Անչափահասներին` մզկիթն արգելվում է


Լեռնային ոչ մեծ երկիր Տաջիկստանում նորերս ընդունված օրենքը երեխաների և դեռահասների կրոնական դաստիարակություն թույլ չի տալիս` նրանց արգելելով աղոթել մզկիթներում: Ակնհայտ է, որ դրա նպատակը երկրում տարածվող արմատական իսլամիզմի ազդեցությունը սանձահարելն է: Նախագահ Էմոմալի Ռահմոնն օրենքը վավերացրել է անցյալ երեքշաբթի` հաշվի չառնելով ընդդիմադիր իսլամական վերածննդի կուսակցության, ինչպես նաև մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների ոչ մեծ խմբի բողոքները, որոնք այդ օրենքը համարել են քաղաքացիների անձնական կյանքին անթույլատրելի միջամտություն: Դուշանբեի կառավարությունն արդեն վաղուց չի թաքցնում մտահոգությունը իսլամական արմատականության ազդեցության առնչությամբ: Այդ ազդեցությունը թեև առայժմ բավական ծածուկ է, սակայն երկիրը բավական ընդարձակ և հաճախ անվերահսկելի սահման ունի Աֆղանստանի հետ, որի սահմանամերձ տարածքներում տաջիկերեն խոսող էթնիկ տաջիկներ են ապրում, ինչը հեշտացնում է փոխհարաբերվելու խնդիրը: Աշխարհիկ և մուսուլման բնակչության հարաբերությունների լարվածությունը Խորհմիության միջինասիական այս հանրապետությունում հին պատմություն ունի` սկսյալ ցարական կայսրության կողմից տարածաշրջանի բռնազավթումից: ԽՍՀՄ փլուզումից հետո, 1992-1994 թթ. այդ լարումը թեժ պայքարի վերածվեց: Արդյունքում ավելի քան 100 հազար մարդ զոհվեց, շուրջ 1 միլիոնն արտագաղթեց: Սրանք լուրջ ցուցանիշներ են` 7 միլիոն բնակիչ և ծայրահեղ թույլ տնտեսություն ունեցող պետության համար: Երկրի առաջին դեմքի կողմից հավանության արժանացած օրենքը պատժամիջոցներ չի նախատեսում այն ծնողների համար, ովքեր իրենց երեխաներին թույլ կտան մզկիթներ այցելել: Սակայն տաջիկական ոստիկանությունը բավականաչափ «կոշտ» է ու հետևողական և թույլ չի տա օրենքը խախտել: Միաժամանակ, ինչպես նշել է իտալական il Manifesto¬ն` նույն ոստիկանությունը կոռումպացված է և առաջինն ինքն է խախտում օրենքը` երբ իրեն ձեռնտու է. օրինակ թմրանյութերի առևտրի դեպքում: Նույն հրատարակությունը կասկած է հայտնել, որ նման արգելքը հազիվ թե արդարացնի կառավարության հույսերը: Նախկինում ևս տարբեր միջոցներ ձեռնարկվել են: Դիցուք` մի քանի «ապօրինի» մզկիթների փակումը, կամ այլ երկրների (հատկապես Իրանի) մուսուլմանական համալսարաններում սովորելու մեկնածների բռնի վերադարձը: