահանջները, որոնք դրված են քաղաքակիրթ երկրների բանակների առջև, այսինքն` առաջնորդվել համաշխարհային չափանիշներով: - Ադրբեջանը տարեցտարի ավելացնում է ռազմական ծախսերը, նրանց սպաները կրթվում են ԱՄՆ-ի, Թուրքիայի լավագույն ակադեմիաներում: Մի՞թե այսքանից հետո չեն կարողանում հասնել մեր բանակի մակարդակին: - Ռազմական ծախսերն ու արտերկրներում կրթվելը շատ քիչ է ուժեղ ու ոգեղեն բանակ ստեղծելու համար: Ադրբեջանի բանակը պարտված բանակ է, այնտեղ զինվորի սրտի հետ խոսում, քաջություն են քարոզում մարտադաշտից փախած զինվորականները, այդ բանակում ծառայում են այն մարդկանց երեխաները, ովքեր կորուստներով ու գլխահակ են վերադարձել կռվից: Ադրբեջանցիները դեռ պիտի հաղթահարեն անվստահության բարդույթը: Հեշտ չի լինի, ոչ մի գումար չի օգնի դրան: - Պարոն գեներալ, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին ուղղված քննադատությանը. ո՞վ կարող է ասել` Դուք սխալվում եք: - Ամեն ոք, բայց անպայման պիտի հիմնավորի: Մերկապարանոց, ինքնանպատակ քննադատություն չեմ ընդունում: Ինձ համար մարդկային ամենամեծ արատը անսխալականության բարդույթն է: - Մոտ 12 տարի ղեկավարում եք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, սովորե՞լ եք մարդկանց «ոչ» ասել առանց հույզերի ու ապրումների: - «Ոչ» ասելիս անպայման բացատրում եմ, թե ինչու: Մարդը պիտի հասկանա, որ մերժումն անտարբերության արդյունք չէ, այլ այդպես է պահանջում օրենքը: Երբեմն առիթ է լինում ընտրություն կատարել արդարության և գթասրտության միջև: Ես պարտավոր եմ նման դեպքում նախապատվությունը տալ արդարության: - Պատահե՞լ է, որ ձեռք բարձրացնեք սպայի կամ զինվորի վրա: - Նույնիսկ դասակի հրամանատար եղած ժամանակ այդպիսի թուլություն չեմ ունեցել: - Պարոն գեներալ, երբեմն ցանկություն չի՞ առաջանում ազատվել բարձրաստիճան զինվորականի մշտապես ձիգ, հավաք, օրինակելի կերպարից, մի քիչ անփույթ լինել, «անկարգություն» անել, խոսել առանց երկար-բարակ մտածելու, մի քիչ ավելի խմել... - Դուք մի կարծեք, թե ես միշտ այս կերպարի մեջ եմ: Դուք ինձ չեք տեսել քեֆի ժամանակ: Սիրում եմ խմել ընկերներիս հետ: Բայց ճիշտ եք. մինչև վերջ լիցքաթափվել-թուլանալ չի հաջողվում: Երբ քեզ ճանաչում են, երբ կողմնակի աչք կա վրադ, հիշում ես, որ քո կերպարով մարդիկ կարծիք են կազմում բանակի և զինվորականության մասին ընդհանրապես... Որ ժամանակ ունենամ, ընտանիքս կառնեմ - կառանձնանամ բնության գրկում կամ մի քանի օրով կփակվեմ տանը, կկտրվեմ բոլոր հոգսերից, պրոբլեմներից ու զանգերից...

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ